
Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց կալանքի դեմ վերաքննիչ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին «Հետք»-ին ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: Որոշումը ստանալուց հետո փաստաբանը պատրաստվում է այն բողոքարկել Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ կալանքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի է ունեցել երեկ, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու:
Փաստաբանն ու վերջինիս պաշտպանյալը համարում են, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն ու նրան կալանավորելու որոշումն անհիմն է և դատարանից պահանջում էին ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն, ինչպես նաև երկու այլ անձինք ձերբակալվել են մարտի 22-ին, ապա կալանավորվել մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:
Այս գործի շրջանակներում ձերբակալվածներից մեկը Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն է: Փաստաբան Քալաշյանի խոսքով՝ իրեն հայտնի է նաև երրորդ անձի ինքնությունը, սակայն Բաբայանը նրան չի ճանաչում: Թե ով է երրորդ անձը, Քալաշյանը չհայտնեց:
Մեկնաբանել