Ովքե՞ր և որտեղի՞ց են մեծ քանակությամբ ոսկի ներմուծում Հայաստան
Հայաստանից ամեն տարի նշանակալի ծավալների ոսկի է արտահանվում (օրինակ՝ 2016 թվականին արտահանվել է 4 տոննա ոսկի): Այն երկրից դուրս է գալիս հիմնականում Դորե համաձուլվածքի տեսքով՝ ոսկու առնվազն 70% պարունակությամբ, մնացածը՝ արծաթի։ Ոսկին, սակայն, Հայաստանում վերջնական մշակման չի ենթարկվում, քանի որ առայժմ չկան համապատասխան ձեռնարկություններ ու ներդրումներ։ Այն արտահանվում է Կանադա և, հետագայում, վերամշակվում։ Երկրում ոսկու վերջնական արտադրության բացակայության պատճառով հայ ոսկերիչները, բանկերն ու այլ կառույցներ վերամշակված ոսկի են գնում արտասահմանից, որը հնարավոր է օգտագործել, օրինակ, ոսկերչական իրերի արտադրության մեջ։
Վերջին 10 տարիներին Հայաստանը առավել մեծ ծավալի ոսկի է ներմուծել 2007-2008թթ. և 2013-2014թթ.։
Ըստ Հայաստանի մաքսային ծառայության տվյալների՝ ներմուծման ամենամեծ քանակը եղել է 2007 թվականին՝ 5,7 տոննա, իսկ ամենամեծ արժեքը՝ 2013 թվականին, որը կազմել է մոտ 169 մլն դոլար։
Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 19,5 մլն դոլար արժողությամբ 482 կգ ոսկի։ 2015 թվականի համեմատ` քանակը նվազել է 154 կգ-ով կամ 24%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 3,8 մլն դոլարով կամ 16%-ով։
Ոսկի են ներմուծում հիմնականում բանկերը
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ին տրամադրված տվյալների համաձայն` վերջին հինգ տարում Հայաստան ոսկի են ներմուծել հիմնականում բանկերը։ Օրինակ՝ 2013 թվականին ոսկի են ներմուծել «Ամերիաբանկ»-ը, «Արարատբանկ»-ը, «Արմսվիսբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը և «Արցախբանկ»-ը։ Ըստ ՊԵԿ-ի՝ այդ տարի, նշված բանկերը հանդիսացել են ոսկի ներմուծող հիմնական խոշոր կազմակերպությունները։ Տարբեր տարիների ընթացքում խոշոր ծավալի ոսկի են ներմուծել նաև «Հայէկոնոմբանկ»-ը և «Կոնվերս բանկ»-ը։ ՊԵԿ-ը, սակայն, չի ներկայացնում, թե ո՞ր բանկը որքա՞ն ոսկի է ներմուծել. դա համարվում է առևտրային գաղտնիք։
Բացի բանկերից, որպես խոշոր ներմուծողների` Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է նաև «Արիստոս», «Թուֆենկեան ջեվելլերի», «Գոլդեն Բելլ ջեվելերի», «Ջերիալ» և «Ալսեմա գոլդ» ընկերությունները, որոնք գործում են ոսկերչության ոլորտում։
Որտեղի՞ց է ներմուծվում ոսկին
Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանն առավել մեծ ծավալի ոսկի ներմուծում է Շվեյցարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ավստրիայից։ Օրինակ՝ 2013 թվականին շուրջ 40 մլն դոլարի ոսկի է ներմուծվել Ավստրիայից, մոտ 100 մլն դոլարի ոսկի՝ Շվեյցարիայից, 4 մլն դոլարի էլ՝ ԱՄԷ-ից։
2015-2016թթ-ին ոսկու ներմուծման ծավալները կտրուկ նվազել են։ 2016 թվականին ներմուծվել է շուրջ 19,5 մլն դոլարի ոսկի՝ հիմնականում Շվեյցարիայից ու ԱՄԷ-ից։ Իսկ Ավստրիայից ոսկի չի ներմուծվել։
Ինչպես նշեցինք` Հայաստանը ոսկի է ներմուծում, քանի որ տեղում վերջնական արտադրություն չկա՝ թեև կան ոսկու պաշարներ։ Այս երևույթը հայկական ոսկեգործության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է։ Հայ ոսկերիչները ստիպված են ոսկերչական իրերի պատրաստման համար գնել ներմուծված ոսկին։ Բանկերի բերած ոսկու մի մասը գնում են հենց նրանք։ Թե ո՞ր մասն են գնում, և ի՞նչ նպատակներով են բանկերն օգտագործում մնացած ոսկին` ֆինանսական այդ կառույցները դա գաղտնիք են համարում։
Հայաստանում պարբերաբար քննարկվում է ոսկու վերջնական արտադրություն կազմակերպելու հարցը։ Երբեմն ներկայացվում են ծրագրեր ու տեսլականներ, սակայն, մոտ ապագայի համար, որևէ իրատեսական ծրագիր այս պահին չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանը մեծ ծավալի պատրաստի ոսկերչական իրեր է արտահանում, ինչպես նաև՝ ոչ մեծ ծավալներով ներմուծում։ Օրինակ՝ նախորդ տարի ներմուծվել են մոտ 1,2 տոննա ոսկեչական իրեր, որոնց ընդհանուր մաքսային աժեքը կազմել է 4,9 մլն ԱՄՆ դոլար։ Նույն տարում արտահանվել են 19,4 տոննա ոսկերչական իրեր՝ 17,5 մլն դոլար մաքսային արժեքով։
լուսանկարը` telegraph.co.uk
Մեկնաբանել