
Նոր Արմավիր գյուղի մանկապարտեզում երեխաները քնելու տեղ չունեն
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի մանկապարտեզը մայիսի 2-ին պետք է բացվի: Սակայն այն բավարար գույք չունի. երեխաներին անհրաժեշտ են մահճակալներ' իրենց պարագաներով, սեղան-աթոռներ և այլ տեսակի գույք:
Նոր Արմավիր գյուղում 13 տարի ընդմիջումից հետո անցյալ տարի մանկապարտեզ էր բացվել: Մանկապարտեզի հաշվապահ Նարինե Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի կարողացել են բարերարների միջոցով լուծել մանկապարտեզի խաղալիքների և մի քանի այլ հարցեր: Երեխաների սննդի հարցը լուծում են նրանց իսկ վճարած ամսական 5000 հազար դրամի հաշվին, չնայած մեկ երեխային ամսական մոտ 18000 դրամ է անհրաժեշտ: Որոշ ծախսեր համայնքապետարանն է վերցրել իր վրա:
Մահճակալներ անցյալ տարի երեխաների ծնողներն են բերել, բայց հաշվապահն ասում է, որ երեխաները այդ դեպքում էլ զրկվում են իրենց տանն ունեցած քնելու տեղից. «Դրա պատճառով երեխան գիշերը տանը քնում է քրոջ կամ եղբոր հետ»:
50 երեխա է հաճախելու մանկապարտեզ: Նարինե Ավետիսյանն ասում է, որ շատ ավելի երեխաներ կան, որոնք ուզում են հաճախել, բայց տարածքը փոքր է. «Ավելին են գալիս, բայց չենք ընդունում, էդքան տեղ չունենք»:
Մեկնաբանել