«Սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը». ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել այսօր Հյուսիսային պողոտայից Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելու մասին:
Դրա համաձայն` Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
«Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ գտնվող իրը: Նկատի ունենալով նշվածը՝ Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն:
Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգով, փաստաբանի մասնակցությամբ, Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել (սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը)»,- գրված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել ենք, Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել