
Խստացվելու է հսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնարարել է՝ հետևողական վերահսկողություն սահմանել «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ:
Քաղաքապետի այս հանձնարարականը հաջորդեց վերջին օրերին մամուլում մի քանի անգամ բարձրաձայնված այն տեղեկությանը, որ «Վերնիսաժ»-ի ներսում շահագործվող երկու սննդի կետերը պատկանում են նրա տեղակալ Դավիթ Օհանյանին։
Տարոն Մարգարյանը աշխատակազմին հանձնարարարել է ՝ «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեությունը կանոնակարգել ավագանու անցյալ տարվա ընդունած որոշման պահանջներին համաձայն։
«Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ ժամանակացույցի` ավարտին է մոտենում «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը, չնայած վերակառուցումը որոշ հատվածներում երկրորդ անգամ է կատարվել, քանի որ ինչպես հայտնել էինք՝ շինարարի կատարած անորակ աշխատանքի պատճառով կրկին փոխվում են տոնավաճառի՝ ամիսներ առաջ տեղադրված սալիկները։
Մեկնաբանել