HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպիսի՞ն է բանտային սնունդը. մաս 2

սկիզբը

Գրիշա ԲալասանյանԶարուհի Մեջլումյան

Իրենք՝ բանտարկյալները, բանտային կերակուրը սովորաբար անվանում են «բալանդ», որն առաջացել է ռուսերեն “баланда” բառից: Թարգմանաբար նշանակում է՝ անհամ, շատ ջրալի կերակուր: Բանտային կերակուրը տեղի «բնակիչների» բերանով այսպես է կոչվել դեռ խորհրդային տարիներին: Մինչդեռ 26 տարի մեր պետությունն անցնում է դատաիրավական ոլորտի բարեփոխումների քառափուլ շրջան: Հետևաբար, ի՞նչ է փոխվել 26 տարվա ընթացքում տվյալ դեպքում բանտային սննդի ոլորտում՝ հաշվի առնելով, որ այն ֆինանսավորվում է մեր՝ հարկատուներիս միջոցներով: 

Դատապարտյալներն ու կալանավորները, իրավապաշտպաններն ու ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամները վկայում են՝ քրեակատարողական հիմնարկների ճաշացանկը հիմնականում կրկնվող է: Տապակած կաղամբը, շոգեխաշած թթուն ու շիլաները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ամենահաճախ հանդիպող կերակրատեսակներն են:

 

Որոշ ՔԿՀ-ներում` թափանցիկ կաթ, յուղալի ճաշեր, տարբեր շիլաներ. հետևանքը բանտային սննդի ընդունումից հրաժարումն է:  Մեր զրուցակիցներն ասում են, որ շատ վայրերում դա վերածվել է որակից բխող ենթամշակույթի:

 

Լուսանկարները՝ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի 2016-ին հրապարակած զեկույցից

Այնինչ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ, պետական բյուջեով սահմանված օրական շուրջ 700 դրամով կալանավորին ու դատապարտյալին պետք է օրական տրամադրվի հաց (650գ), ձավարեղեն (120գ), մակարոնեղեն (30գ), միս/մսամթերք (90 գ կամ 180գ՝ ոսկորով), կաթ/կաթի փոշի (100գ/14.3գ), ձուկ՝ առանց գլխի (100գ), կարտոֆիլ (550գ), այլ բանջարեղեն (250գ), պանիր (25գ), միրգ (200գ), կենդանական յուղ/մարգարին (45գ), 25գ բուսական յուղ, տոմատի մածուկ, (5գ), թեյ/թեյաբույսեր (2գ), հյութեր (100գ), աղ (20գ), շաքարավազ (40գ) և դափնու տերև (0.1գ):

Թեև Կառավարության որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր կալանավորված/ դատապարտված անձի տրամադրել, օրինակ, օրական 25 գ պանիր, սակայն ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի` 2014-2015թթ. այցելությունների ընթացքում (ստուգվել են խոհանոցը և պահեստը) ոչ մի հիմնարկում, բացի «Գորիս» և «Արմավիր» ՔԿՀ-ից, պանիր առկա չի եղել։

Փոխարենը ազատազրկվածների հարազատներն են հանձնուքների տեսքով փոխանցում նույն պանիրը, մսամթերքը, հացը, միրգը և այլն: Սա այն դեպքում, երբ ըստ պետական գնումների պայմանագրերի` 2013թ. գնվել է 6000 կգ, 2014թ.՝ 9000կգ, 2015թ.՝ 12.415 կգ և 2016թ.` 28.565 կգ պանիր:

Հարազատները փոխանցում են նաև միս այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկը 2016թ. գնել է 1500 կգ տեղական ոսկրոտ միս, 93.000 կգ մսի պահածո: Իսկ 2015թ. 103.808 կգ տավարի մսի պահածո, 1400 կգ տեղական ոսկրոտ տավարի միս: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի 2015թ. զեկույցի համաձայն՝ օրինակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված հարցման արդյունքներով` 63 դատապարտյալներից 54-ը պատասխանել է, որ իրենց ընդհանրապես մսամթերք չի տրամադրվում:

«Ինձ չեն դատապարտել, դատապարտել են իմ ընտանիքին»,-մեզ հետ զրույցում շեշտեց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ, դատապարտյալ Գառնիկ Առաքելյանը: «Ինչո՞ւ» հարցին հետևեց կնոջ պատասխանը՝ ոնց որ երկու տուն պահես: 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հորդորեց՝ գնացեք քրեակատարողական հիմնարկների հանձնուքների ընդունման կետերի մոտ ու անձամբ համոզվեք՝ ինչպես են հարազատները առաջին անհրաժեշտության մթերք հասցնում բանտեր:

Մենք եղանք «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան» ՔԿՀ-ների հանձնուքի ընդունման կետերում: Մարդկային կուտակումները, թերևս, Հայաստանի ամենածանրաբեռնված` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հանձնուքի ընդունման կետում են: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ազատազրկվածների հարազատները պարբերաբար սնունդ հասցնում ՔԿՀ, այն դեպքում, երբ պետական բյուջեից միլիոնավոր գումարներ են ծախսվում այդ նպատակի համար: 

Տիկին Լաուրան մեկն է այն մոտ 4000 ազատազրկվածների ծնողներից, ով տարիներ ի վեր սնունդ, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ է հասցնում որդուն: Նրա որդին քաղբանտարկյալ է, 4-րդ տարին է` բանտում է: Նախ «Նուբարաշենում» էր, այժմ` «Սևան» ՔԿՀ-ում: Այս անգամ նրա հետ շրջեցինք շուկայում ու խանութներում: Արձանագրեցինք, որ գնում է հիմնականում առաջնային անհրաժեշտության սնունդ` մսամթերք, կաթնամթերք, ձու:

Լաուրա Հարությունյանը պատմում է, որ «Նուբարաշենում» սնունդ էին տանում շուրջ 10 կալանավորի համար, ովքեր նույն խցում էին որդու հետ: Նույն իրողության մասին է վկայում մեր մյուս զրուցակից Ռուզաննա Թեմուրյանը: Մեր զրուցակիցները նշում են, որ իրենց հարազատներին ՔԿՀ սնունդ հասցնելու համար ծախսում են միջինում 15.000-80.000 դրամ, իսկ նախկին դատապարտյալ Արամ Դավթյանը ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկված գանգատում նշել է, որ ընտանիքը ծախսել է ամսական 350 եվրո:  

Պետական բյուջեով մեկ ազատազրկվածի համար օրական 6240 դրամ է նախատեսված: Արդյոք այդ գումարն, ըստ կարիքների, հավասարաչափ է բաշխվում, արդյոք հարկատուների միջոցները ծախսվում են նպատակային: 

Ըստ ՔԿ ծառայության ներկայացրած տեղեկատվության` օրական 6240 դրամից միայն 700 դրամն է հատկացվում կալանավորների ու դատապարտյալների սննդի համար, 122 դրամը՝ հանդերձանքի, 41 դրամը՝ հիգիենիկ պարագաների: Այսինքն՝ բուն ազատազրկվածի կարիքների համար ծախսվող գումարը քիչ է անգամ օրական 1000 դրամից: 

«Օրական մինչև 1000 դրամն, իհարկե, քիչ է, իսկ 85.000 դրամ աշխատավարձը շա՞տ է, թե՞ քիչ,- ասաց ՔԿ վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե պետական բյուջեի հաշվին ազատազրկված անձին տրամադրվում է բավարար սնունդ,-ոչ թե ճոխ, այլ բավարար սնունդ ենք ապահովում, տերմինը հիշեք»: 

Մինչդեռ սննդի համար հատկացվող 700 դրամից շուրջ 8 անգամ ավել են կազմում շենք-շինությունների ու վարչակազմերի պահման գումարները: Այդ գումարներն, ի դեպ, տարեցտարի ավելանում են, փոխարենը անփոփոխ է մնում կալանավորների ու դատապարտյալների սննդի համար նախատեսված ծախսը՝ 700 դրամը: Այսպես՝ եթե 2013-ին մեկ ազատազրկվածի օրական պահման համար հատկացվող գումարը հաշվարկվել է 5144 դրամ, 2014-ին այն ավելացել է՝ դառնալով 5840 դրամ, 2015-ին դարձել է 6179 դրամ, իսկ 2016-ին՝ 6240 դրամ: Այնինչ սննդի վրա ծախսվող գումարը 2013-ի 704 դրամից նվազել է՝ վերջին 3 տարիներին դառնալով 700 դրամ:   

Հետևաբար, ովքե՞ր են պահում ազատազրկվածին` հարազատնե՞րը, թե՞ հարկատուները: Ըստ ՔԿՎ պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանի` հարազատները չեն կարող պահել ազատազրկվածներին, միգուցե մի համով ճաշ են պատրաստում, ուզում են կիսել ազատազրկված հարազատի հետ: Այնինչ հարազատները վկայում են, որ ճաշերից զատ տանում են նաև առաջնային անհրաժեշտության մթերք՝ հաց, կաթնամթերք, մսամթերք, ձու և այլն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքով, հարկատուները պահում են վարչակազմ և շենքեր, իսկ դատապարտյալների կարիքները հոգում են հարազատները:

Նախկին ու ներկա դատապարտյալներից ոմանք, նաև իրավապաշտպաններ առանձնացնում էին «Գորիս» ՔԿՀ-ն, երբեմն էլ «Սևան» ՔԿՀ-ն՝ նշելով, որ սնունդն այնտեղ լավ է պատրաստվում: «Գորիս» քրեակատարողական հիմնարկի խոհանոցում աշխատում է խոհարար և ոչ թե կալանավոր, ով մասնագիտացած չէ խոհարարական բնագավառում:  

Լուսանկարները եւ տեսանյութը` Սարո Բաղդասարյանի, Դավիթ Բանուչյանի

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Զարուհի
Հարգելի Հասմիկներ, հետաքննության շարքի ավարտին անպայման լինելու են իրատեսական առաջարկություններ, որոնց իրագործման պարագայում հանրային միջոցների ծախսման վերահսկողությունը կշահի: Այլ հարց է՝ արդյոք համակարգը կդրսևորի կամք կատարելու այդ էլեմենտար փոփոխությունները: Ամեն դեպքում պիտի լինի հանրային պահանջ, թե ինչպես են ծախսվում իր գրպանից վճարած հարկերը:
hasmik
իմ համոզմամբ մարդկանց համատարած կալանավորելու հիմնական պատճառը հենց սննդի և մյուս ծախսերի համար նախատեսված գումարների մեջ է օրական հսկայական քանակությամբ սնուդ է մտնում, համարյա 90 ՏՈԿՈՍԸ ՍՆՎՈՒՄ Է դրսից բերված սննդով, իսկ սննդին տրամադրված գումարները յուրացվում են դրան գումարած հիգենիկ և այլ պարագաների գումարները գումարած հեռախոսի փողը գումարած քնելու համար ամսեկան փողը գումարած....ստացվում է ինչքան շատ կալանավոր այնքան լավ ոչ մի բիզնես այդպես չի բարգավաճում ինչպես կալանավայրերի բիզնեսը ահա քեզ Հայաստան երկիր
Հասմիկ Ա.Ա.
Դրա համար էլ այդ ,,գրանտակեր,, ավազակ իշխանությանը ձեռնտու է կալանավորների մեծ քանակը: Իսկ որտե՞ղ են բարեփոխումների համար միլիոններ տրամադրող կազմակերպությունների վերահսկումները: Կարելի է հետևություն անել, որ այդ փողերն իրար մեջ բաժանել են և թեման փակել: Եվ ո՞րն է այս խայտառակ, դաժա՜ն, ստո՜ր վիճակից ազատվելու ելքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter