HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

… Ես դրա համար չեմ եկել

«Փոքր էի, ապրում էինք գյուղում։ Մեծերը հավաքվում, շշուկով խոսում էին եւ ինձ ասում էին՝ դուրս արի, դրսում նայի՝ լսող հո չկա՞»,- հիշում է 1947-ին Իրաքից ներգաղթած, այժմ Մոնթեբելլոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Հակոբ Բաշմակյանը։

Հայաստան տեղափոխվելուց հետո հայրենադարձներից շատերն էին ապրում վախի ու տագնապի զգացողությունը՝ փորձելով «նախորդ կյանքից» վերհիշել «մեղքեր», որոնց պատճառով կարող էին ենթարկվել բռնաճնշումների կամ աքսորի։ «Մենք մայր ու տղա էինք։ Հայրս դաշնակցական էր եղել, մահացել էր մինչեւ մեր գալը։ Պարզ է, որ իմանային, կաքսորեին, բայց մատնող չեղավ»,- ասում է պարոն Բաշմակյանը։

Եթե բռնաճնշումներից եւ աքսորից այս կամ այն կերպ հաջողվում էր խուսափել, ապա սովետական կյանքի անհարմարությունները ներգաղթողին ուղեկցում էին ողջ կյանքում։ Եւ գուցե սա է պատճառը, որ գրեթե բոլոր հարցազրույցներում, անկախ նրանից` խոսողն ինքը կամ իր ընտանիքը ենթարկվել է քաղաքական հալածանքի, թե՝ ոչ, անպայման հիշում է բռնաճնշումների եւ աքսորի մասին՝ առանց կասկածի նշելով ուռճացված թվեր։

1947-ին ԱՄՆ-ից ներգաղթած, այժմ Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Զաբել Չուգասզյանի վկայությամբ՝ 1949-ի հունիսի 13-14-ի գիշերվա ընթացքում Հայաստանից 160 հազար մարդ է աքսորվել։ «Հայրս Մետաքսի գործարանում ցեխի վարպետ էր եւ պարտիական էր, իրան ասել էին, որ էդ գիշերը աշխատանքի երթար։ Գնաց, նախքան գնալը ասեց՝ էս գիշերը դուռը ոչ մեկի համար չբանաք, լույսերը անջատեք նստեք կամ քնեք։ Առավոտը եկավ, ասեց՝ մեքենաներով բոլորին հավաքում, տանում էին»։

1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, այժմ Փարիզում ապրող Ժան Կյուրեղյանը խոսում է երկու գիշերվա ընթացքում Սիբիր ուղարկված 50 հազար մարդու մասին` միաժամանակ նշելով, թե «… ֆրանսահայերին գրեթե ձեռք չտվեցին։ Գրե՛թե։ Մատների վրա կարելի է հաշվել ֆրանսահայ ընտանիքների, որ աքսորվել էին, իսկ սիրիացիներից, լիբանանցիներից՝ տասնյակ հազարներ»։

Խնդիրը ոչ այնքան թվերի ճշգրտությունն է, որքան սովետական իրականությունից ստացված տպավորությունը, որը տարիների հետ, աստիճանաբար վերածվել է անձնական փորձառության։ Դա ձեւավորվում էր նաեւ պետության կողմից խտրականության կամ հարկադրանքի տարաբնույթ դրսեւորումներով։

Հարցազրույցներում հայրենադարձներից շատերը բողոքում են, թե ներգաղթողների (համապատասխան հասակի) տղաներին բանակ չէին տանում։ «Ստալինի ժամանակ հայրենադարձներին բանակ չէին տանում՝ ասելով թե ռազմական պատրաստություն չեք անցել: Իրականում, չէին վստահում»,- պատմում է 1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, ապա ԱՄՆ արտագաղթած Մարտիրոս Գյուլդերյանը:

Օտար լեզուների ինստիտուտը գերազանց ավարտելուց եւ երկու տարի Բյուրական գյուղում ուսուցչություն անելուց հետո Մարտիրոսին անսպասելի զորակոչում են։ Ասում է՝ ուրախացա, որ արդեն վստահություն կա, բայց այդտեղ էլ սկսվեցին նոր խնդիրներ։ «Մեր գնդում, փաստորեն, միակն էի բարձրագույն կրթությամբ: Ինձ տվեցին ամենացածր պաշտոնը. ռուսերեն՝ ռազնոշչիկ սնարյադով. արկեր մատակարարող: Շատ էին հարցնում՝ ինչպե՞ս էր կյանքը Ֆրանսիայում եւ այլն: Դե, ես էլ՝ մի քիչ միամիտ, ասում էի այն, ինչ որ կար: Մի օր, ուրեմն, չաստում ԿԳԲ-ի ներկայացուցիչը ինձ կանչեց եւ ասաց՝ գիտե՞ս, քեզ նմաններին մենք ինչ ենք անում, ուզում ես մեր զինվորների բայեվոյ դուխը՝ մարտական ոգի՞ն գցել, կգաս ինձ մոտ գրասենյակ, խոսակցությունը էնտեղ կշարունակենք: Պարզ էր՝ Ստալինի օրոք էդպիսի մի բանը առնվազն տասը տարի աքսոր էր նշանակում: Առնվա՛զն: Բայց բախտս ժպտաց. հաջորդ օրը ելույթ ունեցան Կոմկուսի համագումարում եւ բացահայտեցին անձի պաշտամունքը»։

Բանակային կյանքից նման մի անհարմարություն էլ մնացել է Միացյալ Նահանգներից 1949-ին ներգաղթած, այժմ Փարիզում բնավող Հակոբ Ֆիլյանի հիշողության մեջ. «Բանակում կասկածում էին, որ ես լրտես եմ։ Հատուկ բաժինը ծառայելու երեք տարին հետեւիցս էր ընկել՝ ե՞րբ եկաք Ամերիկայից, ինչո՞ւ եկաք, ի՞նչ եղավ… Անընդհատ՝ նույն հարցերը։ Է՛, եթե էդպես է, ինչու՞ բերեցիք բանակ, չբերեիք»։

Հայրենադարձների համար հոգեպես ճնշվելու եւ սովետական կյանքի անհարմարությունները ճաշակելու առիթ էին նաեւ պետանվտանգության մարմինների կողմից կատարվող հավաքագրման փորձերը։

Սուրեն Բուրսալյանն ընտանիքով Լիբանանից Հայաստան էր ներգաղթել 1946-ին։ Մեկ տարի անց նա արդեն Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող էր։ 1951-ին պետական ավարտական քննություններից վերջինը հանձնելու պահին ապագա ռեժիսորին ձերբակալում են։ Ինչպես գրում է Բուրսալյանն իր «Ամորձատված սերունդ» հուշագրությունում, պատճառը եղել է ԿԳԲ-ին ծառայելու առաջարկից խուսանավելը։ Նրան բարեկամաբար խնդրել էին. «… գնամ իմ ընկերոջս մոտ, տնտղեմ նրա տրամադրությունը, գրի առնեմ ու ներկայացնեմ»։ Գնալ չէր կարող՝ դա խղճին դեմ էր։ Չգնալ չէր կարող, ստիպում էին։ Որոշում է մոլորեցնել փորձառու չեկիստներին։ Անխոհեմ այս մտադրության գինը 10-ամյա պատիժն էր, որի մի մասը Սիբիրում կրելով՝ Ստալինի մահից հետո Բուրսալյանը վերադարձավ Հայաստան, իսկ 1978-ին արտագաղթեց ԱՄՆ։

1946-ին Սիրիայից ներգաղթած, այժմ Գլենդելում բնակվող Մարտիրոս Վարդանյանն էլ հիշում է ավագ եղբոր հետ պատահածը, որն, իր կարծիքով՝ Խորհրդային ռեժիմի էությունը բացահայտող ցայտուն օրինակ է։ «Եղբայրս ընդունվել էր մանկավարժականի անգլիական բաժինը: 1948-ի սկզբին գալիս են, լսարանից տանում են ԿԳԲ-ի շենքը եւ ասում են՝ ո՞ւմ հետ ես ընկերություն անում, ձեր մեջ ո՞վ է դժգոհ, ո՞վ ունի հակասովետական գրականություն եւ այլն: Գիշերվա երեքին նոր թողնում են, որ գա տուն։ Էդ ամենը շատ վատ էր ազդել եղբորս վրա։ Հիվանդացավ, մոտ երեք ամիս պառկեց։ ԿԳԲ-ից գալիս էին ստուգելու՝ իրոք հիվա՞նդ է։ Կազդուրվելուց հետո, որ գնաց դասի, նորից եկան, նորից նույն բանը։ Վախից նորից հիվանդացավ, էս անգամ՝ ավելի ծանր, տան ունեցած-չունեցածը ծախելով՝ հազիվ փրկեցինք։ Լավացավ, դուրս եկավ ինստիտուտից։ Գնաց հեռավոր մի գյուղում դասատու աշխատեց»։

Միացյալ Նահանգներից 1947-ին ներգաղթած, այժմ Ֆրեզնոյում բնակվող Փոլ Անթառամյանին ԿԳԲ-ի հետ անցանկալի համագործակցությունից փրկել էր հնարամտությունը։ «Ոտքով գնում էի, մեքենան մոտեցավ։ Ասացին՝ այ տղա, արի նստի, մենք քեզ կտանենք։ Ասի՝ չէ։ Սկսեցին հորդուբորդով խոսել։ Ասի՝ ինչ անեմ-ինչ չանեմ՝ նստեցի։ Տարան կոխեցին Նալբանդյան 104 (պետանվտանգության շենքը)։ Ասեցին՝ ուզում ենք, որ դու մեզի օգնես։ Մի խոսքով, ուզում ենք տեղեկություններ որոշ մարդկանց մասին, բայց ոչ ոք չիմանա, պետական գաղտնիք ա։ Ասի՝ չպիտի կարողանամ։ Ասեցին՝ խի՞։ Ասեցի՝ նոր եմ ամուսնացել, կինս միշտ բողոքում ա, որ քնած տեղս խոսում եմ։ Հիմա չեմ էլ հիշում՝ ինչ եղավ, բայց այլեւս չեկան իմ հետեւից»։

Ասել, թե նման դեպքեր պատահել են բոլոր հայրենադարձների հետ, անշուշտ սխալ կլինի, բայց քանի որ նրանք ապրում էին փակ համայնքներով, շփվում միմյանց հետ, ազգականի, հարեւանի, ծանոթի վրա գործադրված ճնշումը դառնում էր բոլորի՝ ընդհանրական, եւ յուրաքանչյուրի՝ անձնական, դժբախտությունը։ Եւ արտագաղթելու որոշում կայացնելիս՝ ի թիվս այլ պատճառների, նրանք ենթագիտակցաբար հաշվի էին առնում նաեւ սովետական կյանքի այսօրինակ անհարմարությունները։ Իսկ ԿԳԲ-ն, ինչպես ասում են, «չէր ննջում» եւ շարունակում էր «բարեկամներ» ընտրել անգամ արտագաղթի համար արդեն ՕՎԻՐ դիմած հայրենադարձներից։

Նման մի դեպք պատմում է 1947-ին Ռումինիայից ներգաղթած, այժմ Լոս Անջելեսում բնակվող Սարգիս Մազմանյանը։ «Ինձ ՕՎԻՐ կանչեցին երեկոյան ժամը 5-ին։ Երկու հոգի կայնած էին։ Ասին՝ դու Մազմանյան Սարգի՞սն ես։ Ասեցի՝ հա։ Մտանք ներս, իջանք նկուղային հարկը։ Մեկը նստած էր, շատ խիստ դաժան դեմքով, երեսին մի հատ սպի կար։ Չներկայացավ։ Չոր-չոր ասեց՝ անուն-ազգանունդ։ Ճիշտն ասած՝ լավ վախեցա։ Ասեց՝ ինչի՞ եք ուզում գնաք։ Ի՞նչ ասեմ։ Ասի՝ ուզում եմ բախտս որոնեմ։ Ասեց՝ որ թողնենք, մեզ կօգնե՞ս։ Ինձանից անկախ՝ ոտքի ելա, ասի՝ ես դրա համար չեմ եկել»։


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանություններ (8)

Գեւորգ
Խնդրում ենք նկատի ունենաք, որ բոլորն էլ լավ գիտեն թե ինչը ինչպես եւ ինչու է կատարվել: Ստալինը միայն սփյուռքահայերին չէ որ բնաջինջ էր անում: Շատ տեղացիների էլ էին աքսորում ու գնդակահարում, Ուկրաինացիներին голодомор - ի ենթարկում: Թաթար - մաթարներին հո գլխովին էին աքսորում: Կիսամեռ վիճակում գերի ընկածներին, աջ ու ձախ уклонист ներին, տրոցկիստներին, բուխարինականներին, մաքուր շոր հագնող ինտելիգենտներին, բոլորին վերացնում էին: Սիբիրում ձրի աշխատող էր հարկավոր, անասնական վախ էր հարկավոր, դրա համար էլ արյուն էր հարկավոր, ուստի եւ փրթում էին: Սխալ է այնպիսի մտայնություն ստեղծել, թե աշխարհը ոտքի էր ելել հենց միայն հայերիս դեմ: Գուցե մեր բախտից (կամ ավելի շուտ՝ խելքից) մենք ավելի ենք կորցրել - բայց հերիք է լացենք ու ողբանք: Դրա փոխարեն ներկան պիտի քննել ու փորձել ավելի խելացի ապրել, ողբ ու կոծից օգուտ չկա:
Գեւորգ
3, 4, 5 - ին: //Մեր ներկայի բոլոր արատները գալիս են անցյալից (սովետական)// - Շատ հարգելիներս, Դուք մի փոքր մոլորության մեջ եք: Խնդրում եմ նայեք Րաֆֆու ,,Խաչագողի հիշատակարանն,, ու ,,Խենթը,, (հեղինակի ներածականով ու ծանոթագրություններով) եւ փորձեք անկողմնակալ դատել, հասկանալու համար հայերի դժբախտության վաղ արմատները: Օգտակար կլինի նաեւ Ղարսի անկման պատմության վրա խորհենք՝ որպիսզի հասկանաք հայկական ուղեղների հավաքական որակը: Վերջապես, ՍՈՎԵՏԸ ՉԿԱ ԱՐԴԵՆ եւ այն միայն հայհոյելը շատերի համար անիմաստ ու անընկալելի է: Օրինակի համար, պատկերացրեք հայերի վիճակը, եթե այդ ատելի սովետը պարտվեր հիտլերին (նկատի ունեմ թուրքական կազմ ու պատրաստ դիվիզիաները մեր սահմանի գլխին) - չէ որ Հայաստան աշխարհի հետքը չպիտի մնար օրերի ընթացքում: Եթե կասկածում եք, ապա Ձեզ հետ իմաստ չունի խոսել:
Raffi
To blame the Soviet Union for all the ills of present-day Armenia is foolish and self-deceiving. It's a cop-out pure and simple. The capitalist class now ruling Armenia and the lack of citizen participation in nation-building are the main culprits for Armenia's current morass. Nothing more.
Markar
Yet another article about the misery of life in Soviet Armenia, financed by the National Endowment for Democracy, a propaganda organ of the U.S. state. Instead of thanking the repatriates for their devotion and sacrifice for the country, these articles ridicule them. Where in these articles is there a mention of the little fact that, at the time of the repatriation, the USSR was trying to recover from the invasion of their country and the resulting death of well over 22 million Soviet citizens. Presumably, that is a negligible detail, unworthy of mention. But these stories are financed by a country that has in recent years gone on murderous rampages on three continents and unleashed mass surveillance and repression against its own citizens, all with the excuse that fewer than three thousand Americans were killed on 9/11. Yes, more and more Armenians cherish Soviet life, and they are getting younger. The reason is obvious. Since returning to capitalist rule, Armenia has lost perhaps one-fifth of its population. There are a little more than one half as many Armenians in the southern Caucasus as there were thirty years ago. Towns and villages lie empty. Malnutrition is endemic, as is unemployment. The quality of education has plummeted, and basic healthcare is inaccessible to much of the population. Crime, official and unofficial, has proliferated. Women have been shoved out of positions of power that they held during Soviet times, and they have been silenced. Foreign-owned mines are poisoning the rivers and destroying farmland. A previous generation of young people made themselves the butt of jokes in the west by aping the silliest western fashions. Increasingly, their grandchildren see them as gullible fools.
shahe
It is just the soviet regime of pigs, and still there are people who cherish soviet life. It is for this reason that we are fighting in karabagh, we still have nakhichevan, akhalkalak and Kars ardahan. The soviet union did more damage than the genocide itself. Every single person who still sympathizes with the russo-soviet junta should be regarded as traitor.
Հայկ
Այն որ հայրենադարձ հայերը ավելի շատ էին ենթարկվում բռնաճնշումների, ավիճելի փաստ է։ Դա միանշանակ հաստատվում է արխիվային վիճակագրությամբ։ Պատճառը մեկն էր՝ նրանք չեին անցել հոկտեմբերիկ ֊պիոներ֊ կոմսոմոլ սովետական մամլիչով և, ունեին «կասկածելի» կապիտալիստական անցյալ և ճիշտ պատկերացում կյանքի մասին։ Ճշմարտության դեմ չմեղանչելով, ուզում եմ ասել, որ այսօր էլ այդ արատավոր բացիլը շարունակում է ապրել մեզանից շատերի ուղեղներում։ Հայ ժողովրդի մոտ այդ վտանգավոր վիրուսը պատվաստվել Մոսկվայի կողմից և դեռևս կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մնում է Չարիքի կայսրությունը։
Տիգրան
Այս նախագիծը նվիրված է հայրենադարձներին։ Եւ չի ասում, թե միայն հայրենադարձներին են ճնշել։ Ինչ որ կարդում եք, նույնը պատահել է նաեւ տեղացիների հետ։ Ինչ վերաբերվում է Գեւորգի ասածին, թե պետք է ներկան քննել, ամենեւին համաձայն չեմ։ Մեր ներկայի բոլոր արատները գալիս են անցյալից (սովետական)։ Պետք է անցյալը քննենք, որ հասկանանք արմատները։ Շնորհակալություն։
Gevorgin
Հայերի հետևից չէ, Գևորգ ։) Ըստ հոդվածագրի տրամաբանության, միայն հայրենադարձների հետևից էին ընկել։ Հոդվածների այս շարքը գնալով անհամանում է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter