Էդիկ Պօղոսեանը A’ Design Awards հեղինակավոր մրցույթի բրոնզե մրցանակակիր
Դիզայներ-նկարիչ Էդիկ Պօղոսեանի «Սպասող մարդու օրագիրը» արժանացել է աշխարհում ամենամեծ եւ տարածված միջազգային մրցաշարի դիզայնի եւ վիզուալ կոմունիկացիայի բաժնի բրոնզե մրցանակին։
Ինչպես վկայում է մրցույթի արդյունքներն ազդարարող պաշտոնական կայքը․ «գրանցման հայտերը ստուգվել եւ անանուն գնահատվել են հեղինակավոր եւ փորձառու ժյուրիի հանձնաժողովի կողմից՝ կազմված գիտնականներից, մամուլի նշանավոր անդամներից, դիզայնի մասնագետներից եւ փորձառու գործարարներից, որոնք մեծ ջանքեր են գործադրել եւ ուշադրություն դարձրել բոլոր մանրամասներին յուրաքանչյուր նախագծի քվեարկության ժամանակ»:
Էդիկի հետ վերջին անգամ, երբ հանդիպեցինք Համազգային թատրոնում՝ Սերժ Մելիք-Հովսեփյանի «Սովորական օր» մոնոներկայացման պրեմիերիայի ժամանակ, ձեռքիս իր ստեղծած ազդաթերթն էր (աֆիշան)։ Հարցրեց՝ ինչ ասոցիացիաներ ունեմ, ասացի, որ ներկայացման դեպքում կարեւորագույն ինֆորմացիաներից մեկն է․ «ասում» է՝ արի ու տես՝ ինչ է լինելու։ Ես եկել եմ․․․ Եվ քանի որ հարցադրումն արել էր, ու ես մտածելու բան ունեի, արդեն ուշ երեկոյան, նստած եմ սրճարանում՝ ազդաթերթը սեղանի վրա։ Մի տղամարդ եկավ, կանգնեց, նայեց, ասեց՝ կարող եմ վերցնել, նկարը դուրս գալիս է։ Վերցրեց ու գնաց։ Այդ ժամանակ այլ շատ հարցերի շուրջ էլ սկսեցի մտածել, ու լավ է, որ հիմա կա առիթ, որի շուրջ զրուցելու ենք Էդիկի հետ։
-Նախ ուզում եմ սկսել այնտեղից, որտեղից սկսվում է նկարելու, տեքստի կամ մտքի յուրահատուկ հոլովման այդ պահը, երբ ինքդ հասնում ես մի տեղ, որտեղից սկսվում է պատկերը։ Ինչո՞վ է պայմանավորված այդ ընթացքը, ի՞նչն է մղվում առաջին պլան ու ի՞նչն է հակասությունների առիթ դառնում։
-Աֆիշայի պատմությունը շատ անակնկալ էր եւ ուրախալի։ Վերջին տարիներին, ավելի հստակ` «Սպասող մարդու օրագիր» գրքի շնորհանդեսից հետո, հասել եմ այն համոզմունքին, որ ստեղծման հոլովման պահը, ինչպես ձեւակերպեցիր, սկսվում է ոչ թե այն պահից, երբ ստեղծվում է պատկերը, այլ երբ սրճարանում, ստեղծածդ գործն անծանոթ մարդու աչքը գրավում է, եւ իր մեջ արթնանում է դա ունենալու ցանկությունը։
Ստեղծման ընթացքում, իմ կարծիքով, առաջին պլան են մղվում հեղինակի ամբիցիաները, որ հիմնականում ավելի մեծ են լինում, քան պատվիրատուի ցանկությունները, կամ սպառողի ակնկալիքները։ Հակասություն է առաջանում բացառելու պահին, եւ այս հակամարտությունը` ամբիցիայի եւ բացառելու, տարեցտարի, ստեղծագործությունից ստեղծագործություն թեժանում ու ծանրանում է։ Մեկ այլ հակասական բանն էլ այն է, որ հեղինակը գնալով ավելի թեթեւ սրտով է մասնակցում հերթական ավելի թեժ մարտին։ Բնականաբար այս թեթեւսրտությունը շատ տարբեր է այն թեթեւսրտությունից, որ ունեցել ես, երբ առաջին անգամ ստեղծում էիր։
