HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սկսիր փոքրից՝ երազելով մեծի մասին»,- ասում է Հայաստանում աշխատող խորվաթ գիտնականը

Սպիտակ խալաթի կոճակներն արձակած, գրպանում 4 գրիչ՝ խորվաթ Մարիո Նովակը աշխուժորեն մտնում է լաբորատորիա: ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փոխտնօրեն Վիգեն Գոգինյանը ծանոթացնում է հյուրին՝ Խորվաթիայից է, շատ լավ գիտնական է: Մարիոն ժպտում է:

Մ. Նովակը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի համալսարանից է, գիտությունների թեկնածու է: Հայաստան է եկել այս տարվա փետրվարին «Phoenix» («Փյունիկ») նախագծի շրջանակներում: «Phoenix»-ը միտված է նոր տեխնոլոգիաների ուսումնասիրմանը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետազոտել դժվարամատչելի միջավայրը: Այս նախագիծը Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ 80 մլրդ եվրո բյուջե ունեցող «Հորիզոն 2020» 7-ամյա (2014-2020) բազմավեկտոր ծրագրի մաս է, որի խնդիրներից մեկն էլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացումն է: «Մեր գխավոր նպատակը գիտության մեջ շարժում ստեղծելն ու նոր գիտելիքների փոխանակումն է: Իսկ գլոբալ առումով մենք կարող ենք աշխարհն ավելի լավ վայր դարձնել»,- նշում է Մարիոն:

Գիտնականների փոխանակման մեթոդով «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում Մարիոյից առաջ աշխատում էր նրա ընկերը, ում էլ փոխարինել է Մարիոն: Նա Հայաստանում կլինի մինչ հունիս:

Խորվաթ գիտնականն ասում է, որ Հայաստանի մասին գիտեր «System of a Down»-ի երաժշտությամբ, ապա ավելացնում է, որ մինչեւ հիմա էլ լսում է հայտնի խմբի երգերը:

Խորվաթիան ու Հայաստանը, նրա կարծիքով, նմանություններ ունեն եւ լավ, եւ վատ առումներով. երկուսն էլ 1990-ականներին պատերազմի մեջ էին, երկուսի քաղաքական գործիչներն էլ նման են՝ թե այստեղ, թե Խորվաթիայում կառավարությունը չի ցանկանում գումարներ դնել գիտության մեջ, քանի որ իշխանավորներին հետաքրքրում է միայն պաշտոնն ու դրանից ստացած օգուտը:

«Մեր հարկերի քիչ մասն է ներդրվում գիտության մեջ, բայց մենք ունենք շատ լավ գիտնականներ, այստեղ էլ կան այդպիսիք, ովքեր ջանասիրաբար աշխատում են, բայց հեշտ չէ գիտնական լինելը, մասնավորապես, դեռեւս զարգացող երկրում: Սակայն գիտնականների կատարած աշխատանքը կարող է շատ կարևոր եւ օգտակար լինել ոչ միայն երկրի, այլեւ տարածաշրջանի համար»,- նշում է Մարիոն:

Խորվաթիան այս պահին Եվրամիությանն անդամակցած վերջին երկիրն է (անդամ է 2013-ից), բայց խորվաթ գիտնականն ասում է, որ այնտեղ էլ գիտությունը ֆինանսավորման խնդրի առաջ է կանգնած: Որպես օրինակ նշում է, որ եթե, ասենք, Եվրամիությունը ֆինանսավորում է ինչ-որ ծրագրի մոտ 70 տոկոսը, իսկ մնացածը պետք է հատկացնի տեղական կառավարությունը, խնդիր է ծագում, որովհետեւ իշխանությունները զլանում են փող տրամադրել գիտությանը: Մյուս կողմից, համեմատելով բնական ու հումանիտար գիտությունները՝ Մարիոն պատկերավոր ասում է, որ եթե, օրինակ, պատմաբանին պետք են աչքեր եւ ուսումնասիրելու թղթեր, ապա իրենք կարիք ունեն գործիքների ու նյութերի, որոնք թանկ հաճույք են:

Գիտնականը շեշտում է բիզնեսի եւ գիտության համագործակցության կարեւորությունը՝ հավելելով, որ իրենց աշխատանքի արդյունքը տեսնելու համար ժամանակ է անհրաժեշտ:  

«Օրինակ՝ հիմա, քանի որ նավթի ու գազի գինը ցածր է, բիոէթանոլի հետազոտությունը շահավետ չէ, որովհետեւ չես կարող էժան բիոէթանոլ արտադրել որպես էժան վառելիք: Բայց եթե հեռուն նայենք, մոլորակը կենդանի ու մաքուր պահելու համար բիէթանոլը, բիովառելիքն է ապագան: Տեսեք, մի քանի տարի առաջ արեւային տաքացուցիչները շատ թանկ էին, բայց հիմա միջին ընտանիքը կարող է գնել դրանցից,- ասում է Մարիոն, հետո ավելացնում,- սկսիր փոքրից՝ երազելով մեծի մասին»:

Հունիսին նա վերադառնալու է Խորվաթիա, առայժմ չգիտի, թե որը կլինի հաջորդ երկիրը, որտեղ կաշխատի, բայց ասում է, որ հետագայում էլ շատ կուզեր համագործակցել Հայաստանի հետ: «Ոչ միայն այս լաբորատորիայի, այլեւ ինստիտուտի գիտնականների արածը շատ գնահատելի է, ցանկանում եմ շարունակել հետազոտությունը այստեղի գիտնականների հետ»,- նշում է Մ. Նովակը:

Խորվաթ գիտնականն ասում է՝ շատ է սիրում հայկական խոհանոցը, հատկապես՝ լավաշը, սուջուխն ու գինին: «Հիմա որ գնամ Խորվաթիա, չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց լավաշի»,- կատակում է Մարիոն, մենք ծիծաղում ենք, հետո ավելացնում, որ Խորվաթիա լավաշ կուղարկենք:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter