HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Դավիթ Բարսամյան. «Լրագրողները չպետք է ընկերներ ունենան»

Դավիթ Բարսամյանը Միացյալ Նահանգներում գործող Այլընտրանքային ռադիոյի հիմնադիրն ու տնօրենն է: Աուդիո ծրագրեր վարելուց բացի նա գրքեր է հեղինակել մի շարք հայտնի մտավորականների հետ, որոնց թվում` Նոամ Չոմսկին, Էդվարդ Սայիդը, Արունդհատի Ռոյը և այլք:

Բարսամյանի հետաքրքրության շրջանակում են միջազգային քաղաքականությունը, իմպերիալիզմը, կապիտալիզմը, մեդիան, պրոպագանդան, տնտեսական ճգնաժամերը և էկոլոգիական խնդիրները, դիմադրությունները:

Դավիթ Բարսամյանը հունիսի 6-9-ը երեք դասախոսություն կարդաց Երևանում` ԱՄՆ արտաքին քաղաքականության և Իրանի` որպես դրա թիրախի, կապիտալիզմի, շրջակա միջավայրի, պրապագանդայի, ինչպես նաև այս հարցերում մեդիայի դերի մասին:

«Տեղեկատվամիջոցները սիրում են իրենք իրենց ներկայացնել որպես օբյեկտիվ, հավասարակշիռ և ազատ որևէ կողմնակալությունից ու օրակարգից: Բայց իրականությունը միանգամայն ուրիշ բան է առաջարկում: Տեղեկատվամիջոցները գործում են որպես զանգվածային շեղման զենք»,- ասում է Բարսամյանը:

Մեդիան ու իշխանությունները ենթարկվում են խոշոր կորպորացիաների ազդեցությանը, և հարցականի է ենթարկվում դեմոկրատիայի գաղափարը: Միացյալ Նահանգները դաշնակիցներ ընտրելիս առաջնորդվում են ոչ այնքան ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքներով, որքան տնտեսական, ռազմական և այլ շահերով, ինչի հետևանքով դաշնակիցների շարքում են հայտնվում բռնաճնշումներով ու մարդու իրավունքների խախտումներով հայտնի երկրներ (Թուրքիան, Սաուդյան Արաբիան), իսկ փոխարենը` թիրախավորվում ուրիշները (Իրան):

Կորպորատիվ ազդեցության է ենթարկվում նաև գիտությունը, երբ հրապարակվում են կլիմայի փոփոխությունը կամ ծխելու և քաղցկեցի կապը հերքող հոդվածներ` պատվիրված հանածո վառելիքի (fossil fuel) կամ ծխախոտային արդյունաբերության ընկերությունների կողմից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլիմայի փոփոխությունն անվանեց «խաբկանք», իսկ ամերիկյան տեղեկատվամիջոցները 2016թ-ին նվազեցրին թեմայի լուսաբանումը 66%-ով: Բարսամյանի կարծիքով` այն, ինչ կատարվում է կլիմայի հետ, մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն է:

Նա առաջարկում է վիճարկել իշխանության խոսքը (հաճախ տարածված մեդիայի միջոցով) և մտածել «արկղից դուրս». «Մենք չենք կարող տալ նրանց այդ զենքը, մենք պետք է մտածենք արկղից դուրս` ստեղծագործական ձևերով»:

Դավիթ Բարսամյանը նաև լրագրող է, լուսաբանել է իրավիճակը մի շարք երկրներում` Իրանում, Պակիստանում և այլուր: 2011թ-ից արգելվել է նրա մուտքը Հնդկաստան` Կաշմիրի բռնաճնշումների մասին գրելուց հետո: «Իրական լրագրությունը հետաքննող է, հարցաքննող, ենթադրությունները վիճարկող»,- ասում է նա:

Բարսամյանը վերջին անգամ Հայաստանում էր եղել 38 տարի առաջ: Բանախոսություններ կարդալու նպատակով Երևան է եկել «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի հրավերով:

«Հետք»-ը Դավիթ Բարսամյանի հետ զրուցել է բանախոսությունների թեմաներին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Տասնամյակներ անց կրկին Հայաստանում եք: Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի քաղաքական համակարգը:

Հայաստանի քաղաքական համակարգը... Խաբուսիկ մի նմանություն կա դեմոկրատիային, երբ կան ընտրություններ, խորհրդարանի անդամներ, նախարարություններ: Բայց դեմոկրատիան չի կարող սահմանվել միայն ընտրություններ ունենալով: Այն պետք է ունենա իրական էություն: Արդյո՞ք մարդիկ ձայն ունեն` այս երկրի պաշարները բաշխելու հարցում: Արդյո՞ք նրանք դեր ունեն օրենսդրության մեջ, որն օտար կորպորացիաներին թույլ է տալիս կառավարել հանքային հարստությունն ու ջուրը այս երկրում: Եթե այս հարցերի պատասխանը «ոչ» է, ուրեմն դա խեղաթյուրված դեմոկրատիա է: Դեմոկրատիա է` անունով, բայց ոչ գործնականում:

Հավանաբար լսել եք Ամուլսարի ոսկու կորզման նախագծի և Ավրորա մրցանակաբաշխության մասին: Շատերն ասում են` հանքարդյունաբերական այս նախագիծը ֆինանսավորողները չեն կարող մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալ, ուրիշներն ասում են` սրանք տարբեր երևույթներ են, և պետք չէ նմանապես դատել: Ո՞րն է Ձեր տեսակետը:

Կարծում եմ` պետք է դատել հավասարապես, ոչ իրարից անջատ: Եթե ես հրաշալի, բարի ջենտլմեն լինեմ Ձեզ հետ և հետո գնամ մյուս սենյակ և լինեմ դաժան ու ծեծեմ ինչ-որ մեկին, նույն մարդը կլինե՞մ: Այո: Իհարկե, պետք է դատեք մարդուն կամ կազմակերպությունը` ըստ իր արժեքների: Եվ եթե նրանք կողոպտում են երկրի բնական պաշարները, ինչպիսին է ոսկին, այնուհետև ստեղծում են մրցանակ` որպես շեղում և զվարճանք, կարծում եմ` իրական հակասություն կա այդտեղ: Պետք է լինի հարգանք առ շրջակա միջավայրը և մարդու իրավունքները: Դա ինչ-որ խաղալիք չէ կամ գնդակ, որ նետում ու բռնում ես: Դա իրական երևույթ է: Եվ պետք չէ մանիպուլացվել պրոպագանդիստական նպատակներին` մոլորակը կողոպտելու մեծ հանցանքը ծածկելուն և մարդկանց մի փոքր խմբի համար հարստություն կուտակելուն, մի հարստություն, որից Հայաստանի ժողովուրդը չի օգտվելու, այլ այդ ոսկու հանքի տերերը:

Բանախոսություններից մեկի ժամանակ խոսեցիք տոտալիտար առաջնորդների, ինչպես նաև Թրամփի գործադրած տեխնիկայի` քավության նոխազ գտնելու մասին. վերջինս մատնացույց է անում մեքսիկացիներին, մուսուլմաններին, փախստականներին, իսլամը` որպես ամերիկացի ժողովրդի դժվարությունների պատճառ: Հայաստանում, փոփոխությունների հնարավորությանն առերեսվելիս, իշխանությունը հիշատակում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցերը, իսկ տեղեկատվամիջոցները հաճախ կողմնակալություն են ցուցաբերում այս հարցում: Ի՞նչ կասեք հակամարտությունը լուծելու գործում վերջիններիս դերի մասին:

Հակամարտությունը լուծելու, թե ցանկացած ուրիշ հարցերում մեդիայի դերը պետք է լինի ճշմարտությունն ասելը, երկրի քաղաքացիներին իրական տեղեկություն հաղորդելը, ոչ թե` պրոպագանդա կամ աղբ, որը պատրաստում են հանրային կապերի որոշ ընկերություններ` որոշ կորպորացիաների համար, այն մասին թե որքան լավն են իրենք և որքան շատ են սիրում Հայաստանն ու նրա մշակույթը և նման այլ բաներ: Ամերիկայում մի ասացվածք կա, մենք ասում ենք` լրագրության դերը վշտացածներին սփոփելն է և հարմարության մեջ ապրողներին անհանգստացնելը: Աղքատներին հանգստացնելը պետք է լինի լրագրողների դերը: Լրագրողները չպետք է ունենան ընկերներ: Նրանք չպետք է կարողանան զանգել նախագահին և ասել` արի միասին լահմաջո ուտենք, հետո թենիս խաղանք, ֆիլմ դիտենք, զվարճանանք և այլն: Ոչ, լրագրողները չպետք է ընկերներ ունենան:

Կոնկրետ այդ հարցի կապակցությամբ` պետք է գտնեք որոշ բանաձև, հակառակ դեպքում այն կշարունակի արյունաքամել երկիրը և նրա պաշարները, կբերի ավելի ու ավելի շատ ռազմականացման և կսնուցի ռասիստական գաղափարներ նաև մուսուլմանների, թուրքերի ու ադրբեջանցիների մասին: Ես կողմ չեմ որևէ տեսակի ռասիզմի: Մենք ռասիզմի զոհեր ենք: Մենք քավության նոխազ ենք եղել թուրքերի համար` իրենց կայսրության փլուզման հարցում: Քավության նոխազ դարձնելը ծայրահեղորեն վտանգավոր է, և մենք պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչպես են քաղաքական գործիչները ցանկանում մանիպուլացնել մեզ` հասնելու համար որոշակի նպատակների, որոնցից կշահեն իրենք, բայց ոչ անհրաժեշտաբար` ժողովուրդը:

Ո՞վ է մտավորականը Ձեզ համար, և ո՞րը պետք է լինի նրա դերը սոցիալական խնդիրներին արձագանքելիս:

Անտոնիո Գրամշին շատ է գրել այդ մասին, ինչպես և Էդվարդ Սայիդն ու Նոամ Չոմսկին: Կարծում եմ` մտավորականների պարտավորությունը ընդդիմություն լինելն է, ոչ` ղեկավարներին ու էլիտաներին ծափահարելը, ոգեշնչելն է, ինչպես նաև վերլուծելը մի լեզվով, որը պարզ է և շիտակ: Սա մի վտանգ է, որի առաջ շատ մտավորականներ նահանջել են` գործածելով այնպիսի մի լեզու` շատ բարդ բառերով, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Եվ մտավորականները` լինի Ջեյմս Բալդուինը կամ Մալքոլմ Իքսը կամ ուրիշը` ինչպես Նոամ Չոմսկին, որի հետ շատ եմ աշխատել, շատ համարձակ են: Նրանք չեն վախենում իշխանություն ունեցողներին քննադատել: Իրականում դա նրանց ուժն է: Մտավորականները սովորաբար արտոնյալ դիրքերում են․ նրանք համալսարանի պրոֆեսորներ են կամ համալսարանական այլ պաշտոններում, ուրեմն արդեն վերին էշելոնում են` դասակարգի իմաստով, և կարող են արդյունավետորեն քննադատել համակարգը: Դրա կարիքն է, որ մարդիկ ունեն. արդյունավետ քննադատություն և լեզու, որը պարզ է, բաց և թափանցիկ:

Մեծ թվով մտավորականներ թաքնվում են իրենց կոչումների ու պաշտոնների հետևում և չեն կիրառում իրենց գիտելիքը: Գիտելիքն ուժ է, և երբ այդ գիտելիքը թաքցվում է բնակչությունից, վերջինս կտուժի: Երբ գիտելիքը տարածվում է և սերմանվում բնակչության շրջանում, վերջինս ուժ է ստանում, ավելի լավ դրության մեջ է հայտնվում: Ուրեմն, մտավորականները չպետք է հրապուրվեն իշխանությամբ: Իսկ իշխանությունները միշտ փորձում են օգտագործել նրանց, ուզում են, որ իրենց հսկողության տակ լինեն: Մտավորականները պետք է պայքարեն դրա դեմ:

Որտեղի՞ց է գալիս փոփոխությունը:

Պատմականորեն փոփոխությունը, հատկապես Միացյալ Նահանգներում, միշտ եկել է ներքևից: Այն երբեք չի եկել վերևից: Որովհետև ներքևը ներկայացնում է հիմնական մարդանց, հանրային կարծիքը, և ոչ էլիտային կարծիքը, որը վերևում է և ուզում է պահպանել ստատուս քվոն` գուցե որոշ մակերեսային բարեփոխումներով, օրինակ` եթե ինձ վրա ճնշում գործադրես, քեզ ավելի լավ Wi-Fi կապ կտամ կամ ծառայություն` քո որոշակի տարածքում, բայց միայն այդքանը: Իսկ այժմ դու ուզում ես փոխել կառավարության, հասարակության, պակաս եկամուտի, անհավասարության ողջ կառուցվածքը:

Դա կարևոր հարց է այստեղ, նաև Միացյալ Նահանգներում. մարդիկ կազմակերպվում են այն հարցի շուրջ, որ հարուստներն ավելի են հարստանում, իսկ բնակչության մնացած մասը կա´մ մնում է նույն տեղում, կա´մ ավելի է աղքատանում: Այսպիսով, հարստության անհավասար բաշխում կա: Կրկին` մտավորականները պետք է խոսեն այս մասին:

Փոփոխությունը ներքևից է գալիս. այդպես է եղել բազմաթիվ պայքարներում ամբողջ աշխարհում` ամերիկյան հեղափոխության, ֆրանսիական հեղափոխության, բոլշևիկյան հեղափոխության ժամանակ: Էներգիան եկել է ներքևից, զանգվածներից:

Մեկնաբանություններ (7)

Սոֆյա
Մարտինը ճիշտա ասում, Հետք-ը Ժողովրդի պատվերնա անում, բա եթե պետությունը ժողովրդի պատվերը չի անում, մեկը պիտի՞ լինի ժողովրդի պատվեր անողը էս անտեր երկրում... Հետք ջան աբրիս )))
Rita Norton
Media, Propaganda, and U.S. Foreign Policy--a careful explanation of an unexplainable Targeting Iran--much tougher; digging into hubris; hope you keep digging
german
The headline kills. Should be continued: Should Not Have Any Family, Should Not Have Any Kid.. Should Not Have Any God
Լևոն
Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆեյանին էլ այս տարվա Aurora Prizeի շրջանականերում բազմաթիվ հանդիպումների ժամանակ պետք էր անընդհատ հարցնել Ամուլսարըի մասին։ Ընդհանրապես բոլոր նրանց՝ ովքեր աջակցում են կամ աջակցել են հակաէկոլոգիական այս ծրագրին։
Հրայր
Հարգարժան լրագրողներ, պատվիրում եմ գրել Ամուլսարի խնդիրների վերաբերյալ, կվարձատրեմ ընթերցմամբ, հարգանքով և վստահությամբ: ))
Հրանտ
Martin, ի՞նչ եք կարծում` ո՞ւմ պատվերն ենք կատարում, գնդեվազցիների՞:
Martin
Հետքը շուտով ոչ մի հարցազրույց առանց Ամուլսարի մասին հարցի չի թողնի: Ինչի մասին խոսեք, մի հատ Ամուլսար մեջը պիտի խցկեք, տեղի-անտեղի: Գոնե պատվերը այդքան ակնհայտ մի կատարեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter