
Սպանություն Ալավերդիում. հետընտրական վենդետան Ալավերդիում շարունակվո՞ւմ է
Այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի ամենաբանուկ հատվածում «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ, 30-ամյա Կամո Միլորդի Փիրուզյանը:
Հրազենային կրակոցները տեղի են ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում: Բնակիչներից զոհեր չեն եղել:
Ծաղկի խանութի ապակիների վրա կա 6 կրակոցի հետք: Բնակիչների ահազանգից հետո րոպեներ անց դեպքի վայրում հայտնվել են ոստիկանները և շտապօգնության մեքենան: Կամո Փիրուզյանը շտապօգնության մեքենայով Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոց տեղափոխելիս ճանապարհին մահացել է:
Դեպքի վայրում խուճապ էր: Կամո Փիրուզյանին հրազենային կրակոցներով սպանող անձը հանձնվել է Թումանյանի ոստիկանությանը: Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանը մեզ հայտնեց, որ «Կատա» սուպերմարկետի մոտ կատարվել է հրազենային սպանություն:
Ոստիկանապետը, սակայն, վաղաժամ համարեց տեղեկություն հայտնել սպանվողի և սպանողի ինքնության մասին: «Սպանվածին հիվանդանոց են բերել շտապօգնության մեքենայով, արդեն մահացած, արտաքին զննությամբ՝ աջ ձեռքի նախաբազկի շրջանում թափանցող և պարանոցի շրջանում հրազենային վերքով: Ըստ անձնագրային տվյալների՝ սպանվածը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Միլորդի Փիրուզյանն է»,- հայտնեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, բժիշկ Հովիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ «Հետք»-ն անցյալ տարի անդրադարձել էր Կամո Փիրուզյանի սպանության նախապատմությանը: Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, մեղադրվում է 2016թ.-ի մայիսի 19-ի կեսգիշերին Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում հրազենային կրակոցներով Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին և Երևան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար: Վարդան Փիրուզյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ: Հիշեցնենք նաև, որ Կամո Փիրուզյանի սպանությունը Ալավերդիում 2016թ.-ի հունիսի 6-ի քաղաքապետի ընտրության ընթացքում սկսված քրեական «ռազբորկաների» շարունակությունն է:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել