
«Արմենիան» կթռչի դեպի Միջերկրական ծով, «Տարոն-Ավիան»՝ Մոսկվա
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսից ընդլայնում է իր չվերթների ցանցը: Երեւանից դեպի Մին. Վոդի, Վորոնեժ, Բեյրութ եւ Թել Ավիվ թռչող օպերատորը հունիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը չարտերային թռիչքներ է նախատեսել դեպի հունական Սալոնիկ: Թռիչքները կկատարվեն ամեն հինգշաբթի: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 31-ից սկսած մի որոշ ժամանակ «Արմենիան» իրականացրել է սեզոնային (չարտերային) թռիչքներ դեպի այս տուրիստական քաղաք:
Ընկերությունը, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի, հունիսի 25-ից վերականգնում է նաեւ դեպի Թեհրան չվերթները (ամեն չորեքշաբթի եւ կիրակի): Սակայն եթե «Արմենիայի» պաշտոնական կայքում կարելի է Սալոնիկի տոմսեր պատվիրել, ապա Թեհրանի տոմսերը օդանավակայանի չվացուցակով ներկայացված օրերին անհասանելի են այս պահին:
Փետրվարին «Արմենիան» հայտարարել էր նաեւ հունական Հռոդոս (5 չվերթ հուլիսի 18-ից մինչեւ մինչեւ օգոստոսի 28-ն ընկած հատվածում) ու Կալամատա (5 չվերթ հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած հատվածում) կղզիներ, ինչպես նաեւ իտալական Վենետիկ մեկնելու մասին: Ընկերությունն Իտալիա կթռչի հուլիսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ յուրաքանչյուր շաբաթ:
Մայիսին էլ ընկերությունը հայտարարեց հուլիսի 12-ից ամեն չորեքշաբթի կանոնավոր կերպով իսպանական Բարսելոնա մեկնելու մասին:
Հայկական մյուս օպերատորը՝ Գյումրու «Տարոն-Ավիան», հունիսի 30-ից մեկնարկելու է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան (ամեն ուրբաթ): Հուլիսի 23-ից կլինեն թռիչքներ նաեւ կիրակի օրերին: Հիշեցնենք, որ այս պահին «Շիրակ» օդանավակայանում բազավորվող ընկերությունը թռչում է դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սամարա:
Լուսանկարները՝ ընկերությունների ֆեյսբուքյան էջերից
Մեկնաբանել