HY RU EN

Արաքս Մամուլյան

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

Ազգային ժողովի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն է: Քիչ առաջ ավարտված գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ԱԺ նախագահի ընտրության հարցի վերաբերյալ գաղտնի քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը 100 է: Քվեատուփում անվավեր ձայներ չեն եղել: Ընտրությանը մասնակցած պատգամավորներից 88-ը կողմ, 12-ը՝ դեմ քվեարկեց Արա Բաբոլոյանի թեկնածությանը: ԱԺ նախագահի մյուս թեկնածու Էդմոն Մարուքյանը ստացավ 12 կողմ և 88 դեմ ձայն:

Պատգամավորները ծափերով ողջունեցին Բաբլոյանի հաղթանակը։ Մինչ ԱԺ նախագահի աթոռին նստելը Բաբլոյանը մոտեցավ մյուս թեկնածու Էդմոն Մարուքյանին և ողջունեց նրան։

«Մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ինձ տրված բարձր վստահությունը։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման ևս մեկ անգամ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները»,-ասաց Բաբլոյանը, ապա նստեց ԱԺ նախագահի աթոռին։