-Ինֆորմացիան, որը որ փոխանցում է պատկերը, մինչ վերածվելը նյութի, գծի, գույնի, արդեն իսկ ունի իր որոշակի նշանային համակարգը, վերագրումները։ Որքանո՞վ է այդ պատկերը հղում տալիս արդեն իսկ եղած տեքստին կամ նյութին, որից որ պետք է առաջանա պատկերը կամ ձեւավորումը։ Այլ կերպ ասած՝ ինպե՞ս է տեքստի կամ նյութի ազդեցությունը փոխակերպվում պատկերի․ կամ փոխակերպվու՞մ է արդյոք։
-Տեսողական հաղորդակցության (visual communication) դաշտում ուզած–չուզած պետք է փոխակերպվի։ Այդ փոխակերպումը չի կատարվում համակարգչի էկրանի դիմաց նստած կամ ծրագրային հմտությունների շնորհիվ, ինչպես շատերին է թվում, այլ այդ ամենը կատարվում է մինչև այդ, տարիների ընթացքում կուտակած գիտելիքով, ընդ որում ոչ թե ակադեմիական, այլ բացարձակ անհատական փորձի/ձախողումների վրա հիմնված գիտելիքի։ Եթե թույլ տաք, ասեմ` սեփական գոյաբանական գիտելիքի։ Այդ պատճառով ոչ մի հստակ մեթոդ չի կարող ունենալ այս ամենը։ Օրինակ` ինձ համար թարգմանելը, ժանգոտ մետաղների թափոնների մեջ դեգերելը այդ գիտելիքներն ստանալու միջոցներից են։ Շատ կարեւոր է նաեւ դիզայնի խնդրի ճիշտ ձեւակերպումը։
Երբեմն պետք է ռիսկի գնալ, փորձել անցնել տեքստի նշանային համակարգը, վերագրումները, կարծրացած ասոցիացիաները, որ, գուցե, գտնես բոլորովին նոր մեկնաբանություն այդ ամենի համար։
Միայն այդ ժամանակ է, որ կարելի է հույս ունենալ` ինչ–որ նոր բան ես անում։ Սահմանները միշտ հետ մղել, բայց միեւնույն ժամանակ չի նշանակում, որ սահմանը ցանկացած ձեւով հատելը ստեղծագործ արարք է։ Այնուամենայնիվ, կապող թելը հիմնական տեքստից չպիտի կտրվի։
-«Սպասող մարդու օրագրի» մասին շատ են խոսել, գրվել են բազմաթիվ անդրադարձներ նախ իրականական պոեզիայի թարգմանվելու, ապա մի ամբողջական գրքով, հետաքրքիր ձեւաչափով ներկայացնելու մասին։ Գրքի ձեւավորման ու կոնցեպտի մասին էլ է խոսվել, բայց ոչ այդչափ։ Այսօր, երբ գիրքն արդեն մրցանակ է ստանում նախ որպես «օրագրային ձեւավորման» նմուշ, եւ արժանանում նման բարձր մասնագիտական գնահատականի, ուզում եմ հարցնել գրքի կոնցեպտի եւ ձեւավորման հիմնական ընթացքից։
-Գրքի 365 թվի ու Հաֆեզի շուրջ մշակված գաղափարին արդեն ծանոթ եք։ Ձեւավորման համար հետազոտության եւ ոգեշնչման նյութ են եղել իրանական ձեռակերտ հուշանվերները, լիտոգրաֆիա եղանակով տպագրված իրանական հին գրքերի տիտղոսաթերթերը, գրաֆիկան, սփռոցների վրա տպագրելու համար պատրաստված փայտյա կնիքները, մզկիթների ու ճարտարապետության մեջ առատորեն օգտագործված թանաքագույնը եւ այս բոլորի մեջ օգտագործված բուսական նախշերը։ Խնդիրն այս ամենը հավաքելն էր, ու ժամանակակից տեսք տալը։ Դարձնել դարերի շերտերի արանքից ծնված, ժամանակակից շունչ ունեցող հուշանվեր, ամենօրյա զարդ, ամենօրյա ապրում։
Միջուկի դիզայնը մինիմալ է, քանի որ ցանկություն չկար դիզայնով ծանրաբեռնել։ Նույնիսկ հեղինակների անուններն են շատ հեռու տեքստից եւ փոքր։ Ընթերցողը չպետք է շեղվի կոնտեքստից։ Գիրքը ցանկ չունի, համարակալումը զուտ հուշում է, որ ընթերցողը տարվա որ օրվա բանաստեղծությունն է կարդում։ Բնականաբար ընտրության եւ հերթականության մեջ միտում կա․ ընթերցողը պիտի իրեն ազատ զգա գիրքն ընթերցելիս. սկիզբ, ավարտ եւ կուլմինացիա չզգա, անընդհատ հուզական եւ մտավոր վայրիվերումների մեջ լինի։ Անկախ բանաստեղծությունների պարզ լեզվից՝ կարծում եմ՝ այս թրթիռն ու ազատությունը, անեզր սկիզբն ու անսահմանափակ վերջն է գիրքը սիրելի դարձրել։
Սահմանափակ տպաքանակն ու չվերահրատարակելու հստակ որոշումը, նույնիսկ թվային գրքի տեսքով, ինքնանպատակ չէր, դա դիզայնի մասն է, եւ մրցանակ բերեց ինձ։
Երբ առաջին անգամ մանկական «Ուրախ հեքիաթ» վերնագրով գիրք տեսա բրայլյան գրերով՝ ինձ համար անհասկանալի ուռուցիկ կետերով, ցնցվեցի, էջի սպիտակն ավելի սարսափելի թվաց, քան երբեւէ, ու անդարձ մի բան փոխվեց մեջս։ Այդ անբացատրելի զգացողությունով եմ թարգմանել բոլոր բանաստեղծությունները։
Այս նախաբանը նրա համար էր, որ ավելացնեմ` շատ կուզեի, որ գիրքը հրատարակեի նաև բրայլյան գրերով, ոչ միայն տեսողության խնդիրներ ունեցողների համար, այլ նաեւ այդ խնդիրը չունեցողների համար, որ հասկանալի դառնա` երբ չես տեսել սիրածիդ դեմքը, կամ ծաղկած բալենին ու բոսորագույնը սեփական աչքերով, ինչքան խորն ու լայն կարող է լինել առհասարակ պոեզիան, եւ հատկապես այդ գրքի ցանկացած տողը։ Եվ եթե դեմ չես, ուզում եմ այս առիթով դիմել հարգելի բարերարներին, որ օժանդակեն, ի կատար ածեմ այս գրքի հետ կապված իմ վաղեմի ցանկությունը` հասանելի դարձնել նաեւ տեսողության խնդիրներ ունեցող ընթերցողներին թեկուզ աուդիո սկավառակի տեսքով, քանի որ գիտեմ` բրայլյանով հրատարակելը թանկ հաճույք է։
-Միջավայրն ինչպե՞ս է ազդում ստեղծվող նյութի վրա։ Արդյո՞ք ստեղծման պահին այդ ազդեցությունն է առկա, արդյոք այն պարտադրում է իր կոմերցիոն պահանջն ու տրամադրությունը։
-Այս հարցին մի քիչ տարօրինակ օրինակով կպատասխանեմ։ Երբ Իրանում էի, պարսիկ ծանոթներս միշտ փորձում էին ինձ հետ հայերեն խոսել։ Հայաստանում ընկերներս փորձում են ինձնից պարսկերեն սովորել, կամ մի երկու պարսկերեն բառ փոխանակել։ Շփվելու համար միշտ այլընտրանքը հետաքրքիր է։ Դրա համար ես բազմատարրությունը, եւ գտնել դրա ճիշտ կիրառելու եզրը, համարում եմ շատ կարեւոր ձեռքբերում։
-Ռեժիմի անմիջական ազդեցության ու կառվարման, անընդհատ ճնշման տակ ստեղծելու ընթացքը, այդ ամենի շրջանցումներն ու խորությունը ինչպե՞ս են ազդում ստեղծման վրա։ Էդիկ Պօղոսեանն Իրանում եւ Հայաստանում։ Նման տարանջատում կարո՞ղ ես մտցնել նյութի մեջ։
-Նոր բան չեմ ասի, եթե ասեմ սահմանափակումներն ու ճնշումները միշտ են պարարտ հող հանդիսացել ստեղծագործ մարդկանց համար։ Այսինքն` սահմանափակումների շրջանցելու հնարքները բերում են բացառիկ ստեղծագործական արդյունքների։
