HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը. լրացվող

Քիչ առաջ «Հետք»-ը տեղեկություն ստացավ, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Աչաջուր գյուղի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առեւտուրն արգելելու՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, եւ վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:

Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում:

Սեւադա Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:

Քաղաքացիների պահանջն է՝ խնդիրների լուծում կոնկրետ ժամկետներում, «Սահմանի բերանին ապրող ժողովուրդ են, գնում են, սարերից տանջանքով ծնեբեկ ու սինդրուկ բերում կամ իրենց այգու կանաչին բերում վաճառելու, արգելել են: Էս ժողովրդին այլընտրանք, քան երկրից գնալը, չկա: Պետք է հնարավորություն տալ: Դա ժողովրդի գոյատեւման նախապայման է», - ասաց Ղուկասյանը:

Որպես վերը բերված խնդիրների լուծման երաշխիք՝ բնակիչները պահանջում են Տավուշի մարզպետի խոստումը, բայց կոնկրետ ժամկետներով, հստակ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին մարզպետ Հովիկ Աբովյանը բանակցում է քաղաքացիների հետ:

Քիչ անց լրացուցիչ տեղեկություն կհայտնենք բողոքի ակցիայի ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ մասնավորապես փակվել է միջպետական ճանապարհի Իջեւանի շուկայի հատվածը: 

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՒ

Տեսանյութը՝ Ռազմիկ Անտոնյանի

Մեկնաբանություններ (1)

Վարսեր
Ամոթ լափողներին…Ուշքի եկե՛ք երկրի ղեկավարներ սթափվե՛ք:Այդ չսարքված ճանապարհները սարսափեցնում ու մոլորեցնուն են մարդկանց թշնամու կրակոցների նման և տանում հեռու հեռավոր երկրներ, որտեղ նրանց ուղեկցում է ընդմիշ կարոտ ,թախիծ, վերադառնալու հույս և միևնույն ժամանակ վախ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter