HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գործով դատավորն ավելի շատ ընդմիջում արեց, քան դատական նիստ

սկիզբը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11:00-ին նշանակված ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա դատական նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով և շարունակվեց շուրջ մինչև 17:40-ը: Այս ընթացքում գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը 3 անգամ հայտարարեց, որ մեկ ժամով ընդմիջում է դատական նիստը, սակայն ընդմիջումներն ավելի երկար տևեցին, քան դատարանի կողմից նշված ժամանակն էր, ևս երեք անգամ՝ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ որոշումներ կայացնելու:

Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ Գաբրիելյանն ավելի շատ ընդմիջում արեց, քան դատական նիստ:

Ինչպես արդեն գրել ենք, դատավորը Գագիկ Եղիազարյանին նիստերի դահլիճից 6 ժամով հեռացրել էր, ապա մեկ ժամով ընդմիջել դատական նիստը:

Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը այս ընթացքում գրությամբ դատարանին հայտնել էր, որ չի կարող իր պաշտպանյալի բացակայության պայմաններում շարունակել ներկա գտնվել դատական նիստին, ինչպես նաև դիրքորոշում հայտնել, որ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիան չի համապատասխանում օրինականության սկզբունքին:

Դատավորը, ընդմիջումից հետո ընթերցելով Եգորյանի դիմումը, 30 րոպե ժամանակով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու, ապա վերադառնալով՝ հայտնեց, որ կդիմի Փաստաբանների պալատ՝ Եգորյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պատասխանատվության ենթարկելու հարցով:

Ինչպես արդեն հայտել ենք, դատավոր Գաբրիելյանը դատական նիստի հենց մեկնարկին տեղեկանալով, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի ներկայացել դատական նիստին, շարունակել էր գործի քննությունը: Ամբաստանյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը այս հարցը բարձրացրեց:

«Մենք գտնում ենք, որ բոլոր գործողությունները, որոնք մինչ այս կատարվել են, չեն բխում քրեադատավարական օրենսգրքի պահանջներից»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ով քիչ առաջ փորձում էր պարզել՝ դատավարության մասնակիցները ինքնաբացարկի կամ բացարկի միջնորդություն ունեն, թե ոչ, ասաց, թե տվյալ պահին գործը նախապատրաստական փուլում է գտնվում, որ միջնորդություններ չեն քննարկվում, որպեսզի բարձրացվի պաշտպանի բացակայության պատճառով ամբաստանյալի իրավունքները ոտնահարվել կամ չոտնահարվելու հարցը: Բացի այդ՝ Գաբրիելյանը շեշտեց, որ դեռևս կողմերի ինքնությունները չեն պարզվել, դեռևս հայտնի չէ՝ արդյոք ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ցանկանո՞ւմ է, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ինեսսա Պետրոսյանը հակադարձեց՝ նշելով, որ եթե դատարանն այդ տրամաբանությամբ է շարժվում, ապա որևէ պաշտպան պետք է ներկայացած չլիներ այսօրվա դատական նիստին, մինչև դատարանը գործող անցնող անձանց կհարցներ՝ արդյոք ցանկանո՞ւմ են պաշտպաններ ունենալ:

Պետրոսյանը նշեց, որ դատավորն ինքն իրեն հակասում է, քանի որ իր կողմից նշված տրամաբանությամբ շարժվելու դեպքում չպետք է սանկցիա կիրառեր նաև փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ`հաշվի առնելով, որ դեռևս դատարանի համար պարզ չէ՝ դատական նիստերի դահլիճից հեռացված Գագիկ Եղիազարյանը  ցանկանո՞ւմ է արդյոք, որ իր շահերը ներկայանցի Եգորյանը:

«Եթե դատավարության որևէ փուլում անհարգալից վերաբերմունք է դրսևորում, պետք է սանկցիա կիրառվի», - եղավ Գաբրիելյանի պատասխանը:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին հունից հանեցին դատավոր Գաբրիելյանի մեկնաբանությունները:

«Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ոչնչացրեք. ես զինված ապստամբության կոչ եմ անում»,- դիմելով դատական նիստին ներկա քաղաքացիներին՝ ասաց Վարուժան Ավետիսյանը:

Դատարանն Ավետիսյանի նկատմամբ ևս սանկցիա կիրառեց՝ դատական նիստերի դահլիճից հեռացնելու տեսքով՝ հստակ չնշելով, թե որքան ժամանակով է Ավետիսյանը հեռացվում: Ապա դատարանն այս որոշումից հետո ևս մեկ ժամով հետաձգեց դատական նիստը՝ առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու:

Այս ընթացքում դատարանից գնաց Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալը անորոշ ժամանակով հեռացվել է նիստերի դահլիճից: Սակայն մեկ ժամ ընդմիջումից հետո, երբ նիստը շարունակվեց, Վարուժան Ավետիսյանին թույլատրեցին ներկա գտնվել նիստին:

Դատավորը հարկ համարեց Ավետիսյանին զգուշացնել այլևս անհարգալից վերաբերմունք չդրսևորել դատարանի հանդեպ:

«Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին զգուշացրեց դատավորը:

Ապա տեղից սկսեց խոսել Պավել Մանուկյանը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ այս դատական նիստում հնարավոր է, երկրիս, ժողովորդիս, պետությանս անվտանգությունն, արդարադատությունն ավելի բարձր դասել, քան թե մի հատ թրքաբարո Սերժ Սարգսյանի»,- ասաց Մանուկյանն ու Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրեց Ազգային ժողովում սովորական դարձած հայհոյանքներից մեկը:

Արտուշ Գաբրիելյանը ընդհատեց Մանուկյանին:

«Ես ձեզ նախազգուշացնում եմ. եթե կրկին որևէ անվայել արտահայտություն անեք»,- ասաց դատավորը, սակայն Պավել Մանուկյանը նրան թույլ չտվեց ավարտին հասցնել խոսքը:

«Խորհրդարանում ընդունված բառ է»,- ասաց Մանուկյանը:

«Մենք խորհրդարան չունենք, սա դատական նիստերի դահլիճ է»,- արձագանքեց Արտուշ Գաբրիելյանը:

Դատավորի այս արտահայտությունը ծիծաղ առաջացրեց դահլիճում ներկաների շրջանում: Ապա ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը նրա նկատմամբ ևս սանկցիա կիրառեց՝ վեց ժամով հեռացնելով նիստերի դահլիճից, ապա հերթական անգամ ընդմիջեց դատական նիստը:

Միայն ընդմիջումից հետո դատական նիստը սկսելով՝ Գաբրիելյանը նկատեց, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դահլիճում չէ, և խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո որոշում կայացրեց նրա հարցով ևս դիմել փաստաբանների պալատ:

Հատկանշական է, որ այսօր, բացի կարգապահական սանկցիայի ենթարկված փաստաբաններ Տիգրան Եգորյանից և Մուշեղ Շուշանյանից, այլ փաստաբաններ ևս տարբեր ժամանակահատվածներում դահլիճ չէին ներկայացել, սակայն նրանց նկատմամբ դատարանը որևէ սանկցիա չկիրառեց. ամենայն հավանականությամբ նրանց բացակայությունը վրիպեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ուշադրությունից:

Դատարանը սանկցիաներ կիրառեց նաև այլ քաղաքացիների նկատմամբ

Այսօր դատարանը սանկցիաներ կիրառեց նաև դահլիճում՝ ապակիներից այն կողմ գտնվող երեք քաղաքացու նկատմամբ: Հղում կատարելով դատական կարգադրիչների խոսքերին՝ դատավոր Գաբրիելյանը նշեց, որ մի քաղաքացի հարվածել է ապակիներին, ևս երկուսն իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել: Դատավորը երկու քաղաքացիների նկատմամբ նախազգուշացում սանկցիան կիրառեց, մեկի վերաբերյալ որոշում կայացրեց մինչև դատաքննության ավարտը հեռացնել նիստերի դահլիճից:

Հատկանշական է, որ դատավորը որևէ կերպ չմեկնաբանեց, թե իր հասցեին ինչ արտահայտություններ են արվել, որոնք որակվել են վիրավորական  և քաղաքացիների նկատմամբ սանկցիա կիրառելու հիմք հանդիսացել:

Ըստ պաշտպանի՝ դատարան բերված ամբաստանյալներին չի բացատրվել սնունդ ընդունելու իրենց  իրավունքի մասին

«Հետք»-ի հետ զրույցում ամբաստանյալ Արմեն Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը հարկ համարեց անդրադառնալ մեկ այլ խնդրի ևս: Ըստ Ֆանյանի՝ այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկից դատարան ուղեկցված ամբաստանյալները ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ամբողջ օրվա ընթացքում չեն սնվել:

«Նրանց սննդով ապահովելու պարտականությունը քրեակատարողական հիմնարկի վրա է դրված, այսինքն՝ իրենց համար, բնականաբար, կանխատեսելի էր, որ դատական նիստը կարող է երկար տևել: Նրանք պետք է յուրաքանչյուրի համար նախատեսվող սնունդն առանձնացնեին, ուղեկցող գումարտակի հետ տրամադրեին այդ սնունդը: Ամբաստանյալները պետք է հանգստի և սննդի հնարավորությւոն ունենային»,- ասաց Արմինե Ֆանյանը:

Վերջինս փորձել է ուղեկցող գումարտակի հրամանատարից պարզաբանումներ ստանալ այս հարցի վերաբերյալ, և նրան հայտնել են, որ ըստ կարգի՝ քրեակատարողական հիմնարկը կալանավորին առաջարկում է, որ իրեն հատկացվող սնունդը ուղեկցող գումարտակի հետ ուղարկվի դատարան, և  մեղադրյալն այդ մասին իր ցանկությունը հավաստող ստորագրություն է տալիս:

«Ես հարց ուղղեցի՝ արդյոք ամբաստանյալներին այդ իրավունքը բացատրվել է, սակայն նրանք կցկտուր պատասխաններ տվեցին, որից հետո իմ պաշտպանյալից՝ Արմեն Բիլյանից տեղեկացա, որ քրեակատարողական հիմնարկում իրենց այդ իրավունքի մասին չեն հայտնել»,-ասաց Արմինե Ֆանյանը:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից այս հարցի առնչությամբ  «Հետք»-ին հայտնեցին, որ, ըստ կարգի յուրաքանչյուր կալանավոր ստանում է իր օրապահիկը, բայց իր կամքն է՝ այն կվերցնի, թե ոչ՝ միևնույն ժամանակ բացառելով, որ  կալանավորը կարող է իրազեկված չլինել իր այդ  իրավունքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter