
Սերժ Սարգսյանի ներկայությամբ պայմանավորված` «ԵԼՔ»-ը բոյկոտել է ԱԺ առաջին նիստը
Այսօր ԱԺ 6-երորդ գումարման նիստը մեկնարկեց։ Նիստին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։ Նիստը վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։
Նիստին ներկա էին չորս քաղաքական ուժերից երեքը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Դահլիճում ազատ էին «ԵԼՔ» դաշինքի տեղերը։ Դաշինքը բոյկոտել էր ԱԺ անդրանիկ նիստը։
Ինչպես «Հետք»-ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝ «ԵԼՔ-ը բոյկոտել է անդրանիկ նիստը՝ Սերժ Սարգսյանի ներկայության պատճառով, ինչպես նաև ի պատասխան ընտրություններին բաժանվող զանգվածային ընտրակաշառքի։
«Մարտի 1-ի դեպքերը դեռևս ոչ մեկ չի մոռացել, և ինչը ավելի ցավալի է՝ դեռևս ոչ մեկ չի պատժվել։ «ԵԼՔ» դաշինքը ուղղակի պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների համար»,-իր հերթին հավելեց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ խորհրդարանի առաջին նիստը կարելի է համարել այն եզակիներից, որտեղ ներկա են գտնվում պատգամավորների մեծամասնությունը։
Նիստին ներկա էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը և կառավարության այլ անդամներ, նախարարներ։ ԱԺ ամբիոնից իր օրհնության խոսքն ասաց կաթողիկոսը: Սերժ Սարգսյանը խոսեց ՀՀԿ-ի՝ այլ դաշինքների հետ համագործակցության պատրաստակամության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, ներքաղաքական իրավիճակի մասին։ Քիչ անց ԱԺ փակ քվեարկության արդյունքում կընտրվի ԱԺ նախագահ, որի միակ թեկնածուն այս պահին ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է: Ապա, դարձյալ փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն փոխնախագահները, որի թեկնածուներն են արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախորդ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Մեկնաբանել