
Դեպի Սուրբ երկիր. վառելիքի հետեւի՞ց
Երեկ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարեց, որ «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ից կսկսի Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթի իրականացումը: Իր հերթին ընկերությունը նշեց, որ այսօրվանից հնարավոր է տոմսեր գնել 247 եվրոյից սկսած գներով: Չվերթները կիրականացվեն հինգշաբթի եւ կիրակի օրերին:
Այս պահին ընկերության պաշտոնական կայքի ամրագրման համակարգում արդեն ցուցադրված է Թել Ավիվի ուղղությունը: Մինչեւ մայիսի 17-ն ուղիղ չվերթներ չկան, փոխարենը կարելի է Իսրայել մեկնել Թբիլիսիով: Բայց ահա «Զվարթնոցի» կայքում առաջին չվերթը մայիսի 17-ի փոխարեն նշված է ապրիլի 23-ին:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլին, հայկական ավիացիայով հետաքրքրվողները սպասում էին, որ տեւական ընդմիջումից հետո պիտի կրկին հայկական օդանավ բարձրանար երկինք՝ իրականացնելով խոստացված առաջին չվերթը դեպի Թել Ավիվ: Մայիսի 21-ին նշանակված չվերթը կայացավ, սակայն ոչ թե «Արմենիայի», այլ դրա վրացական գործընկեր «Georgian Airways»-ի միջոցով: Վերջինիս օդանավը ժամանեց Երեւան, այստեղ հավաքեց ուղեւորներին ու վերադարձավ Թբիլիսի, որտեղից էլ թռավ Թել Ավիվ: Այնտեղից վերադառնալիս օդանավը կանգառ կատարեց Երեւանում, ապա ուղեւորվեց Թբիլիսի: Այսպես «Արմենիան» մի քանի չվերթ կազմակերպեց դեպի Իսրայել վրացական օպերատորի միջոցով:
Խոսակցություններ կային, որ «Արմենիան» ինքը չի կարողանում ուղիղ թռչել Իսրայել, որովհետեւ վերջինս խոչընդոտներ է հարուցում հայկական ընկերության առաջ: Բանն այն է, որ ժամանակին Թել Ավիվից Երեւան էր թռչում իսրայելական «Arkia Israeli Airlines» ընկերությունը, որը հետո դադարեցրեց չվերթները: Ըստ այդմ՝ Իսրայելը չէր ցանկանում, որպեսզի հայկական օպերատորը թռչի իր տարածք՝ չունենալով տեղական մրցակից: Այսինքն՝ այդպես իսրայելցիները փորձում էին պաշտպանել իրենց տնտեսական շահերը: Նշենք, որ ի տարբերություն Երեւանի՝ Թբիլիսիի հետ կապը կայուն է եղել. այսօր էլ Վրաստանի ու Իսրայելի խոշորագույն քաղաքներն ուղիղ չվերթներով իրար են կապում վրացական կողմից՝ «Georgian Airways»-ը, իսկ իսրայելական կողմից՝ «Arkia»-ն, «El Al»-ը եւ «Israir Airlines»-ը:
Նախկինում Թել Ավիվ թռչում էր նաեւ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որն իր թռիչքները մեկնարկեց 2010-ի մարտին: Ընկերության անկումից հետո հենց «Արմավիայի» աշխատողները քննադատում էին դրա տիրոջը, որ Միխայիլ Բաղդասարովն առանց տնտեսական հիմնավորման չվերթներ էր բացում: Խոսքը նաեւ Թել Ավիվի մասին էր: Խոչընդոտներից մեկն այն է, որ Իսրայելի դեսպանությունը մեր երկրում տեղակայված է հենց Իսրայելում՝ Երուսաղեմում (1993-2007 թթ. Թբիլիսիում էր), իսկ ՀՀ դեսպանությունը Իսրայելում գտնվում է այդ երկրի երբեմնի թշնամի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում (Եգիպտոսում ՀՀ դեսպանը համատեղության կարգով մեր դեսպանն է նաեւ Իսրայելում): Երկրներն ունեն նաեւ պատվո հյուպատոսներ, որոնք, սակայն, մասնավորապես վիզա ստանալ ցանկացող քաղաքացիներին չեն կարող օգտակար լինել: Իսրայելում մեր պատվո հյուպատոսը Ցոլակ Մոմջյանն է (Երուսաղեմ), իսկ Իսրայելինը ՀՀ-ում՝ Աշոտ Շախմուրադյանը (Երեւան), ով գործարար պատգամավոր Կարեն Շախմուրադյանի եղբայրն է:
Չնայած պարզ է, որ Իսրայելը, մասնավորապես՝ Երուսաղեմը, հայտնի ուխախտեղի է աշխարհի քրիստոնյաների համար, բացի դրանից՝ այն հայտնի է նաեւ որպես բժշկական տուրիզմի լավագույն վայրերից մեկը, եւ հատկապես ամռան ամիսներին կարելի է կայուն ուղեւորահոսք սպասել դեպի Իսրայել: Փոխարենը, կարելի է ենթադրել, որ Իսրայելից Հայաստան ժամանողները հիմնականում կլինեն այնտեղի մեր հայրենակիցները: Անշուշտ, պետք է դիտարկել նաեւ Թբիլիսիի մրցակցային տարբերակը: Եթե «Արմենիան» հայտարարում է, որ տոմսի նվազագույն գինը 247 եվրո է (մոտ 265 դոլար), ապա «Georgian Airways»-ն առաջարկում է ավելի էժան սակագին (այս պահին համացանցում կարելի է ամրագրել 237 դոլար արժողությամբ հետադարձով տոմս մայիսի 29-հունիսի 2 ժամանակահատվածի համար):
Տուրիստական նշանակությունից զատ՝ Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթը կարող ենք դիտարկել նաեւ այլ տեսանկյունից: Իսրայելը Հայաստանի համար վերջին տարիներին ավիակերոսինի գլխավոր մատակարարն էր: Այս մասին «Հետքը» գրել է: Գաղտնիք չէ, որ հայկական ավիաօպերատորների համար ուղղություններ ընտրելիս (ոչ միշտ, իհարկե) որոշակի նշանակություն է ունենում նաեւ այն, թե արդյոք հնարավոր է տվյալ երկրում էժան ավիավառելիք լիցքավորել: Օրինակ, երբ «Արմավիան» թռչում էր նավթագազային երկիր Թուրքմենստան՝ Աշգաբադ, դժվար չէր հասկանալ, թե որն է ընկերության գլխավոր թիրախը:
Անցյալ տարեվերջին, հիշեցնենք, «Արմենիայի» տերերը բողոքեցին «Զվարթնոցի» թանկ գներից, չնայած հետո ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, թե օդանավակայանը 50 տոկոս զեղչ է տրամադրել հայկական ընկերությանը: Այսօր «Արմենիան» թռչում է Ռուսաստան, Իրան, շուտով՝ Իսրայել, երկրներ, որոնք Հայաստանի համար վառելիքի մատակարար են եւ որոնց օդանավակայաններում կարելի է էժան ավիակերոսին լիցքավորել: Հայկական ավիաընկերությունների այս վարքագիծը միանգամայն ըմբռնելի է: Իսկ թե ինչպիսի հաջողություններ կունենա Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությունը, ցույց կտա ժամանակը, ավելի կոնկրետ՝ չվերթների շարունակականությունը:
Առաջին լուսանկարում՝ Թել Ավիվը (www.thenorman.com)
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել