
Երկու արտոնություն՝ «Սևան ակվա»-ին, մեկը՝ «Աաս ինդուստրյա»-ին
«Սևան ակվա» և «Աաս ինդուստրյա» ընկերությունները, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով, կառավարության այսօրվա նիստում երկու արտոնություն ստացան։
Առաջին արտոնությամբ «Սևան ակվա»-ն մայիսի 19-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը Հայաստան կներմուծի ձկնաբուծության ոլորտի ապրանքներ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգումով` երեք տարի ժամկետով:
Ըստ գործադիր բերված փաստաթղթերի՝ ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` հասցնելով արդեն իսկ գործող 12-ը 24-ի:
Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ դրամ: «Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ասվում է նախագծում։
Կառավարության կողմից ստացած երկրորդ արտոնությամբ՝ ներմուծվող նույն սարաքավորումները կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ «Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- է ասվում այս արտանության տրամադրման հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ «Սևանի իշխան» ընկերությունն էր գործադիրի կողմից ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգելու և ներմուծվող սարաքավորումների մաքսատուրքից ազատելու արտոնություն։
Եվս մեկ արտոնություն ստացավ «Աաս ինդուստրյա» ընկերությունը։ Ընկերությունը Հայասատան կներմուծի ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքը չվճարելով։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրարի 20-ին։
Մեկնաբանել