HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Փյունիկի» նոր սեփականատերը բիզնեսներ ունի 5 երկրներում

«Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանին է պատկանում «Ֆոմլայն» ընկերությունը, որը Ռուսաստանում, Սերբիայում, Ուզբեկստանում, Լիտվայում եւ Ղազախստանում զբաղվում է նավթաքիմիական նյութերի, մասնավորապես՝ էլաստիկ պենոպոլիուրետանի արտադրությամբ։ Այս նյութն օգտագործվում է կահույքի արտադրության մեջ։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` հայտնեց անձամբ գործարարը, որն այս օրերին Երեւանում է` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքից ընդունելու «Փյունիկ» ակումբի նկատմամբ սեփականության իրավունքը։

Սողոմոնյանի խոսքով՝ «Ֆոմլայն»-ում իրեն է պատկանում բաժնետոմսերի 95 տոկոսը։

Հիշեցնենք, որ Հայրապետյաններն առանց ֆինանսական փոխհատուցման ռուսաստանցի գործարարին են փոխանցել ակումբի սեփականության բոլոր իրավունքները, բացառությամբ գույքի, որը նույնպես տրամադրվել է առանց վարձավճարի։

Արթուր Սողոմոնյանը «Փյունիկի» նկատմամբ անելիքները ներկայացնելու նպատակով ասուլիս էր հրավիրել։ Ասուլիսին մասնակցում էր նաեւ ՀՖՖ նախագահի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որը պատմեց, որ ակումբը ուրիշ մեկին փոխանցելու նպատակը եղել է այն, որպեսզի ֆեդերացիայի նախագահը կամ նրա ընտանիքից որեւէ մեկը առաջնությունում հանդես եկող ակումբներից որեւէ մեկի հետ փոխկապակցվածություն չունենա։

Արթուր Սողոմոնյանը խոստովանեց, որ ֆուտբոլային աշխարհում իրեն պրոֆեսիոնալ չի համարում, պարզապես այդ մարզաձեւի սիրահար է, բայց հենվելու է փորձառու մասնագետների խորհուրդների եւ նրանց հետ համագործակցության վրա։

«Ակումբի զարգացման ծրագրերում ավելի շատ հենց մեր մարզադպրոցները զարգացնելն ու մեր ակադեմիայի ֆուտբոլիստների համար աճ ապահովելն է։ Մեր նպատակները հեռու են գնում։  Պատրաստ եմ մինչեւ 2 միլիոն, կամ միգուցե ընթացքում մինչեւ 3 միլիոն դոլար ներդնել։ Ես դեռ տեղյակ չեմ Հայաստանի առաջնության մյուս ակումբների ծախսերից, բայց ցանկություն կա լավացնելու մեր ակադեմիայի ծախսերը, միգուցե ներգրավենք նաեւ արտասահմանյան մասնագետների։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց գործարարը։

Նրա խոսքով՝ «Փյունիկ»-ն այսօր այն վիճակում է, որ ավելի շատ ծախսեր է պահանջում, քան խոստանում եկամուտներ։ Սողոմոնյանը հույս ունի, որ կգտնվեն նոր մարդիկ՝ հայկական ֆուտբոլում ներդրումներ անելու պատրաստ, ինչի արդյունքում Հայաստանի առաջնությունը կուժեղանա։

«Ես հաշվի եմ առել ռիսկերը։ Սակայն հույս ունեմ, որ հայկական ֆուտբոլը դեռ ներդրողներ կներգրավի։ Եթե մեր ակումբներն ուժեղանան, լավ հանդես գան միջազգային ասպարեզում, եկամուտներ կստանանք»,-նշեց «Փյունիկի» սեփականատերը։

Առաջիկա մրցաշրջանի համար մեծ հավակնություններ է հանդես բերել առայժմ միայն Բագրատ Նավոյանը՝ առաջնության կրկնակի չեմպիոն «Ալաշկերտ» ակումբի սեփականատերը` ասելով, որ ամեն ինչ անելու է իր ակումբի չեմպիոնական շարքը շարունակելու եւ նոր տիտղոսներ վերցնելու համար։ «Հետք»-ը Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է ձեռնոց նետել Նավոյանին, եւ առաջիկա մրցաշրջանի համար ի՞նչ նպատակ են դնելու «Փյունիկ»_ի առաջ։

Սողոմոնյանը պատասխանեց, որ իր պլանները հեռահար են՝ առաջիկա 3-5 տարիների համար. «Հավակնությունների առումով մեր նպատակները լինելու են 3-5 տարվա համար, որպեսզի զարգացնենք մեր ակադեմիայի թիմերը, ունենանք սեփական ուժեղ կադրեր։ Իհարկե, չեմպիոնության ձգտելու ենք։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Միգուցե առաջին տարում կհրավիրենք 4-5 լեգեոներների։ Իսկ նրանք արտասահմանում հանդես եկող հայեր կլինեն, թե՞ օտարերկրացիներ՝ կորոշի գլխավոր մարզիչը»։

Դեռ որոշում չկա, թե ով կլինի «Փյունիկ»_ի նոր գլխավոր մարզիչը։ Առայժմ մեկ նշանակում է եղել՝ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ակումբի մարզական տնօրեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter