
«Կալանավորներ կային, որ քնում էին գետնին». Վոլոդյա Ավետիսյանը` բանտերի պայմանների մասին
2013 թ-ի սեպտեմբերի 20-ից կալանավորված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, 3 տարի 8 ամիս անց ազատություն վերադարձած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին հանդիպեցինք Ազատության հրապարակում: Ընկերների, բարեկամների, երեխաների, թոռների հետ էր. ինչպես և հայտարարել էր՝ նստացույց էր անում: Պահանջներից մեկն էլ դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման օրենքով վերապահված իրավունքի գործունակությունն է:
Վոլոդյա Ավետիսյանի հետ «Հետքը» զրուցել է բանտային պայմաններից, բանտային հացի ու սննդի որակից:
- Վոլոդյա՛, պայմանները ինչպիսի՞ն են ազատազրկման վայրերում:
- «Նուբարաշենում» ինձ տարան համար 13 խուց, մի 10 տարի վերանորոգած չէր եղել երևի: Եթե պիտի լիներ 5 մարդ մի խցում, մեր խցում 13 մարդ կար: Ես իմ աչքով տեսածն եմ ասում՝ կալանավորներ կային, որ քնում էին գետնին, կալանավոր էլ կար՝ տուալետում էր պառկել, տեղ չկար:
- Սնունդը ինչպիսի՞ն էր, օգտվե՞լ եք «բալանդ» կոչվածից:
- «Նուբարաշենում» մնացել եմ տարի ու կես, օգտվել եմ մենակ հացից՝ էն էլ շաբաթը մի քանի օր:
- Ինչպիսի՞ն էր հացը:
- Լավը չէր, որակ չկար:
- Ի՞նչ էին տալիս «Նուբարաշենում» որպես ճաշ:
- Երկու անգամ եմ բերդում «բալանդը» վերցրել, որ որակը տեսնեմ: Հիմնականում խաշած կրուպեղեն էր, ուտելու բան չէր, մարդու համար չէր:
- Հետևաբար ինչպե՞ս էիք գոյատևում:
- Հարազատներիս, ընտանիքիս, ընկերներիս օգնությամբ: Ինձ բարի կամեցողները, մեկը մյուսին օգնելով, սնունդ էին բերում շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ: Դե, մի տեղ, որ 10-13 հոգի լինի… բայց խցի մի մասի հարազատները չէին կարողանում սնունդ բերեին: Պատկերացրեք՝ չբերողներն ինչքան կաշկանդված էին լինում:
- Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ինչպե՞ս էր վիճակը:
- «Վարդաշենում» մեկ-մեկ օգտվել եմ սննդից, քանի որ ընտանիքիս, ընկերներիս վիճակը գնալով վատանում էր:
- «Վարդաշեն» ՔԿՀ-ում ինչպիսի՞ն էր հացի որակը:
- Եղել էր, որ վատ ա եղել, էդ հարցը բարձրացրել ենք, կարգավորել են: Բայց ընդհանուր առմամբ մոտեցումը էնպես ա, որ դատապարտյալին մարդ չեն համարում:
- Ի՞նչ էին տալիս «Վարդաշենում», նու՞յնը…
- Հա՛, խաշած կրուպեղեն, օրինակ՝ ոսպը խաշած բերում էին, մնացածը մենք պիտի անեինք՝ սոխառած և այլն, բորշ էին բերում…
- Մսո՞վ:
- Լինում էր նաև մսով:
- Ըստ կառավարության որոշման` ամեն օր պիտի միս տրամադրվի, միրգ, պանիր և այլն: Տրամադրո՞ւմ էին:
- Հիշում եմ՝ տարվա մեջ մի 2-3 օր խնձոր են տվել, 2-3 օր` ձմերուկ, հա՛, մի անգամ էլ՝ նուռ:
- Ձուկ էլ պիտի տան ամեն օր, տվե՞լ են:
- Ես ձուկ չեմ տեսել:
- Ո՞նց էին ապրում դատապարտյալները:
- Դատապարտյալները ապրում էին ընտանիքների հաշվին, 20 տոկոսն էր օգտվում «բալանդից», մնացածի համար ընտանիքներն էին բերում: Համ ընտանիքներն էին բերում սնունդը, համ էլ մեր սենյակը, տուալետը մենք էինք ռեմոնտ արել դատապարտյալներով: Զբոսնելու տարածքը մեր գումարներով էինք սարքել:
- Ի՞նչ տեսաք բանտերում. շա՞տ են հիվանդ մարդիկ:
- Մարդ կար, ասենք, հիվանդության պատճառով մահացավ. գումար չուներ: Կային մարդիկ, որոնց հիվանդությունը անհամատեղելի էր պատժի հետ, չէին ազատում:
- Ինչո՞վ էիք զբաղվում:
- Վարդաշենում 10 հոգու աշխատանքի տեղ կար՝ ճաշ էին եփում, մաքրություն էին անում, ճաշ էին բաժանում… նման հաստիքներ կային: Բայց հնարավորություն չկար, թե չէ ես էլ կաշխատեի: Ստիպված պրագուլկա կոչված տեղում ես ծաղիկներ էի մշակում, գիրք էի կարդում, դոմինո էինք խաղում:
- Վոլոդյա՛, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատումը 6 անգամ մերժել է «անկախ» հանձնաժողովը: Ձեր նման շա՞տ դատապարտյալներ կային:
- Կարելի ա ասել՝ հարյուրից մի քանիսն էին ազատվում: Դա բյուջեից փող տանելու համար ա, ինչքան շատ մարդ լինի, էնքան փող ա հատկացվում… հա՛, 6 անգամ մերժել են ինձ, 23 ամիս իզուր եմ մնացել, ես կարող էի 23 ամիս առաջ տանը լինեի: Ադմինիստրացիան ներկայացնում էր, գալիս-հասնում էր «անկախ» հանձնաժողովին, մերժում էին՝ առանց պատճառի:
- Իսկ լավ բան կա՞ բանտում:
- Ուղղվել եմ, դուրս եմ եկել (ծիծաղում է)… «Վարդաշենում» մշակութային միջոցառումներ կային, սպորտային՝ շախմատ, շաշկի, բիլիարդ, թենիս:
- Ձեր պահանջը ո՞րն է:
- Իմ պահանջը օրենքի գործելն ա բոլորի համար: Մարդ են սպանում, 5 ամիս են նստում կամ չեն նստում: Բայց բանտերում պայմանական ազատում չեն անում: Իրանք են որոշում՝ ում դատեն, ում չդատեն: Բոլորը որոշվում ա «վերևից»՝ զանգով, հրահանգով:
- Իսկ ազատելը՞:
- Ազատելն էլ…
- Լուծումը ո՞րն է:
- Լուծումը իշխանափոխությունն է:
Վոլոդյա Ավետիսյանի լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել