
Քննչական կոմիտեն որոշել է «Հետքի» հոդվածի հիման վրա քրգործ չհարուցել
Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն հանցադեպ չի գտել. այս հիմքով որոշվել է քրեական գործ չհարուցել: Այս մասին «Հետքին» հայտնեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Որոշման հիմքում դրվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ hարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին հոդված էինք հրապարակել Սևանի Նորաշեն գյուղում ապրող Քառյանների ընտանիքի մասին, որն ապաստանել է անասնագոմին կից հացատանը: Քառյանները նոյեմբեր-հունվարի սոցնպաստը չէին ստացել և մեզ հետ զրույցում նշել էին, որ Սևանի տարածքային գործակալության աշխատակից Հուսիկ Ենոքյանը 3 ամսվա «կանխավճար» է ուզել՝ նպաստը դասավորելու համար, սակայն ամուսինները հրաժարվել էին առաջարկից:
Հոդվածից հետո գործակալության պետ Լևոն Պողոսյանը «Հետքին» հայտնել էր, թե ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը՝ ընտանքից գումար չի պահանջվել: Քառյաններն իրենց հերթին մեզ պատմել էին, որ Ենոքյանն այցելել է իրենց ու ասել «էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել»: Սրան նույնպես նրանք չէին համաձայնել: Հարցին, թե ինչ է նշանակում «թյուրիմացություն է եղել», ընտանիքի հայրը՝ Մարատը, պատասխանել էր. «Որ մենք իրենց պահեինք, որ ինքը պաշտոնից դուրս չգար, եթե կաշառակերության համար հոդված ա գնացել իր վրա, ինքը պրոբլեմներ կունենա»: Իսկ Մարատի կինը՝ Արմինեն, պատմել էր, որ հոդվածից հետո իրեն կանչել էին գործակալություն՝ Լևոն Պողոսյանի մոտ. «Ասաց՝ գրի, որ ես՝ էսինչ էսինչյանս, սխալ ա հասկացել լրագրողն իմ ամուսնուն, որ մենք իրար սխալ ենք հասկացել, մենք բողոք չունենք Հուսիկ Ենոքյանի դեմ: Ասացի՝ առաջինը՝ նման բան չեմ գրի, երկրորդն էլ՝ չեմ հրաժարվում էդ ամեն ինչից»:
Հրապարակումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Հետքին» հայտնել էր, որ Սևանի գործակալության պետ Լեւոն Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ տեսուչ Հուսիկ Ենոքյանին խիստ նկատողություն է տրվել:
Լուսանկարում՝ Քառյանների 4 անչափահաս երեխաներից 5-ամյա Ռաֆայելը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել