HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպան. «Բանտերում բոլոր պայմանները տանում են կործանման»

Ազատազրկման վայրերում առողջությունը կորցնելու նախադրյալներ կան: Մեծ ճիգեր են անհրաժեշտ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջությունը պահպանելու համար. ոչ բավարար պայմաններ ու սնունդ, ոչ բավարար բուժսպասարկում ու գերբնակեցում: Իսկ եթե հիվանդ քաղաքացի է հայտնվել բանտում, ապա նրա կարիքները հիմնականում հոգում են հարազատները՝ դեղորայք հասցնելով դրսից:

Այս մասին մշտապես բարձրաձայնում են իրավապաշտպանները, Մարդու իրավունքների պաշտպաններն՝ իրենց զեկույցներով, ինչպես նաև ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն:

Հոգեբույժի խորհրդատվությունը հեռախոսով

ՄԻՊ վերջին զեկույցում կարդում ենք. «Որոշ ՔԿՀ-ներում ատամնաբուժական ծառայություններ չեն մատուցվում: Դատապարտյալներն իրենց հաշվին հրավիրում են իրենց նախընտրած բժշկին... «Գորիս», «Սևան», «Արմավիր» ՔԿՀ-ներում ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման ընթացքը որոշվում է հոգեբույժի հետ հեռախոսով խորհրդակցելով, որպիսի պրակտիկան անընդունելի է: Բժշկական հաստիքները հաճախ ոչ բավարար են, շուրջօրյա բժշկական օգնության հարցը ևս բաց է»:

Զեկույցում նշված է, որ ՔԿՀ-ներում բժշկական սարքավորումները և գործիքները խիստ սահմանափակ են, հնամաշ, անգամ բացակայում են առաջնային օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ: Բողոքներում նշվում է, որ ազատազրկման վայրերը ապահովված չեն անհրաժեշտ քանակությամբ դեղերով:

Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների հարցը բարձրացրել է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2016-ի զեկույցում՝ անդրադառնալով առաջին հարկի խոնավությանը, անբավարար օդափոխությանը և լուսավորությանը, մշտական ջրամատակարարման բացակայությանը, մի շարք խցերում սանհանգույցներն ամբողջությամբ առանձնացված չլինելուն:

ՔԿ վարչությունից «Հետքի» հարցմանը տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ 2013-16թթ.-ին մեր քրեակատարողական հիմնարկներում ավելացել են աղեստամոքսային և սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

Իրավապաշտպան. «Անգամ գլխացավի դեղը հասցնում են ազատազրկվածի հարազատները»

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը, փաստաբան Արայիկ Պապիկյանը դարձյալ ահազանգում են՝ իրենց պաշտպանյալներից, շահառուներից շատերն ունեն տարբեր հիվանդություններ, հետևաբար՝ բժշկական միջամտության կարիք:     

«Օրինակ՝ դատապարտյալ Արմեն Հարությունյանը դեռևս մարտ ամսին պետք է սրտի բաց վիրահատության ենթարկվեր: Սակայն առաջարկվել է հարազատներին վճարովի ծառայությամբ ապահովել վիրահատությունը: Անգամ դեղորայքը ապահովում են հարազատները, սա գաղտնիք չէ, սա շատ լավ գիտեն քրեակատարողական հիմնարկներում»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Մեկ այլ դատապարտյալի օրինակ է բերում Նինա Կարապետյանցը. «Արայիկ Հակոբյանը դատապարտյալ է երկու անգամ սրտի վիրահատություն է տարել: Տանում են «Հրազդան»  հիվանդանոց, ապա 1 օր հետո հետ են բերում «Հրազդան» ՔԿՀ: Սակայն սրտաբանի դինամիկ հսկողություն է սահմանվել: 20 օր պահել են «ԴՀ»-ում, այնուհետև դատապարտյալը հացադուլ է հայտարարել: Արայիկ Հակոբյանի դեղերը տարիներ շարունակ տանում էին հարազատները... Կամ Սերգեյ Գրիգորյանի կինը տանում է շաքարային դիաբետի դեղերը, տանը պատրաստած ճաշերով ապահովում հատուկ սննդակարգ»:

Ըստ պաշտպան Պապիկյանի` այն, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, ենթադրվում է, որ այդտեղ կան կոռուպցիոն մեծ ռիսկեր: «Գումարները հատկացվում են, սակայն դրանք առարկայական նպատակին չեն ծառայում»:

Նինա Կարապետյանցն ասում է, որ հատկապես ասուլիսներից հետո ՔԿՎ-ից շատ արագ արձագանքում են, ցույց են տալիս, թե ինչքան գնումներ են կատարվել: «Բայց կալանավորներին ու դատապարտյալներին հարց տվեք՝ անգամ գլխացավի դեղը բերում են դրսից իրենց հարազատները»:

Փաստաբան. «Ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձ ֆինանսական միջոցի հնարավորություն է»

Ըստ իրավապաշտպանների` ՔԿՀ-ներում բոլոր պայմանները տանում են կործանման: Այնինչ 4000-ին հասնող կալանավորվածների ու դատապարտյալների թիվն, ըստ նրանց, կարելի է օրենքով նախատեսված ուժով կիսով չափ կրճատել: Կիրառել պայմանական ազատումներ, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսանոց դեպքերում չկիրառել, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցողներին «ակտիրովկայի» ենթարկել և այլն: Այս պարագայում, իրավապաշտպանների գնահատմամբ, պետական միջոցներն առավել արդյունավետ կծախսվեն:

Մինչդեռ, ըստ Արայիկ Պապիկյանի, ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձ ֆինանսական միջոցի հնարավորություն է. յուրաքանչյուր ազատազրկվածի հաշվով հատկացվում է գումար պետական բյուջեից:

Հիվանդասենյակներում չկա ջուր և պետքարան

Այսօր բանտային պայմանների մասին հայտարարություն է տարածել փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որտեղ նշված է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» ճնշումներ են սկսվել «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամներ Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։

«Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, բայց՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ս.
Այդքան խոսվում և գրվում է այս ահավոր վիճակի մասին և ոչ մի փոփոխությո՞ւն: Այս ի՜նչ խայտառակություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter