
Երկար «նստողները» համակենտրոնացման ճամբարների մարդկանց նման նիհար էին
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
21 տարի առաջ՝ հեռավոր 1996 թվականի ամառ էր: Կալանավորների համար նախատեսված 3-րդ հարկի համար 52 խուցում էի, որտեղ 15-20 հոգով էինք: 3-4 հոգուս հարազատները պարբերաբար մեծ քանակությամբ սնունդ էին բերում, մյուսների ընտանիքները հազվադեպ էին կարողանում սնունդ հասցնել: Բոլորս միասին էինք սեղան նստում, իսկ ուտելուց հետո ամեն մեկն ասում էր.
- Ապրե՛ն բերողները, ազատությո՛ւն կալանավորներին:
Բանտի տված բալանդից ոչ ոք չէր օգտվում: Մի դիլիջանցի տղա կար, շատ էր նեղվում, որ հարազատները չեն կարողանում սնունդ բերել, անհարմար էր զգում այսպես ասած` մյուս կալանավորների հաշվին ապրել և որոշեց վերցնել բալանդը: Այն թվերի բորշը ահավոր էր բուրում. թթված հոտը խցով մեկ ընկավ: Կողքի խցում արդեն դատվածներն էին և այսպես ասած՝ «ստռոգաչներ», այսինքն` արդեն 2, 3, 4-րդ…դատավածությամբ: Մեր խցում գտնվող մի քաղբանտարկյալ ինտելիգենտ մարդ կար, ով մեկուկես տարի բանտում էր, տարբեր խցերում էր եղել: Նա, լսելով, որ կողքի խցի դուռը բացվեց, և այնտեղի բնակիչները դուրս եկան, ասաց.
- Տղե՛րք, մոտեցե՛ք, նայեք էս մարդկանց տեսքին ու միանգամից կհասկանաք, թե ինչ ա նշանակում բալանդ ուտելը:
Գրեթե բոլոր երկար «նստողները» համակենտրոնացման ճամբարների մարդկանց նման նիհար էին, աչքերը փոս ընկած, դեղնավուն դեմքերով. նրանք տարբերվում էին առաջին անգամ դատվածներից, քանի որ հարազատներն արդեն ի վիճակի չէին սնունդ բերել:
Երբ ինձ արդեն մահվան դատապարտեցին, և հայտնվեցի 5-րդ հարկում, այնտեղ մի մարդ կար, ով իր կյանքի կեսը` 27 տարի, անցկացրել էր Ռուսաստանի բանտերում ու գաղութներում: Հենց ստիպված ուտում, վերջացնում էր հերթական բալանդը, դատարկ ալյումինե ամանը մի քանի անգամ խփում էր գլխին ու անիծում ինքն իրեն:
Զուգահեռներ անցկացնելով դատապարտյալներին ու կալանավորներին օրենքով սահմանված օրական անհրաժեշտ սնունդ տրամադրելիս իրենց պարտականությունը չկատարելու և տեսակցությունների հարցում քմահաճ «օրինապաշտ» լինելու միջև` բանտային հուշերով կիսվեցի Ձեզ հետ:
…Իրավունքներ և պարտականություններ: Սա վերաբերում է քաղաքացիների իրավահարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներին: Եվ այս հարցի վերաբերյալ շատ կարևոր նշանակություն ունեն «ԿԱՐՈՂ ԵՆ» և «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ» բառերը:
Անցած անգամ փաստերով ներկայացրեցի, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անհրաժեշտ սննդամթերք տրամադրելու իր պարտականությունը վարչակազմը չի կատարում: Ունեմ նաև փաստ, թե անցյալ տարի ինչքան սնունդ է բերել ընտանիքս: 12 ամսվա ընթացքում 31 անգամ ինձ սնունդ են փոխանցել, ընդհանուր կշիռը կազմել է 850 կգ:
Այսօր կներկայացնեմ, թե ինչքան «օրինապաշտ» է նույն վարչակազմը այլ հարցերում, օրինակ՝ անազատության մեջ գտնվող մարդկանց իրենց հարազատների հետ տեսակցություն թույլատրել-չթույլատրելու հարցում:
Օրենքի համաձայն` ցմահ ազատազրկվածին տարվա ընթացքում պետք է տրամադրեն առնվազն մեկ երկարատև տեսակցություն (մինչև 3 օր) և երեք կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ: Տեսակցությունների հարցում մարդկանց շփումը հարազատների հետ քմահաճորեն սահմանափակում են վերը նշածս քանակով, այսինքն` մոռանում են «առնվազն» բառը:
Երբ մատնացույց ես անում «առնվազնը», ասում են, որ նվազագույնից ավելի տեսակցություն տրամադրելը կախված է իրենց ցանկությունից` կուզեն կտրամադրեն, չեն ուզի` չեն տրամադրի: Իսկ երբ մատնացույց եմ անում այն օրենքին, որտեղ հստակ նշված է, որ բարեխիղճ ուսման և աշխատանքի համար, ինչպես նաև պարզապես դրական վարքագծի համար դատապարտյալը կարող է խրախուսվել` լրացուցիչ երկարատև կամ կարճատև տեսակցություն տրամադրելով, պատասխանում են. «Դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք դրական վարքագիծ ունենալ, իսկ մենք ԿԱՐՈՂ ենք խրախուսել, կամ չխրախուսել»: Այս կապակցությամբ, անգամ օրենսդրական առաջարկ եմ արել նախորդ նամակներիցս մեկում:
Մնում է զարմանալ, թե որքան քմահաճորեն են «օրինապաշտ» բանտապահները:
Մեկնաբանել