HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Markos and Markos». Եվ պատկերներ, որոնք ծնվում են երաժշտությունից

Տիգրան Համասյան. «An Ancient Observer»

2017թ. մարտին լույս տեսավ  Տիգրան Համասյանի «An Ancient Observer» (Հնագույն դիտորդ) ալբոմ-հավաքածուն: Այստեղ ընդգրկված գործերը երաժշտի վերջին երեք-չորս տարիների ընթացքում գրված ստեղծագործություններ են, որոնցից երկուսը՝ հայկական երաժշտության մոտիվներով: Մյուսները երաժշտի իմպրովիզացիոն գործերից են: Տիգրանն այստեղ ևս ներառել է վոկալ միքսեր, ինչպես իր շատ ձայնագրություններում, և գրեթե բոլոր գործերում զգացվում է հայկական արմատի անխուսափելի ներկայությունը: «An Ancient Observer»-ը Տիգրան Համասյանը ստեղծել է Հայաստանում ապրած վերջին տարիներին, և այն լիովին կրում է այս երաժշտի՝ ծննդավայրի ու դրա ազդեցությամբ ծնված երաժշտական հոգեվիճակի, զգացումների, մտածողության էությունը: Դա մի մեծ ու գունավոր կտավ է՝ մեղեդային տարբեր, հին աշխարհներից եկած ու նոր կյանքի մեջ խառնված զգացում-գույներով:

«Երբ ես նայում եմ իմ պատուհանից և տեսնում բիբլիական Արարատը՝ գագաթին նստած հավերժական ձյունով, որի պատկերը իրենց ձգվող լարերով կտրում են էլէկտրական սյուները, հին ու նոր տանիքներին ձգված ալեհավաքները, ծխնելույզներից սահող նախնյաց ծուխն ու ծառից ծառ սավառնող թռչունները, ժամանակ առ ժամանակ լայնարձակ երկնքում ուրվագծվող օդանավի արահետները… այս ամենը երկխոսություն է, շփում՝ Աստծո կողմից տրված հինավուրց բնության և ժամանակակից մարդկային ձեռքբերումների միջև,- ասում է Տիգրան Համասյանը,- Ինձ համար սա արթնացումի և գեղեցիկը տեսնելու զգացում է, որով կարողանում ես հետևել այդ քնած հրաբխային հսկայի շքեղությանը՝ միլիոնավոր տարիների հեռվից նայող, և որին հետևել են Արարատյան դաշտավայրի  Քուռ-Արաքսյան մշակույթից եկած մինչև մերօրյա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:

Հրաբխային այդ հսկան էլ նրա առջև ապրող կյանքի, միլիոնավոր տարիների մեջ փոշիացող մարդու դիտորդն է, վկան ու խորհրդանիշը:

«An Ancient Observer» ալբոմում ընդգրկված հայկական մոտիվներով ստեղծագործություններից մեկն էլ «Markos and Markos»-ն է, որի համար ստեղծված անիմացիոն ֆիլմը հրապարակվեց օրերս:

«Մարկոս և Մարկոս»

Տ. Համասյանի «Markos and Markos» ստեղծագործության անիմացիոն ֆիլմը նկարիչ, մուլտիպլիկատոր, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ համատեղ աշխատանք է: Այն ստեղծվել է պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս և Մարկոս» բանաստեղծության ազդեցությամբ: Նաիրան պատմում է, որ երբ Տիգրանը համագործակցելու առաջարկ արեց, «Մարկոս և Մարկոս»-ի սկիզբն արդեն որոշ չափով արված էր: Տիգրանին դուր է եկել գաղափարը, որից հետո ընտրվել է երաժշտությունը: Անիմացիոն այս ֆիլմ-տեսահոլովակի ընթացքն արդեն ուղղորդել է երաժշտությունը, այնպես, ինչպես Նաիրա Մուրադյանի գրեթե բոլոր ֆիլմերում:   

Ինչու՞ Զահրատ և ինչու՞ հենց այս մեկը՝ «Մարկոս և Մարկոս»-ը: Ն. Մուրադյանն ասում է, որ այն իր ամենասիրելին է ու ամենապատկերավորը պոլսահայ բանաստեղծի ստեղծագործություններում: Բացի այդ, ինչպես Համասյանի երաժշտությունը, իրեն համար ընկալման տարբեր շերտեր ունի: Զահրատը, ըստ Ն. Մուրադյանի, ոչ միայն պոետ էր, այլև կոլորիտային Կոստանդնուպոլիս-Ստամբուլի համն ու հոտը խտացնող ամբողջության մի մասնիկ: «Ես Ստամբուլը դեռ չեմ տեսել, բայց Զահրատի պոեզիայի միջոցով այդ քաղաքը պատկերվում է իմ երևակայության մեջ՝ անգամ իր ձայնով»,-ասում է նա:

«Մարկոս և Մարկոս»-ում, բացի երաժշտական էությունից, արտահայտվել է կյանքի երկու տարբեր գոյության փիլիսոփայությունը՝ խորքի ու մակերեսի, տեսանելիի ու անհայտի, և այս երկու տարածքում էլ հավատալին անհավատալի տեսնելու մեր ընկալումը: «Ամեն մեկն ունի հավատալու ու չհավատալու իր ընտրությունը,- ասում է Ն. Մուրադյանը,- կարող ես նույնիսկ տեսնել ու էլի չհավատալ: Կյանքն էլ երկու շերտ ունի՝ հողի վրա և հողի տակ, ջրի վրա և ջրի տակ: Մեզ հետ և մեզնից դուրս կյանք կա, որը մենք չենք տեսնում, մինչդեռ ինչեր կարող են կատարվել այնտեղ»:

Ն. Մուրադյանը այս երաժշտական ֆիլմ-տեսահոլովակի նկարիչն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Անդրադառնալով երաժշտության հետ իր ստեղծագործական երկխոսությանը՝ ասում է. «Ամեն երաժշտություն չէ, որ կարող է իմ մտքում պատկերներ ծնել: Երբեմն լսում եմ, հիանում երաժշտական ռիթմով ու հաղորդած զգացումներով, բայց այդպես էլ պատկերներ չեն նկարվում: Այս առումով Համասյանի երաժշտությունը շատ բազմաշերտ է: Բացի լավ երաժշտություն լինելուց, դրանք նաև ինձ համար առանձնահատուկ են նրանով, որ պատմություն են պատմում»:

Զահրատի մարկոսները սովորական մարդիկ էին, որոնցից մեկը հավատում էր ընկնող աստղի գոյությանը, մյուսն այդպես էլ չտեսավ այն: Այդպես է նաև բոլորիս կյանքում: Նաիրայի երաժշտական պատմության մեջ հեռավոր այդ լույսը գտնելու հետևից շատ մարդիկ են գնում: Նրանք փնտրող ու հավատացող մարդիկ են, սակայն ամեն մեկն իր ընկալմամբ ու տարբեր ակնկալիքով: Բայց աստղը գնում և գտնում է հենց իրեն չհավատացող Մարկոսին:

«Մարկոս և Մարկոս» անիմացիոն ֆիլմն ապրիլին ցուցադրվեց Անկարայի միջազգային կինոփառատոնում: Առաջիկայում այն կճանապարհորդի նոր նախագծերում և փառատոնային այլ աշխարհագրությամբ ևս:

Կյանքի երկշերտության գաղափարը Ն. Մուրադյանը հաճախ է իր անիմացիոն ֆիլմերում պատկերում: «Մարկոս և Մարկոս»-ից բացի, այս գաղափարի շուրջ կառուցված մեկ այլ ֆիլմում՝ «Տարոնի օրորում» այն ևս տեսանելի է, այս անգամ՝ հողից ներքև ապրող կյանքի ու հողի վրա հնչող օրորոցային մեղեդու մեջ: «Էստեղ հակառակն է՝ ներքևից է մարդուկը դուրս գալիս վերև՝ օրորի ձայնից ոչ թե քնելով, այլ՝ արթնանալուց հետո,- ասում է Ն. Մուրադյանը,- ես մանկությանս տարիներից սիրել եմ ներքև նայել, հողը փորփրել. նրա մեջ ապրող կյանքը բացահայտելը շատ հետաքրքիր էր ինձ»:

Հասմիկ Հարությունյան «Տարոնի օրոր». ռեժիսոր, անիմատոր՝ Նաիրա Մուրադյան

 Նաիրա Մուրադյան. երբ աղմուկն անգամ երաժշտական պատկեր է

«Երաժշտությունն ինձ համար գիրք կարդալու նման մի բան է,-ասում է Նաիրա Մուրադյանը,- ես գրականությունն էլ եմ երաժշտությամբ ընկալում, պատկերը տեսնում եմ նաև լսելով»:

Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր Ն. Մուրադյանը վաղուց է ստեղծում: Դրանք ոչ միայն երաժշտական են, այլև՝ պոետիկ: «Փետուրի թռիչքը», «Հրեշտակը քաղաքում», «Նահապետ Քուչակ. հայրեններ», «Երեք պոետ և Չարենց», «Աստվածաշնչյան պատմություններ», «Ճանապարհ», «Պստիկ զինվոր»  և այլն: Նաիրան ասում է, որ պոեզիան պատկերային առումով հարուստ է, երևակայելու հնարավորություններ է տալիս, բայց ոչ բոլոր դեպքերում. «Ռուսական պոեզիա շատ եմ սիրում, բայց դրանք էնքան կյանքային են, էնքան պատկերավոր նկարագրված, որ այլևս նոր բան, նրանցում չգրված նկարներ գտնելն արդեն արհեստական է դառնում, իլյուստրացիա, որն անել ես չեմ սիրում: Հայկական գրականությունից շատ պատկերավոր է Քուչակը՝  ծով երևակայություն»:

Տարբեր երաժիշտների գործերը պատկերելիս՝ նա երբեք չի հաշվի առնում նրանց անհատական խառնվածքն ու ազդեցությունը: Ասում է, երբ ֆիլմ ես անում, ինքդ քեզ էլ հաշվի չես առնում: «Ոչ ոքի չես հիշում, ոչ մի բարդություն պետք է հաշվի չառնես, այլ ամբողջովին տրվես էն զգացողությանը, որից ծնվում են պատկերներն ու ներդաշնակ դառնում: Իրենք են առաջնորդում քեզ ու երբեմն տանում մի տեղ, որը քո նկարած սկզբից շատ տարբեր է, շատ հեռու ու շատ անակնկալ»,- ասում է Ն. Մուրադյանը:

Երաժշտական անիմացիոն ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը սկսեց իրագործել 2004թ., երբ նա նկարեց «Ճանապարհ» ֆիլմը՝ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքից: Այն Կոմիտասի գողտրիկ մի բանաստեղծությամբ գրված երգ է, որից հաղորդված զգացողությունից էլ ծնվեց անիմացիոն այդ պատմությունը: «Այս շարքում հրաշալի այլ գործեր ևս կային, ինչպես օրինակ՝ «Սալահատակն ու ուղին», բայց ես ընտրեցի այս մեկը: «Ճանապարհն» իմ կարծիքով աշխարհի արարման մասին է, ես այդպես եմ ընկալում: Աշխարհի արարումն էլ իր հերթին չարի և բարու գոյության ու նրանց միջև պայքարի, տառապանքի պատմություն է,-ասում է ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ն. Մուրադյանը,- ես ձեռքերի միջոցով և թատրոնի պատկերային լեզվով փորձեցի ցույց տալ աշխարհի արարումն ու իմ ընկալումը այդ ամենի մասին»:

2005թ. «Ճանապարհ» անիմացիոն ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրներից էր:

«Ստեղծագործելիս՝ ինձ համար միշտ կարևոր նշանակություն է ունեցել երաժշտությունը, ձայնը, հատկապես, աղմուկը,- ասում է Նաիրա Մուրադյանը,- պատկերն առաջին հերթին ինձ մոտ ծնվում է ձայնի ազդեցությունից, քան տեքստից, գրքից կամ պատմությունից: Այդպես է ծնվել նաև «Բալետը»՝ Ավետ Տերտերյանի երաժշտության ազդեցությամբ: Ես երբեք սցենար, որպես այդպիսին, չեմ գրում:  Իմ սյուժեն ու պատկերները, իմ կերպարներն ու իրենց գործողությունները ծնվում են հետագայում, երաժշտության հետ, նրա՝ ինձ իր հետ տանող ճանապարհի ընթացքում: Պատահում է այնպես (և ավելի հաճախ)` այն շեղվում, հեռանում և գնում է բոլորովին այլ ուղղությամբ: Արդյունքում ես նկարում եմ մի պատմություն, որը բացարձակ տարբեր է իր նախնական տեսքից: Երբեմն պատահում է նաև այնպես, որ պատկերները ծնվում են, բայց երաժշտությունը հետո եմ գտնում: Իսկ այն գտնվում է, քանի որ այդ պատկերներն էլ են իրեն գտնում»:

«Մենք մի ընտանիքից ենք»

Երաժիշտական աշխարհում անիմացիան վաղուց արդեն ընդունված և պահանջարկ ունեցող լեզու է: Որպես օրինակ՝ Նաիրա Մուրադյանը հիշեցնում է Փիթեր Գեբրիելի. այսպես ասած, երաժշտական վիդեոգրաֆիան. մեծ մասամբ անիմացիա է: «Շատ երիտասարդ երաժիշտներ են ինձ նամակներ գրում, իրենց ստեղծագործություններն ուղարկում՝ խնդրելով լսել: Անիմացիայում ստեղծագործողների համար էլ նման երաժշտական ֆիլմերը մեծ պահանջարկ ունեն, բայց այն ստեղծելու համար, անիմացիոն աշխարհի գաղտնիքներից բացի, երաժշտական զգացողությունն էլ է պետք ունենալ»:

Ռուբեն Հախվերդյան, Հասմիկ Հարությունյան, Արտո Թունջբոյաջյան, Տիգրան Համասյան. այս արտիստների ստեղծագործությունները պատկերներ են դարձել Նաիրա Մուրադյանի աշխարհում: 2006թ. Արտո Թունջբոյաջյանի  «Պստիկ զինվոր» երգի հիման վրա նկարահանված ֆիլմը Բելառուսիայում  մրցանակի արժանացավ՝ «Անիմայովկա» միջազգային կինոփառատոնում:

«Արտոյի երաժշտությունն էլ է շատ պատկերավոր, երևակայելու շատ հետաքրքիր հնարավորությամբ,-ասում է Նաիրա Մուրադյանը,- առանց բառերի ստեղծվում են բառեր, մտքեր, պատկերներ, պատմություն: «Պստիկ զինվոր»-ը նկարելիս, երգի զգացողության հետքերով եմ ստեղծել սյուժեն: Արտոն տեղյակ չէր, որ ֆիլմ եմ նկարում, իսկ ես չգիտեի իր կյանքի ամենատխուր պատմություններից մեկը: Ես պատկերել էի երկու եղբայրների, որոնցից մեկը մահանում է: Պատկերել էի՝ առանց իմանալու, որ Արտոն կորցրել է իր եղբորը, և այդ կորուստը շատ խորը հետքեր է թողել իր կյանքում: Երբ նա տեսավ ֆիլմը, ասաց. «Մենք մի ընտանիքից ենք»:

Նաիրա Մուրադյանը բազմաթիվ խնդիրներ է տեսնում անիմացիոն արվեստի հայկական դաշտում: Տեխնիկապես լայն հնարավորությամբ, բայց քիչ աշխատած ու փոքր երևակայությամբ գործեր, որոնք, որպես կանոն, մեծ հավակնությունների հիմքով են ծնվում: Բացի այդ՝ տեղական շուկայի գրեթե բացակայությունը, թիմային ու ստեղծագործական մթնոլորտի օտարումը: Սակայն երիտասարդ ուժերի հանդեպ Նաիրան հավատով է լցված, փոփոխությունների ու զարգացման հույսն էլ է նրանց ներուժի, նվիրման ու անկեղծ աշխատանքի հետ կապում: Խնդիրներից մեկն էլ ստեղծված աշխատանքը հանրայնացնելն է, մեծ լսարանին ներկայացնելը, երկրից դուրս գործող և կայացած նախագծերին մասնակցելը, որը ինչպես գրեթե ամեն ինչ մեր երկրում, մնում է անհատի, ստեղծագործողի և, պարզապես, իր աշխատանքի կարևորությունը տեսնող արվեստագետի ուսերին:

Լուսանկարները` Տիգրան Համասյանի և Նաիրա Մուրադյանի ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter