HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վոլոդյա Ավետիսյան. «Մինչ մեռնելս պայքարելու եմ»

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ժամեր առաջ դուրս եկած Վոլոդյա Ավետիսյանը ՔԿՀ-ից նախ գնաց կառավարության շենք, իր բողոքի ձայնը բարձրացրեց երկրում տիրող անօրինականությունների դեմ, ասաց, որ այնտեղ նստացույց է սկսելու, ապա գնաց Արարատ Խանդոյանի դատական նիստին, ժամեր անց կրկին վերադարձավ Հանրապետության հրապարակ։ Ավետիսյանը նստացույց սկսեց՝ «Պահանջում ենք նախագահի հրաժարականը», «Նախագահի գլխավորությամբ Հայաստանը բռնապետություն է», «Դատապարտյալների համար Քրեական օրենսգրքի 76 հոդվածը չի գործում», «Չլինենք արդար՝ չենք լինի հզոր» կոչերով։

Նստացույցի վայրում էին նաև Վոլոդյայի հարազատներն ու զինակից ընկերները։ «Հետք»-ի հետ զրույցում Վոլոդյան ասաց, որ իրեն նստացույց սկսել «ստիպել են» երկրում տիրող անօրինականությունները։ Ասում է, օրինակ, որ պետք է քրեակատարողական հիմնարկից դուրս գար 2015 թվականին, քանի որ օրինապահ, տույժ-տուգանք չունեցող դատապարտյալ էր, սակայն անօրինականությունների պատճառով ամեն երեք ամիսը մեկ իրեն վաղաժամ ազատ արձակելու պահանջները մերժվել են։ «Հիմա էսպիսի ահագին դատապարտյալներ ունենք, որ նստած են, բայց կարող են դուրսը լինեն, իրենց ընտանիքներին տիրություն անեն։ Բայց սա չկա այսօր։ Դրա համար որոշեցի, որ պետք է դուրս գամ ու անպայման վաղաժամկետ ազատ արձակման հարցը բարձրացնեմ, դրա համար նստացույց անեմ»։

Վոլոդյայի այս պահանջները ձևավորվել են սեփական փորձի հիման վրա։ Ասում է՝ այս պահին իր այս պահանջներին և նստացույցին միացել են նաև իր պայքարակից ընկերները, ովքեր դատվածության այս չորս տարիների ընթացքում իր հետ և իր համար պայքարել են։

Ավետիսյանը նստացույցը համարում է պայքարի արդյունավետ միջոց` ընդգծելով, որ եթե այն անարդյունք լիներ, իրեն չէին ձերբակալի։ Կարծում է՝ իշխանությունները վախենում են ցուցարարներից, փորձում են նրանց ճնշել։ «Մինչ մեռնելս պայքարելու եմ։ Նշանակություն չունի` նստացույց եմ անում տանը, թե դուրսը։ Ես մինչև վերջ պայքարելու եմ։ Գաղափարական պայքար եմ տանելու, ժողովրդի հետ աշխատելու եմ, որպեսզի այս իշխանությունները կա´մ դարձի գան, կա´մ հրաժարական տան, կա´մ ստիպենք` հրաժարական տան։ Սենց չի կարա երկար գնա»։

Ժամեր առաջ ազատ արձակված Ավետիսյանը մտավախություն չունի, որ կրկին կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում կամ ոստիկանական բաժանմունքում. «Չեմ բացառում, որ ինձ մի ժամ հետո կձերբակալեն։ Էդ ամեն ինչը հաշվի առնելով` դուրս եմ եկել պայքարի, դրա համար պայքարեմ էլի, որ օրենք չկա էս երկրում, ինչ ուզում, անում է իշխանությունը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր 2013-ի սեպտեմբերի 20-ին: Ըստ մեղադրական եզրակացության` նա ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու համար 2013թ. հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար։

լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։