Վաղուց է, որ տեղանքից ինձ անջատել եմ․ այսինքն` երկիրը կամ քաղաքը կարող են քիչ ազդեցություն ունենալ ինձ վրա ստեղծագործության առումով։ Էներգիաների, մոտիվների, նյութերի բացահայտում կարող է լինել, բայց այդ ամենը կրկին փակում եմ իմ ներսում, անջատում արտաքին աշխարհից, սպասում նստվածքին, հետո թորում եմ, զտում ու բացառում, որ երբեմն ինքս էլ մոռանում եմ՝ որտեղ է եղել ակունքը։
Վերջերս մի հետաքրքիր բան պատահեց․ ասամբլաժներիցս մեկի մեջ նկատել են հայկական մանրանկարչություն, որի մասին ստեղծելիս երբեւէ չեմ մտածել։ Հիմա հետ եմ գնում, տեսնեմ` դա որտեղից է հայտնվել իմ մեջ։ Սա հենց այն գիտելիքն է, որի մասին սկզբում խոսեցի։
Միջավայրը կարող է կոմերցիոն առումով շատ ազդեցիկ լինել։ Օրինակ` Հայաստանում, եթե լիներ կոմերցիոն ավելի մեծ դաշտ (կամ թեմային առնչվող օրինակով` հրատարակիչ–ձեւավորող կապը ավելի նեղ մասնագիտական եւ ավելի բարձր մակարդակի վրա լիներ), հաստատ այլ պատկեր կունենայինք։ Կոմերցիոն դաշտում Էդիկ Պօղոսեանի դիրքը Իրանում եւ Հայաստանում, այո՛, տարբեր են։ Հայաստանն ավելի շատ, այսպես ասած, դիզայներներ ունի, քան կոմերցիոն դաշտ։
-Հարցադրումը, որ ընկած է ստեղծվող նյութի լուսանցքում, որը կա ստեղծողի կողմից, բայց կարող է երբեք չարտահայտվել։ Այդպիսի իրավիճակում ստեղծողը ինչպե՞ս է մոտենում նյութին։
-Երբ երիտասարդ էի, ու ավելի քիչ էր փորձս, ափսոսում էի։ Հիմա, ինչպես նշեցի բացառելու եմ գնում։ Լուսանցքում եմ թողնում մինչեւ իրենց հերթը գա այլ բան ստեղծելու առիթով։ Օգտագործվող գաղափարներն էլ փորձում եմ տարբեր շերտերի մեջ տեղադրել։ Դա թույլ է տալիս խուսափել շատախոսությունից, «անավարտ» թողնել գործը, հաղորդակցիդ համար բացահայտելու տարածք ստեղծել։
Ստեղծագործությունը հաջողված է ավարտվում հաղորդակցվողի շնորհիվ։ Ինչպես եղավ «Սպասող մարդու օրագիր» գրքի, եւ ինչպես դու արձանագրեցիր` «Սովորական օր» ներկայացման պաստառի պարագայում։
-Եվ վերջում, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել մրցանակի ազդեցության ու դրա շուրջ մտորումների մասին։ Ի՞նչ է իր հետ «բերում» կամ «վերցնում» մրցանակը։
A’ դիզայնի մրցանակը, լինելով ամենալայնամասշտաբն աշխարհում, կազմակերպչական մանրակրկիտ եւ խիստ մեխանիզմով, որի ժյուրիի կազմում կան 173 անդամ՝ տարբեր երկրներից եւ տարբեր մասնագիտություններով, իմ կարծիքով բավական բարձր հեղինակություն եւ օբյեկտիվություն է ապահովում։ Բնականաբար այս ամենից ես անբաժան չեմ մնում։ Հույս ունեմ այս առիթն ինչ-որ կերպ խթան կհանդիսանա միջազգային շուկա մտնելու։
Մրցանակը, վստա՛հ եմ, «կվերցնի» ինչ–որ բան, բայց դրա մասին չեմ ուզում մտածել։
Հ․Գ․ “A’ Design Award & Competition”-ի մրցանակակիրների ցանկն՝ այստեղ։
Էդիկ Պօղոսեանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։
Լուսանկարները՝ Ռազմիկ Ամիրխանյանի (iranprint.com, teck-dl.blog.ir)։
Էդիկ Պօղոսեանի լուսանկարը՝ Zenith Photo Studio-ի։
Մեկնաբանել