
12 տարի անց կքննվի «Մատաղիսի» գործով զինվորներին խոշտանգելու վերաբերյալ հարցը
«Մատաղիսի» գործով խոշտանգումների վերաբերյալ 12 տարի անց քննություն կկատարվի: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Մատաղիսի» գործով դատապարտված, ապա արդարացված նախկին զինվորներից Արայիկ Զալյանի բողոքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Արայիկ Զալյանը:
Սա նշանակում է, որ «Մատաղիսի» գործով խոշտանգումների վերաբերյալ նոր քննություն պետք է սկսի պետությունը, ինչը չի արել 12 տարի շարունակ: Հենց այդքան ժամանակ Հայաստանի դատաիրական համակարգը, ներպետական դատական ատյանները աչք են փակել երեք նախկին զինծառայողներին խոշտանգելու վերաբերյալ վկայություններին: Որևէ քննություն այդ մասով չի կատարվել: Սակայն ՄԻ Եվրոպական դատարանի` ընդդեմ մեր պետության կայացրած վճռից հետո ներպետական դատարանները բավարարել են 12 տարվա վաղեմության բողոքը, որը դեռևս 2005թ․ ներկայացրել էր երեք զինվորների պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Խոշտանգումների մասով ներկայացված գործը պետք է վերաբացվի, կատարվի նոր քննություն՝ ասում է արդարացված նախկին զինվոր, այսօր իրավապաշտպան ու փաստաբան Արայիկ Զալյանը: Նա նաև տեղեկացնում է, որ բավականին շատ փաստեր կան բուն քրեական գործում, օրինակ՝ վկաները ցուցմունքներ են տվել, որ ունենալով վկայի կարգավիճակ՝ ամիսներով պահվել են Ռազմական ոստիկանությունում: Ըստ Զալյանի՝ դրանք փաստեր են, որոնք կարող են կցվել այս գործին:
Երեք զինծառայողներին երեք ամիս ՌՈ-ում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել: Ըստ Զալյանի, սակայն, այդ անձինք հայտնի են, այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, պատասխանատվության չեն ենթարկվել, ընդհակառակը՝ առավել առաջադիմել են պաշտոնների աստիճանակարգում. օրինակ՝ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան: «Փաստորեն, այն անձինք, ում գործողությունների հետևանքով նաև դատական կոպիտ սխալ էր տեղի ունեցել, դատապարտվել էին անմեղ մարդիկ, ոչ թե պատասխանատվության ենթարկվեցին, այլ, ընդհակառակը, խրախուսվեցին»,-ընդգծեց իրավապաշտպան, Մատաղիսի գործով արդարացված երիտասարդներից Արայիկ Զալյանը:
Հիշեցնենք, որ խոշտանգումների հետևանքով գործով անցնող զինվորներից Ռազմիկ Սարգսյանից կորզվել էր ինքնախոստովանական ցուցմունք, որը դրվել էր դատավճռի հիմքում: 2016-ի մարտի 17-ին ՄԻԵԴ-ի վճռով հաստատվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների հետ կապված հաղորդման ոչ բավարար քննություն, և 5-րդ հոդվածը` Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը`1,2,3 կետերով:
Մեկնաբանել