
Գագիկ Խաչատրյանի որդիները նոր վիլլա են կառուցում Լոս Անջելեսում
Ինչպես արդեն գրել ենք, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները ապրիլի 21-ին 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց առանձնատունը, որը 11 մլն-ով գնել էին 2010-ին: Այս վիլլան գտնվում է 355 South Mapleton Drive հասցեում: Տան գնորդ է գրանցվել «Kykl Bh S.A.» ընկերությունը:
Բացի սրանից՝ Խաչատրյանի որդիներից Գուրգենը 2011-ի օգոստոսի 5-ին 14,4 մլն դոլարով գնել էր մեկ այլ առանձնատուն, որը գտնվում է նույն փողոցի վրա՝ 530 South Mapleton Drive հասցեում: Վիլլան գրանցվել էր «Veto Trust»-ի եւ դրա կառավարիչ (trustee) Գուրգենի անունով:
Խաչատրյանների առանձնատները՝ 2015-ի մայիսի 2-ի դրությամբ
Հիշեցնենք, որ «Veto»-ի կառավարիչ է նաեւ եղբայրներ Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների մտերիմներից Աբրահամ Ստեփանյանը (Abraham Stepanian), ում անդրադարձել ենք առաջին հոդվածում: «Veto Trust»-ը գրանցվել է 2011-ի մայիսի 11-ին, ինչից 8 օր անց՝ մայիսի 19-ին, Գագիկ Խաչատրյանի որդիների գնած առանձնատունը (355 հասցեի) եղբայրների կողմից փոխանցվել է «Veto»-ին ու դրա կառավարիչ Ա. Ստեփանյանին, իսկ վերջերս, ինչպես ասացինք, վաճառվել է:
«WRH»-ն ու դրա վերադաս անձինք
Ինչ վերաբերում է 530 հասցեի տանը, ապա այն 2016-ի հունիսի 13-ին փոխանցվել է «WRH» ՍՊԸ-ին: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում փոխանցման գործարքը ներկայացված է իբրեւ «trustee’s deed (transfer)» (տես նկարում):
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ պարզապես տեղի է ունեցել գույքի փոխանցում թրասթից նշված ընկերությանը: «Veto Trust»-ի կողմից գործարքը, ըստ փաստաթղթերի, կատարել է դրա կառավարիչ (թրասթը մի քանի կառավարիչ կարող է ունենալ) Թեդ Թադեւոս Խաչատրյանը (Ted T. Khachatrian):
«WRH»-ն հիմնադրվել է 2016-ի փետրվարի 11-ին: Կալիֆոռնիայի պետքարտուղարի (ԱՄՆ-ում այս պաշտոնյան տվյալ նահանգի կնիքի ու պաշտոնական փաստաթղթերի պահապանն է) կայքի համաձայն՝ ՍՊԸ-ի տնօրենը նույն Թեդ Խաչատրյանն է, ում հասցեում էլ (Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք թաղամաս, 4241 Cahuenga Blvd, West Toluca Lake) գրանցվել է ընկերությունը: Corporationwiki.com տեղեկատվական բազայի համաձայն էլ՝ «WRH» ընկերության տերը մեկ այլ իրավաբանական անձ է՝ «A&S Management & Consulting» կորպորացիան, որի նախագահն Աբրահամ Ստեփանյանն է:
Այս ամենը նշանակում է, որ «WRH»-ն եւ Թ. Խաչատրյանը «Veto Trust»-ի ու Ա. Ստեփանյանի պես անմիջական կապ ունեն Գագիկ Խաչատրյանի որդիների հետ:
Ո՞վ է Թեդ Խաչատրյանը
Թեդ Խաչատրյանն էլ, ինչպես Ա. Ստեփանյանը, անշարժ գույքի մասնագետ է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ Լոս Անջելեսից է, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, անշարժ գույքի գործակալ է աշխատում «Dilbeck Real Estate» ընկերությունում, որտեղ բազմաթիվ այլ հայ գործակալներ կան: Ըստ գործատուի կայքի՝ Խաչատրյանը տնտեսագետ է, տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, հոլանդերենի (կարիերան սկսել է Ամստերդամում, Եվրոպայում ապրել է 16 տարի), աշխատում է «Dilbeck»-ի՝ Գլենդելի գրասենյակում:
Թե Թ. Խաչատրյանը, թե Ա. Ստեփանյանը Հայաստանի ֆինանսների նախկին նախարարի որդիների հետ գործընկերային հարաբերությունների մեջ են: Նրանց կապող ընկերություններից են 2014-ին Լոս Անջելեսում հիմնադրված «Westlife Real Estate Management» ՍՊԸ-ն եւ «ATG Investment Group» կորպորացիան:
530 հասցեի առանձնատան շինարարությունը
Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների մասին պատմող առաջին հոդվածում գրել էինք, որ 530 South Mapleton Drive հասցեի տան տարածքում շինարարություն է ընթանում:
«Google Earth» համակարգով կարելի է տեսնել արբանյակից արված նկարները, որոնցից վերջինն այս պահին թվագրված է 2016-ի հոկտեմբերի 19-ին (տես գլխավոր նկարում): Չնայած այս պատկերում կառուցապատումը դեռ ընթացքի մեջ է, այդուհանդերձ, հասկանալի է, որ ներկա շինությունն ավելի մեծ է, քան նախորդը:
Առանձնատները՝ 2016-ի հոկտեմբերի 3-ի դրությամբ
Հիշեցնենք, որ նախորդ առանձնատունը կառուցվել էր 1927-ին: Այն երկհարկանի տուն էր՝ 5 ննջասենյակով ու 6 լոգասենյակով: Տան մակերեսը 594 քմ էր, իսկ այժմ, հավանաբար, ավելի մեծ կլինի: 530 հասցեի ընդհանուր հողատարածքը 5220 քմ է:
Վերը ներկայացվածից կարելի է ենթադրել, որ Գագիկ Խաչատրյանի որդիները նոր տուն են կառուցում, որը հետագայում 355 հասցեի նման կարող է հայտնվել շուկայում ավելի թանկ գնով, քան ձեռք է բերվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել