
«Heart of Gold». Նիլ Յանգի միակ ու անփոխարինելի «ոսկին» իր ստեղծագործական «բերքահավաքից»
Կանադացի երգիչ, երգահան Նիլ Յանգի երգացանկում մի շատ գեղեցիկ երգ կա, որը բազմիցս է հնչել նաև հայտնի տարբեր երաժիշտների կատարմամբ: Նրանք, իհարկե, երգը ներկայացրել են հին ու նոր ժանրային, ոճային մեկնաբանություններով, քանի որ ստեղծագործական տարածքները, որոնցում հարմարավետորեն տեղավորվել է չորս տասնամյակից ավել կենսագրություն ունեցող այդ երգը, տարբեր էին այնքան, որքան ջազն ու քանթրին, դիսկոն և ռոքը:
«Heart of Gold». ահա նա, որին վիճակված էր դառնալու երաժշտի միակ թիվ մեկ սինգլը ամերիկյան սանդղակում, և, միաժամանակ, լավագույններից մեկը՝ բոլոր ժամանակների համար սահմանվող շարքերում:
Նիլ Յանգն այս երգը գրեց իր համար բավականին ծանր մի ժամանակաշրջանում: Դա 1971թվականն էր, և երաժիշտը մեջքի վնասվածքի պատճառով ի վիճակի չէր երկար կանգնած մնալ: Իր ստեղծագործական կյանքի այս փուլում նա ստիպված եղավ հրաժարվել էլեկտրական կիթառից, ուստի երգը, ինչպես նաև նոր ալբոմի մյուս գործերը («Harvest», որում ներառված էր) նա նվագեց ակուստիկ կիթառով: Յանգն այստեղ, շնորհիվ ցավազրկողների, կարծես թե խաղաղ տրամադրության մեջ է, համենայն դեպս այդպես է փոխանցում երգը: Սակայն ոսկե սրտեր որոնողի կյանքն իրականում գնալով բարդանում էր ու անձնական ողբերգությունների դեմ առնում: Հաջորդող մի քանի տարիները նրա խնդիրներին ավելի խորը հարվածներ հասցրեցին. որդին ծնվեց մանկական ուղեղային կաթվածով, ամենամոտ ընկերներից՝ Դենի Ուիթենը հանկարծամահ եղավ թմրադեղերի հետևանքով, ապա՝ բաժանում սիրելի կնոջից և այլն: Երգչի «The Ditch Trilogy»-ն այս ամենի մեջ է ծնվել: Սակայն, հավանաբար, ինչպես «Heart of Gold»-ում է զգացվում, լուսավորի ձգտումը, փնտրելն ու հուսալը նրան այնուամենայնիվ ոտքի կանգնեցրին:
Երգը ձայնագրվեց 1971թ. փետրվարին, «Harvest» (բերք, հունձ, բերքահավաք) ալբոմի համար: Ի տարբերություն նախորդների, այս ալբոմը, պայմանավորված վերը նշված տրամադրությամբ, ավելի մեղմ է, հանդարտ, լիրիկական թախծով ու կյանքի հարցական կողմերի փիլիսոփայությամբ:
Ակուստիկ ձևաչափով այս քանթրի բալլադը, որը Յանգը կատարում է զուգահեռաբար շրթհարմոնի մասնակցությամբ, նոր ալբոմի հաջողության բանալին էր:
«Heart of Gold»-ն, այսպես ասած, հապշտապ խցկվեց ձայնագրման աշխատանքների մեջ ու ընդամենը երկու փորձով ավարտվեց: Ն. Յանգն այդ ժամանակ Նեշվիլում էր (Թենեսի նահանգ)՝ մասնակցելու Ջոնի Քեշի հեռուստատեսային մի համերգի, որպես հրավիրյալ երաժիշտ: Նույն առիթով այստեղ էին գտնվում մի քանի երաժիշտներ ևս: Պրոդյուսեր Էլիոթ Մեյզերը նոր էր բացել իր ձայնագրման ստուդիան՝ «Quadrafonic Studios»-ը, ուստի նա առիթը բաց չթողեց և որոշեց մի երեկո հանդիպում-ընթրիք կազմակերպել՝ հրավիրելով տարբեր քաղաքներից այստեղ հավաքված և տեղացի երաժիշտներին, այս բնագավառի մի շարք հյուրերի: Լինդա Ռոնսթանդ, Ջեյմս Թեյլոր և այլք, որոնցից ոմանք շուտով պիտի հայտնվեին Մեյզերի ստուդիայում՝ Յանգի նոր երգերի ձայնագրությանը մասնակցելու:
Երբ Էլիոթ Մեյզերը Նիլ Յանգին պատմեց իր մտահղացման մասին, այն է, թե՝ օգտագործել Նեշվիլում գտնվելու առիթն ու «Quadrafonic Studios»-ում գործի անցնել, Յանգին շատ դուր եկավ այն: Նորաբաց այդ ստուդիայում արդեն աշխատել էր այդ տարիներին հայտնի «Area Code 615»-ը, ինքը մեծ ուրախությամբ կուզենար այնտեղ հայտնվել: Երգիչն ասաց, որ նոր գործեր ունի, որոնք երբեմն կատարում է իր «ճանապարհներին». ուրեմն ժամանակն էր նույն այդ ժամանակն ու նրա ընձեռած առիթը վայելելու: Երբ Յանգն ասաց, որ իրեն մի քանի երգերի համար բասիստ, հարվածորդ և կիթառահար է պակասում, Մեյզերը արագ որոշում կայացրեց: Կիրակի օրը պետք է ձայնագրություն անել, իսկ դա գրեթե խենթության հավասար մի բան էր: Նա թերթեց նեշվիլյան երաժշտական կյանքի ներկա էջերն իր հիշողությունում և իսկույն այստեղ բերեց հարվածորդ Քենի Բաթրիին: Բասիստ Թիմ Դրամոնդին նա բառացիորեն «բերման ենթարկեց» փողոցից. մարդը դուրս էր եկել ուղղակի զբոսնելու և հանկարծ հայտնվեց ստուդիայում՝ նոտաների առջև: Քիչ անց դուռը բացվեց և ներս մտավ նաև կիթառահար Բեն Քիթը:
Երաժիշտներն առանձին միմյանց չէին էլ ճանաչում, նրանցից ոմանք Յանգին երևի հանդիպում էին առաջին և վերջին անգամ: Բայց սա ամենևին էլ չխանգարեց նրանց՝ միասին ստեղծելու Յանգի և աշխարհում ամենասիրված ալբոմներից մեկը` «Harvest»-ը: Իսկ մի երեկո, Ջոնի Քեշի շոուի ավարտից հետո, պրոդյուսեր Մեյզերը դարձյալ անակնկալ ներս բերեց արդեն բեք վոկալ խմբին՝ Լինդա Ռոնսթանդին և Ջեյմս Թեյլորին:
Եվ ձայնագրվեց «Heart of Gold»-ը: Այն ալբոմի 2-րդ սինգլն էր, որը թողարկվեց 1972թ.: Վայելելով մեծ մասսայականություն և՛ Կանադայում, և՛ ԱՄՆ-ում երգը դարձավ, ինչպես նշեցինք, Յանգի միակ թիվ մեկը ողջ ստեղծագործական կյանքում: Իսկ ահա բազմահամ ու բազմագույն երաժշտախմբից ստեղծված «Harvest»-ը ամենահաջողվածն էր, ամենավաճառվածն ու ամենահայտնին:
1985թ. հարցազրույցներից մեկում Բոբ Դիլընը նշում է, որ չնայած Յանգի ստեղծագործության հանդեպ մեծ հարգանքին՝ ինքը տանել չէր կարողանում «Heart of Gold»-ը: Դա շարունակ հնչում էր ռադիոկայաններից: 1972թվականին, երբ երգը լույս տեսավ, նա ապրում էր Արիզոնայում և ստիպված էր ընդունել, որ տեղական լսարանում երգը ամենամեծ հիթն էր: « Ես միշտ սիրել եմ Նիլ Յանգին, բայց ամեն անգամ երբ հնչում էր «Heart of Gold»-ը, ատում էի ուղղակի: Մի անգամ նույնիսկ անհանգստության զգացում ապրեցի: Կարծում եմ, որ այն բավականին երկար մնաց առաջին հորիզոնականում, և ես ինքս ինձ ասացի. «Գրողը տանի, սա կարծես ես լինեմ: Այն հնչում է ճիշտ իմ նման: Այնպիսի զգացում ունեի, որ ինչ-որ մեկը խլել էր իմ ունեցվածքն ու փախել նրա հետ… »:
2005թ. Նիլ Յանգի «Heart of Gold»-ը ճանաչվեց կանադական բոլոր ժամանակներ երրորդ լավագույն երգը («CBC Radio One»-ի կողմից): Այն օգտագործվել է մի քանի տարբեր ֆիլմերում, ընդգրկվել բազմաթիվ արտիստների համերգային ծրագրերում: Երգի քավըր տարբերակներից ամենահայտնին համարվում է Ուիլի Նելսոնի կատարումը, որը 1987թ. գրավեց 44-րդ հորիզոնականը բիլբորդյան «Քանթրի թեժ սինգլներ»-ի շարքում:
Գլխավոր լուսանկարը՝ Հենրի Դիլցի
Մեկնաբանել