
«Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկերի կառուցումը մեկնարկել է
Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում նախատեսված հէկերի շինարարությունն ընթացքի մեջ է: Չնայած այն հանգամանքին, որ հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելն օրենքով արգելված է, այդուհանդերձ, հէկերի շինարարությունը մեկնարկել է: Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ հէկի շինարարությունն ընթացքի մեջ է:
«Արև և ջուր» ՍՊԸ-ն նախատեսել էր երկու՝ «Քաջարանց», «Կապուտջուղ» փոքր հէկերի կառուցումը, որոնք, նախագծերի համաձայն, տեղակայված են լինելու «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում:
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մշակվում է Ողջի գետի Կապուտջուղ վտակի վրա «Կապուտջուղ» փհէկի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծ: Այն կառուցվելու է Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքի վարչական տարածքում:
«Արև և Ջուր» ՍՊԸ-ն փոքր հէկը նախատեսում է կառուցել Կապուտջուղի վրա, որը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռներից և Քաջարանից 8 կմ արևմուտք՝ ձախից միախառնվելով Քաջարանց գետին՝ գոյացնում է Ողջի գետը: Կապուտջուղի երկարությունն էլ 9,5 կմ է:
Նախագծում նշվում է, որ «Կապուտջուղ» հէկը գտնվելու է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Հէկի կառուցվածքները տեղադրված են լինելու արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին, և գործունեության իրականացումն առնչվելու է բնության հատուկ պահպանվող տարածքին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Կապուտջուղ» հէկին:
Հիշեցնենք, որ «Քաջարանց» հէկի համար բնապահպանության նախարարությունը, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն էր տվել: Թե ինչ եզրակացություն կտա երկրորդ հէկի կառուցման նախագծին նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարած կառույցը, պարզ կդառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ «Արև և Ջուր» ՍՊԸ-ի բաժնետերերը պատահական մարդիկ չէին, այլ պետական համակարգում աշխատող անձինք ու նրանց հարազատները: Ավելի մանրամասն՝ այս հոդվածում:
Հ.Գ. Հրապարակումից հետո բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ ընկերությունն արդեն ունեցել է ջրթույլտվություն վայրկյանում 30 լիտր էկոլոգիական թողքի համար, սակայն դիմել է ջրթույլտվությունը վերանայելու` նախարարության առաջարկով 50 լ/վրկ դարձնելու համար, ինչն արդեն հաստատվել է:
Մեկնաբանել