HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստիան Պինոյի այցը Երևան. ֆրանսահայերի ռևանշը (մաս 2)

Գեւորգ Մկրտչյան

հետազոտող, «Ֆակտում» ՀԿ

մաս 1

1956 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստիան Պինոն՝ տիկնոջ եւ ուղեկից պաշտոնյաների հետ, արդեն Հայաստանում էր։ «Երեւանը, արեւի ջերմ ճառագայթներով, դիմավորեց Ֆրանսիացի հյուրերին». հաջորդ օրը գրում էր «Սովետական Հայաստան օրաթերթը։ Հոդվածում, որը մանրամասնորեն ներկայացնում է բարձրաստիճան հյուրի դիմավորումը, կա պարտադիր անհրաժեշտը՝ ծածանվող դրոշակներ, երջանիկ բազմություն, ծաղկեփնջերով դպրոցականներ եւ այլն։ Բնականաբար՝ ոչ մի խոսք ֆրանսահայերի մասին։

«Մեր ուղեւորությունը կազմակերպվեց այնպես, որպեսզի ես կարողանայի այցելել հենց Երեւան, եւ ես, առանձնապես, բախտավոր եմ դրա համար». օդակայանում ասում է Քրիստիան Պինոն։

Ինչո՞ւ էր նա ցանկացել հենց Երեւան այցելել, ո՞րն էր նպատակը։ Գիտե՞ր արդյոք ֆրանսիացի նախարարը, որ արժանանալու է իր երկրի երբեմնի հպատակների կամ քաղաքացիների բուռն ընդունելությանը։ «Սովետական Հայաստանը» դրա մասին լռում է։ Ֆրանսահայ նախկին հայրենադարձների հետ զրուցելիս եւս հնարավոր չեղավ գոնե մոտավոր պարզել Պինոյի՝ Երեւանն ընտրելու պատճառները։ Ենթադրությունները տարբեր են, բերեմ դրանցից երեքը։

ԱՄՆ-ից 1949-ին ներգաղթած, այժմ Փարիզում բնակվող Հակոբ Ֆիլյանն ասում է, իբր Պինոյի հայրը եղել է Կապանի պղնձի հանքերի բաժնետեր եւ այդ պատճառով է նա ցանկացել գալ Հայաստան։ «Ինքը խնդրել էր Խրուշչովին, որ գնա տեսնի Հայաստանը։ Խնդիր չկա, կարող ես գնալ՝ ասել էր Խրուշչովը»։ Սա, իհարկե, առասպել է, մեզանում շատ տարածված պատում, որտեղ երբեմն փոխվում են անունները։ Մի ժամանակ էլ ասում էին, թե Շարլ դը Գոլի հայրն է Ալավերդու պղնձի հանքերի բաժնետեր եղել եւ իբր ֆրանսիացի գեներալը ծնվել է հենց այդտեղ՝ Լոռվա ձորերում։

Երկրորդ տարբերակը 1947-ին ներգաղթած, այժմ Մարսելում բնակվող Անահիտ Գրիգորյանի պատմածն է. «Պինոյին Մալումյանն ուղարկեց։ Մալումյանը մասաժիստ էր (մերսող) եւ շատ բարձրաստիճան, կառավարական մարդոց հետ կաշխատեր։ Պինոն անոր ըսել էր՝ Ռուսաստան կերթամ։ Ան ալ ըսել էր՝ լավ կըլլա մեյ մը Երեւան անցնիք։ Բայց հոն (Երեւանում) մարդ չգիտեր աս պատմությունը»։

Դոկտոր Մկրտիչ Մալումյանը 1947-ին Ֆրանսիայից Հայաստան եկել էր աշխատանքային պայմանագրով՝ Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում մարզական բժշկություն դասավանդելու։ Նախապես համաձայնեցրել էր բնակարանի, աշխատավարձի եւ այլ հարցերը, բայց տեսնելով, որ նախապայմանները խախտվում են, փորձել էր վերադառնալ։ Եւ մինչ պայքարում էր դրա համար՝ անգամ նամակ գրելով անձամբ Ի.Վ.Ստալինին, նրա որդուն՝ Արման Մալումյանին, ձերբակալում եւ աքսորում են Սիբիր։ Ստալինի մահից հետո Մկրտիչ Մալումյանին հաջողվում է դուրս գալ ԽՍՀՄ-ից, ավելի ուշ ազատվում եւ ընտանիքին է միանում որդին։

Մալումյանները շատ լավ ծանոթ էին եւ հայրենադարձների վիճակին, եւ սովետական իրականությանը, ունեին հստակ դիրքորոշում, բայց քիչ հավանական է, որ մերսող բժշկի խորհրդով դիվանագիտական այցի օրակարգ ձեւավորվեր։

Վերջին տարբերակը, որի մասին ավելի հաճախ է խոսվում, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան ուղղորդումն է։ Ստալինի մահից հետո, զգալով հարաբերական ազատության շունչը՝ ֆրանսահայերը սկսել էին նամակներ գրել դեսպանատուն՝ խնդրելով վերադարձի հնարավորություն տալ իրենց։ Սա, անշուշտ, կարող էր լինել ԱԳ նախարարի երթուղում Երեւանը ներառելու պատճառ, բայց դատելով պատասխաններից, վերադարձի հարցը, դիվանագիտական այցի ընթացքում, դժվար թե քննարկման առարկա դառնար։

Ալբերտ Գեզոյանը

«Ճիշտ է, դուք ֆրանսիացի եք, բայց Հայաստան որ եկաք, ընդունեցիք սովետական քաղաքացիություն։ Սովետը նույն իրավունքներն ունի ձեզ վրա, ինչ որ մենք։ Մինչեւ սովետը թույլ չտա, մենք ոչինչ չենք կարող անել». վաթսուն տարի անց իր նամակի պատասխանն է վերարտադրում 1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, այժմ Փարիզում բնակվող Ալբերտ Գեզոյանը։

Բոլոր դեպքերում հայրենադարձների հուշերում Պինոյի այցի նշանակությունը գերագնահատված է։ Ասում են՝ Պինոն պահանջել էր, որ վերադարձի հնարավորություն տան ֆրանսահայերին։ Մի՞թե կարող էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նման բան անել՝ դեմ գնալով դիվանագիտական վարքականոնին։ Առավելագույնը՝ նա կարող էր հարցեր ուղղել Հայաստանի ղեկավարներին, ինչին նրանք պիտի տային «ամեն ինչ կարգին է, մեր քաղաքացիները երջանիկ են» հերթապահ պատասխանը։

1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, այժմ Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Վերգինե Հեքիմյան-Անթառամյանը, թեեւ անձամբ ներկա չի եղել օդակայանում, բայց պատմում է մանրամասները. «Ժողովուրդը գացին դիմավորելու Պինոյին եւ Մարսելյեզը երգեցին։ Պինոն զարմացավ, որ Մարսելյեզը կերգեին։ Կին մը ծունկի եկած էր ասելով՝ մեզի ազատեցեք, մենք կուզենք դուրս ելլանք, դուրս գանք՝ ձեւը գտեք։ Պինոն իրենց շուրջի մարդկանց ըսավ, հետեւեցեք, թե ինչն է պատճառը, որ կուզեն այս մարդիկը դուրս գան»։

Վերգինե Հեքիմյան-Անթառամյանը

Տիկին Վերգինեն կարծում է, որ իր ուղեկիցներին հանձնարարություններ տալուց բացի՝ ֆրանսիացի նախարարը նաեւ խիստ հարցադրումներ է արել.  «…եթե կուզեն դուրս գալ, ինչո՞ւ չեք թողեր»։

Ի՞նչ են պատասխանել Հայաստանի ղեկավարներն, անհայտ է։ Կա միայն ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի արձանագրությունը, որից տեղեկանում ենք, որ հայրենադարձների բողոքի արարքը կանխելու պետական մարմինների անկարողությունը մտահոգել է հանրապետության ղեկավարներին։

Իրականում ֆրանսահայերն ակտիվ շփումներ են ունեցել Պինոյի ուղեկիցների, հատկապես՝ լրագրողների հետ՝ փորձելով այդ կերպ ուշադրություն հրավիրել ներգաղթողների սոցիալական եւ կենցաղային խնդիրների վրա։

Մեզ հետ զրուցած հայրենադարձներից միայն մեկն է անձամբ ներկա եղել օդակայանում՝ այժմ Լիոնում բնակվող Մադլեն Նիրիսյան-Չուլֆյանը, ում նկարը տեղ էր գտել «Paris Match» ֆրանսիական պարբերականի 1956-ի մայիսի 26-ի համարի ֆոտոպատմության մեջ։ Նրա կարծիքով՝ օդակայանում հավաքվելը ընդամենը Պինոյին ուղեկցողների հետ հաղորդակցվելու հնարավորություն էր, ուրիշ ոչինչ։

«Մեկ ժուռնալիստի բռնեցի, շատ լավ մարդն մըն էր, քեֆ մը ըրինք մեկ անգամ: Հետո իրեն տարի Չարբախ, մեր տունը ցուցադրեցի՝ աղքատությունը ինչ է, բան մը չունեինք։ Հետո որ կոշիկներն ամենը ցեխ եղավ, խենթեցավ մարդը». պատմում է տիկին Մադլենը։ Նա ասում է, որ իր երեք ընկերուհիներին ձերբակալել էին եւ շատ չանցած ազատ արձակել. «Վախցա ինձի ալ բռնեն, որովհետեւ ժուռնալիստին մեր տունը տարեր էի»։

Ֆրանսահայ քանի՞ հայրենադարձ է մասնակցել օդակայանի ցույցին, քանի՞սն են շփվել Պինոյի ուղեկիցների հետ, դժվար է ասել։ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի վերը նշված արձանագրությունում խոսվում է ընդամենը 2-3 ֆրանսուհիների մասին, որոնք իրենց հայ ամուսինների հետ վազել են դեպի հյուրը եւ խնդրել աջակցել վերադարձի հարցում։ «Նման բացականչություններ եղել են նաեւ ամբոխից»։

Իրականում հենց այդ երկու-երեք ծագումով ֆրանսիացիներն էլ, Պինոյի այցի արդյունքում, կարողացան արագ ձեւակերպել փաստաթղթերն ու հեռանալ ԽՍՀՄ-ից։ Իսկ ֆրանսահայերի համար Պինոյի այցը դարձավ սոսկ խնդիրներ եւ ցանկություններ բարձրաձայնելու առիթ։ Նրանք դիմեցին ՕՎԻՐ եւ սպասեցին մինչեւ սովետը թույլ տա։  Մեր ունեցած տեղեկություններով ֆրանսահայերի արտագաղթը սկսվել է 1964-65 թվականներին՝ նախարարի այցից մոտ մեկ տասնամյակ անց։


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter