
Երեխաները լուսանկարների միջից պատմում են «մահացու խաղալիքների» մասին
Խաղալիքը ձեռքին աղջիկը նայում է աչքերիս: Աննկատ երկխոսություն է սկսվում: Տարիքը, որտեղից լինելը, մանկապարտեզում սոխով ճաշ չուտելը կամ քնել չսիրելու մաին հարցերն ավելորդ են դառնում: Ինչ-որ բան է փորձում հասկացնել առանց զգացական շեշտերի: Ավելի ուշ աջ ձեռքի վնասվածքն եմ նկատում: Աղջիկը լուռ է խոսում, առանց աղմուկի: Երբեմն լռությունը զրնգուն է դառնում, դարսում պերճախոս ձևակերպումները պատերազմի մասին, որոնք այդպես էլ բառակույտ են մնում:
![]() |
![]() |
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց լուսանկարիչ Գերման Ավագյանի «Մահացու խաղալիքներ» շարքը: 31 դիմանկար փակցված է կողք-կողքի: Երեխաներ կան, որոնք զոհված քրոջ կամ եղբոր լուսանկարն են բռնել: Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:
2002 թվականին լուսանկարիչ Գերման Ավագյանն իր կարմիր «Ժիգուլիով» շրջում էր Հայաստանի ու Արցախի գյուղերում: Գտնում էր երեխաների, պատանիների, ովքեր վիրավորվել էին պատերազմից հետո ականի պայթյունից կամ չպայթած արկերի հետ խաղալու հետևանքով: Եղել են նաև զոհեր:
![]() |
![]() |
Գերմանն ասում է, որ զոհված երեխաների ծնողներին, հարազատներին լուսանկարելն ամենաբարդն էր: Պատահել է, որ ծնողին լուսանկարել է զավակի գերեզմանաքարի մոտ:
Մոտ 2 տարում լուսանկարել է ավելի քանի 50 երեխայի: Դեպքերի կեսը, ըստ լուսանկարչի, եղել է մեծահասակների մեղքով: Պատերազմի ժամանակ տուն տարած զինամթերքը կամ դրանք քաղաքային ու գյուղական աղբավայր նետելը ճակատագրական են եղել, մեծերը չեն մտածել, որ ռազմամթերքը կարող է հայտնվել երեխաների ձեռքում:
![]() |
![]() |
Գերման Ավագյանն ասում է՝ պետք չէ վախենալ «վախենալ» բառից, երեխաները պիտի վախենան ձեռք տալ ականներին: Իսկ դա կարող է ասվել ոչ թե բառերով կամ զգուշացումներով, այլ ականներից վիրավորում ստացած երեխաների դիմանկարներով:
1999-ին մի ամերիկուհուց պատվեր էր ստացել լուսանկարելու կույրերի դպրոցի երեխաներին: Հիշում է, որ լուսանկարելիս խոսում էր երեխաների հետ, պարզվել է, որ մի քանիսը տեսողությունը կորցրել են ականի պայթյունից: «Մտածեցի, եթե մի դպրոցում այսքան երեխա կա, որ ականի պայթյունից կորցրել է տեսողությունը, Հայաստանի մասշտաբով ինչքան պիտի լինի»,- ասում է լուսանկարիչը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Դիմանկարների շարքն անելուց հետո մտածում էր գիրք հրատարակել և բաժանել դպրոցներին, դա չիրականացավ, փոխարենը «Մահացու խաղալիքներ» շարքը ցուցադրվեց Հայաստանի 30-ից ավելի գյուղերում: Ռեժիսոր Արա Շիրինյանը ֆիլմ է նկարել այս մասին: Այն ցուցադրվել է նաև Արցախում: Գերմանն ասում է՝ կցանկանար դիմանկարների շարքը ևս ցուցադրվեր Արցախում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցման բաժնի ղեկավար Աննա Ասլանյանն ասում է, որ 1994-ից մինչ օրս 584 հոգի տուժել է ականների պայթյունից, վերջերս ստացել են ևս 40 տուժածի տվյալներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է այս կենտրոնի միջոցով, իսկ ծրագիրը ֆինանսավորել է Ճապոնիայի կառավարությունը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ըստ Գերման Ավագյանի՝ Շիրինյանի ֆիլմի ցուցադրությունից հետո մի քանի տարի ականի պայթյունից վիրավորման դեպքեր չեն եղել:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Համոզված է, որ ապրիլյան քառօրյայից հետո անհրաժեշտ է նորից ցուցադրել ֆիլմը: «Երեխաները մեծանում են, իսկ մենք չենք զգում, որ նոր սերունդ է եկել, որին ևս պետք է տեղեկացնել»,- ասում է նա:
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել