
Գյումրուն հենված վարպետ Աշոտը
Գյումրեցի փայտագործ վարպետ Աշոտ Մինասյանի տան հյուրասենյակի պատերին փայտե աշխատանքներ են փակցված՝ ֆուտբոլային ակումբների տարբերանշաններ, երկրների զինանշաններ... Վարպետի որդու անկյունն է:
Անունս իմանալուց հետո Աշոտը ցույց է տալիս կնոջ՝ Մարինեի լուսանկարը: 8 տարի առաջ է մահացել քաղցկեղից: Հիմա աղջկա՝ Սոնայի վրա է տան գործերի բեռը: Աշոտն ասում է՝ մեր տան մաման է դառել Սոնան: Լռությունը ճնշող է, Աշոտը քչախոս է:
21 տարի է զբաղվում է փորագրությամբ, սկզբից աշխատել է մետաղի վրա, հետո անցել է փայտին: Գյումրու թիվ 10 գեղարվեստատեխնիկական ուսումնարանում է սովորել մետաղի փորագրությունը: Պատմում է, որ Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատում մետաղե գլանների վրա նախշեր էին պատրաստում, որոնք հետո տպվում էին կտորի վրա: «Էդ վալերը փորագրող վարպետն էր իմ վարպետը: Շատ լավ մարդ էր, մինչև հիմի էդ վարպետիս գործիքներից ունեմ՝ 1973 թվի: Հետո էլ Պոլիտեխնիկն եմ ավարտել, մեխանիկ եմ, էդ երկուսը զուգակցում եմ»,- նշում է վարպետը:
Նրա կարծիքով՝ ի տարբերություն մետաղի՝ փայտի լեզուն ուրիշ է, նյութն էլ հրաշք է: Ասում է, որ ամեն մի ծառ իր լեզուն ունի, և բոլոր տեսակներից չէ, որ փորագրություն է անում: Հիմնականում օգտագործում է տանձենու, լորենու, ընկուզենու ու կեչու փայտը: Վարպետ Աշոտի ներկայացմամբ՝ ամեն փորագրող սեփական գործիքն ունի՝ հարմարեցված իր ձեռքին:
Փորագրություն անում է հոգու համար՝ «դլյա դուշի», դրանով ընտանիք չի կարող պահել: Ասում է՝ Գյումրին աշխարհում միակ վայրն է, որը ոչնչի հետ չի փոխի. դրսից առաջարկներ է ունեցել, ընկերները տոմսի ու վիզայի համար ԱՄՆ-ից գումար էին ուղարկել, բայց չի գնացել: Պատմում է, որ Երևան 5 տարին մեկ է գնում, ուրիշ տեղ չի կարող գնալ, մնալ: «Չեմ սիրե ճամփա էրթալ: Պիտի դուրս գամ տնից, էրթամ արհեստանոցս, ճամփեն ինձի բարևեն, մե քիչըմ կոնսերվանտ եմ»,- նշում է վարպետը:
Ամեն օր է արհեստանոց գնում, բայց օրեր են լինում, որ չի կարողանում աշխատել: Շեշտում է, որ փորագրությունը միայն արհեստ չէ. նոր պատվեր է ստացել, փայտը կա, գործիքները կան, բայց չի կարողանում աշխատել: «Մուսան էստեղ էլ կա: Տոկառն էսօր անպայման պիտի 10 հատ դետալ տաշե, բայց նկարիչն էլ հո չի որոշում, որ առավոտ վեր կենա, նկարե, մուսան կուգա, նոր: Կամ բանաստեղծությունը պատվերով չեն գրե, պիտի նյութ, թեմա ունենա, գլխի մեջ բան պիտի աշխատի, որ գրե»,- բացատրում է զրուցակիցս:
Երբ պատվերներ է ստանում, ուրախանում է, որ չեն գալիս տանում: Պատրաստած իրերից հեշտ չի բաժանվում: Ցույց է տալիս, թե տանն ինչքան հուշանվեր ունեն, որոնք չեն վաճառվում, սակայն հարկ եղած դեպքում կարող է դրանց կրկնօրինակները պատրաստել: Ռուսաստանի զինանշանն, օրինակ, վարպետ Աշոտը պատրաստել էր Հայաստանում այդ երկրի առաջին հյուպատոսի պատվերով, սակայն վերջինիս մահվանից հետո զինանշանը մնացել է իրենց տանը:
«Ընկերս Ամերիկա էր գնում, ասեց՝ մե հատըմ Ամերիկայի գերբ սարքե, հետս տանիմ: Տամոժնիան բացել էին ու տեսել, որ երկիր կուգա, գերբն էլ հետը կբերե, շշմել էին, թե Ամերիկայի ֆանատ է, բայց դե ծախելու համար էր տարել: Հետո սկսեցին պատվերները, հատկապես Իտալիայի, Հայաստանի ու Ամերիկայի գերբ կուզեր, տանեի փոշտը, կղրկեի, վեց օրում կհասներ, 3-4 հարյուր դոլարով կծախեր, մե պահըմ ըդպես կապրեի»,- ասում է վարպետը:
Հիմա ապրուստի միջոցներից մեկը թանկարժեք կահույքի կորած դետալների վերականգնումն ու փորագրումն է: «Ավտոյի ճմռթած, մաշած համարները կուղղեմ, կգրեմ: Լավ է, ըդիգ ավելի լավ կպահե մեզի»,- նշում է գյումրեցի վարպետը:
Տրամադրությունը փոխվում է, երբ սկսում ենք խոսել երկրի վիճակի մասին: Ասում է՝ կուլ ենք գնացել մի քանի գողի ու այդպես ապրում ենք: «Մեզի պահողը մեր շնորհքն է, մեր խելքն է: Մենք պիտի ստեղծենք, ապրենք, էրեխեքս, ես... Լուսահոգի կինս չկա, ուսուցչուհի էր: Չենք գտնի հեչ մի տեղից փող, մենք տուն էլ չենք ստացել, թեև տուն ենք կորցրել: Մարդիկ իրեք անգամ ստացան, մենք մի անգամ չենք ստացել, վերջը տեսանք, որ մենք չենք կըրնա ուրիշ ձևով, էս տունը հիփոթեքով վերցրեցինք»,- ասում է զրուցակիցս: Երկրաշարժից հետո տնակում են ապրել, ներկա տունը 5 տարի առաջ են գնել վարկով:
Վարպետ Աշոտն ասում է, որ երբեք բողոքել չի սիրել, հիմա էլ գոհ է: Եվ չի ուզում, որ մեր զրույցը տխուր նոտայով ավարտվի: Համոզված է, որ նոր սերունդը շատ ավելի ուժեղ է, հույսը պետք է կապել նրա հետ:
Բակ ենք դուրս գալիս, վարպետը ծիրանենին է ցույց տալիս: Ասում է՝ սեզոնին լավ ծիրան է բռնում, հրավիրում է: Խոստանում ենք մի օր գալ և նրա հետ անցնել դեպի արհեստանոց տանող ճանապարհը:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել