
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի ճնշումը կտրուկ բարձրացել է
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի զարկերակային ճնշումն այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կտրուկ բարձրացել էր:
Բարսեղյանը դատարան էր բերվել` մասնակցելու իր գործով դատաքննությանը: Դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացմամբ ու հետաձգվեց. Իշխան Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ ի վիճակի չէ մասնակցել նիստին:
Դատարան հրավիրված Շտոպօգնության բժիշկներն անձանագրել էին, որ Բարսեղյանի զարկերակային ճնշումը 200/110 է, և միջամտությամբ հասցրել էին 170/100-ի:
Դատական նիստերի դահլիճ հրավիրված շտապօգնության աշխատակցուհին դատարանին հայտնեց, որ Իշխան Բարսեղյանի ճնշումը որոշ չափով հնարավոր է եղել իջեցնել դեղորայքի միջամտությամբ, բայց, փաստորեն, չի հաջողվել լիարժեք կարգավորել ճնշումը:
Բժշկուհին նշեց նաև, որ Իշխան Բարսեղյանի ներկա առողջական վիճակում նրան խորհուրդ չի տրվում հոգեբանական կամ ֆիզիկական լարվածության մեջ գտնվել, այդ թվում՝ իր վերաբերյալ դատական նիստին մասնակցել:
Դատավորը հետաձգեց նիստը՝ մյուսը նշանակելով մայիսի 11-ին:
Իշխան Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբայկանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ Իշխան Բարսեղյանը նախկինում ճնշման հետ կապված խնդիր չի ունեցել, և հայտնեց, որ իր պաշտպանյալը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Բարսեղյանն աշխատում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Մեկնաբանել