
Մարիամը ցույց էր տալիս սպիները և ասում, որ հրաշքով է փրկվել ամուսնուց ու սկեսուրից (լուսանկարներ)
Այսօր գլխավոր դատախազության մոտ էին հավաքվել մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում էին արդար դատաքննության անցկացնել «Հետք»-ի «Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» և «Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2)» հոդվածների տուժածների և մեղադրյալների գործով: Ակցիայի մասնակիցներին էին միացել նաև զոհերից մեկը՝ Մարիամ Գևորգյանը, և նրա հայրը՝ Համազասպ Գևորգյանը (1-ին լուսանկարում):
Նրանք ևս մեկ անգամ նշեցին, որ գնալու են բոլոր ատյաններով, մինչև մեղավորներն արդարացիորեն դատվեն: Մարիամը ներկաներին ցույց էր տալիս իր մարմնի սպիները՝ նշելով, որ պարզապես հրաշքով է փրկվել ամուսնուց ու սկեսուրից: Նա ասում էր, որ եթե անգամ փողոցային ամենավերջին աղջիկը լիներ իր փոխարեն, ոչ ոք իրավունք չուներ նման կերպ վարվել նրա հետ:
«Յուրաքանչյուր կնոջ պարտականությունն է մասնակցել նման ակցիայի, եթե տեսնում է, որ որևէ կնոջ իրավունքներ ոտնահարվում են: Մեր պարտականությունն է, որ ձեռք ձեռքի տանք և պաշտպանենք մերոնց»,- ասում է ակցիայի մասնակից Անաշեն Նավասարդյանը:
Ակցիայի մասնակիցները պարզել էին տարբեր պաստառներ՝ կոչ անելով վերջ տալ կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին:
Ցույցին էր միացել նաև Տիգրան Խզմալյանը, ով նշեց, որ այստեղ չէ որպես «Սարդարապատ» նախաձեռնության ներկայացուցիչ, այլ ՀՀ քաղաքացի, և այստեղ իրենք պայքարում են մարդու իրավունքների համար: Նա ասեց որ այս պայքարը միայն կանանց համար չէ, այլ բոլոր մերժվածների, թույլերի, որոնց պետք է պաշտպանել: Իսկ կանայք թեև Հայաստանում մեծամասնություն են, բայց իշխանությունը տղամարդկանց ձեռքում է:
«Ես դրանց տղամարդ էլ չէի անվանի, դրանք գիշատիչներ են, որոնք սեռ չունեն, ազգություն չունեն: Արդարությունը կարելի է սպասել արդար մարդկանցից: Սա դիմադրություն է, սա ճնշում է, ցույց է՝ ցույց տալու համար, որ մենք չենք լռում, մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հիշում ենք, ամեն ինչ լսում ենք»,- հավելեց Տ. Խզմալյանը:
«Կանաց Ռեսուրսային Կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանը նշեց, որ իրենք չեն ընդունում այն փաստը, որ համաներման արդյունքում ազատ է արձակվել այս գործով գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Զիրոյանը: Պետք է և նա, և նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ստանան արժանի պատիժ, որպեսզի այլևս ոչ ոք նրանց զոհը չդառնա:
Լ. Ահարոնյանը հավելեց, որ իրենք շարունակելու են պայքարը մինչև գործով տուժողները հասնեն իրենց ցանկալի արդյունքին: "Մարիամը չպետք է իրեն մենակ զգա: Բացի դրանից՝ սա ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, որովհետև այժմ միայն Մարիամն է իր մեջ ուժ գտել խոսելու, բայց բռնության ենթարկվող կանայք բազմաթիվ են:"
Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիան դեպքի առթիվ նամակ է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ դատախազությունը պարտավոր է առավելագույն զգոնությամբ վերահսկել նախաքննության ընթացքը ՝ կոռուպցիոն ռիսկը կանխելու և օրինականության սկզբունքը պահպանելու համար:
Նամակում ուշադրություն է հրավիրվում այն անարդարությանը, որ քննիչ Արթուր Ավետյանը սեպտեմբերի 19-ին համաներման հիմքով դադարեցրել է Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ վերջինի մոր՝ Հայկանուշ Միքայելյանին հանձնելու միջնորդությունը թեև Ռուսաստանի իրավապահները բավարարել են, սակայն գործի էտապավորումը տևում է արդեն 6 ամիս:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել