
Գագիկ Խաչատրյանի որդիները 18,8 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի իրենց առանձնատունը
Երեկ՝ ապրիլի 21-ին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները վաճառել են Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում գտնվող իրենց շքեղ առանձնատունը: Գործարքի գինը կազմել է 18,8 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենն ու Արտյոմը, այս տունը գնել էին 2010 թ. օգոստոսի 6-ին՝ վճարելով 11 մլն դոլար: 2011-ին եղբայրներն իրենց վիլլան հավատարմագրային կառավարման էին հանձնել իրենց մտերիմ Աբրահամ Ստեփանյանին: 2016-ի հունիսի 17-ին տունը հանվել էր վաճառքի 35 մլն դոլարով: Գնորդ չլինելու պատճառով անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուն (Christophe Choo) մի քանի անգամ փոխել էր գինը: Վերջին անգամ դրա արժեքը 19.999.000 դոլար էր: Փաստորեն, վիլլան վաճառվել է «մի փոքր» ավելի էժան:
Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասի (Westwood) 355 South Mapleton Drive հասցեի տունը, հիշեցնենք, կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Տան մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ: Առանձնատունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն, ավտոտնակ:
Խաչատրյանները Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքից տունը գնել էին նույն Քրիստոֆ Չուի միջոցով: Եվ չնայած վաճառողները ցանկանում էին ստանալ 12,5 մլն դոլար, 2010-ին, ինչպես նշեցինք, կողմերը համաձայնության էին եկել 11 մլն դոլարի շուրջ:
Այս տան հարեւան վիլլաներում, ինչպես գրել ենք, ապրել ու ապրում են ամեիկյան շոու-բիզնեսի եւ գործարար աշխարհի հայտնի դեմքեր: Հիշեցնենք նաեւ, որ եղբայրներից ավագը՝ Գուրգեն Խաչատրյանը, առնչություն է ունեցել նշված տնից քիչ հեռու՝ 530 South Mapleton Drive հասցեում գտնվող մեկ այլ առանձնատան հետ: 2011-ի օգոստոսի 5-ին «Veto Trust»-ը եւ դրա trustee` հավատարմագրային կառավարիչ Գուրգեն Խաչատրյանը 14.400.144 դոլարով ձեռք էին բերել այս տունը: 2016-ի հունիսի 13-ին առանձնատունն անցել էր «WRH» ընկերությանը: Նշել էինք, որ դեռ 2016-ի սկզբին շինարարություն էր ընթանում ապամոնտաժված տան տարածքում: Այստեղ կառուցվել է նոր վիլլա:
Գուրգեն Խաչատրյանը «Հետքին» հայտնել էր, թե եղբոր հետ միլիոնավոր դոլարներ արժեցող տներ է ձեռք բերել բիզնես խնայողությունների, փոխառությունների ու վարկային միջոցների շնորհիվ:
«Հետքի» հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազը նյութն ուղարկել էր ԱԱԾ՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: Սակայն հետո դատախազությունը խմբագրությանը հայտնել էր, որ քննարկման արդյունքում ԱԱԾ քննչական վարչությունում 16.07.2016 թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Թե ԳԴ-ն, թե ԱԱԾ-ն հրաժարվել են խմբագրությանը տրամադրել մերժման որոշման պատճենը:
Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել