
Հոգեկանչություն` ըստ սերիալի (Էսսե)
Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ, պարունակում է:
Ստեղծագործելու հատուկենտ «վայրկյաններին» են արվեստի ու արվեստագետի շահերը համընկնում: Իսկ մնացած ժամանակը արվեստագետը մսխում է ինքնաոչնչացման, արվեստի ու չարվեստի կողմ ու դեմ հակամարտությամբ:
Նախքան բուն նյութին անցնելը' մի փոքր շեղում: Այս պահին ուզում եմ խոսել մի կարեւոր հարցի շուրջ: Ինչո՞ւ մենք հաճախ գնում ենք դիտելու այսինչի ստեղծած ֆիլմը եւ չենք գնում դիտելու այնինչի նկարահանած կինոնկարը: Առաջին պատասխանը, որ կարող ենք լսել, սարսափելի «հետաքրքիր է»-ն կամ «չէ»-ն է: Սակայն ես կփորձեմ միանգամայն այլ կերպ այս երեւույթը պարզաբանել:
Արվեստագետի անունը իրականություն է: Ցանկացած ստեղծագործության վրա դրված անուն-ազգանունը' արդեն իսկ, այդ ստեղծագործության իրականության մասին է վկայում: Իսկ կոնկրետ երկի իրականության ստեղծումը մոտավորապես նույնանում է հետեւյալ զգացողությանը: Յուրաքանչյուրիս ներսում երբեմն այնպիսի վիճակ է ստեղծվում, ասես հենց նոր կատարված աննշան դեպքը ինչ-որ ժամանակ մեզ հետ արդեն կատարվել է: Բանականությունը պնդում է, որ նման բան չի եղել, սակայն զգացողություններն այդ պահին այնքան ուժեղ են, որ փաստում են կատարվածի կրկնության մասին: Այս անպայմանորեն իրական վիճակը մինչեւ հիմա պարզաբանված չէ:
Ոմանք ասում են, որ մեր մարմնի ոչ նյութական շերտը մի պահ գերիշխում է նյութականի վրա: Արդյունքում մեր զգացողությունները շատ կարճ ժամանակով տեղափոխվում են միանգամայն այլ հարթություն, ասել է թե' իրականություն: Բայց քանի որ գիտակցությունը չի մթագնում, մեզ այդ տարօրինակ-հպանցիկ իրականությունը թվում է ռեալ: Չէ՞ որ փաստացի ուրվականային ոչինչ տեղի չի ունենում: Հաշվի առնելով, որ այս երեւույթը հաճախ չի կրկնվում, գրեթե միշտ իմաստային կոնկրետ շեշտեր չի պարունակում եւ քրոնոմետրաժի իմաստով տեւում է շատ կարճ, կարող ենք այն անվանել «չիրագործված իրականություն»:
Յուրաքանչյուր մարդ կազմավորվելիս ձեռք է բերում միայն իրեն հատուկ տեսակ: Ի դեպ, տեսակի բացակայությունը եւս տեսակ է: Թերեւս, միայն տեսակի հետաքրքիր եւ ինքնատիպ լինելով է արվեստագետը տարբերվում այս դեպքում, թույլ տվեք ասել, սովորական մահկանացուներից: Տեսակների ժխտումը եւս ձեւավորվում է իրականությունների տարբերություններից:
Երբ մարդու ներքին տեսիլը չի համապատասխում մեկ այլ մարդու տեսիլին, համաշխահային քաղաքակրթությունը սկսում է փուլ գալ: Տեսակների պայքարը կոչված է սրել արվեստագետի նյարդային վիճակը եւ նոր ուղիներ բացել: Չէ՞որ արվեստը դաժան, մարդակեր պայքար է, տեսակների պատերազմ: Բայց, իհարկե, ամենասարսափելին տեսակի ինքնաոչնչացումն է: Վառ տեսակը անձնական մեծ ողբերգության մասին է վկայում:
Այս էսսեն գրելով' ես նպատակ չունեմ ժխտելու հայկական սերիալների այսպես կոչված տեսակը, ոչ էլ միտք ունեմ հարցը քննարկել արվեստ-չարվեստ ծեծված ու ժանգոտած շրջանակում: Ինձ առավելապես երկու հարց է հուզում. սերիալում առկա իրականությունը եւ դերասանական նոր տիպի ի հայտ գալը: Արվեստը կյանքի հայելին չէ եւ չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ռեալ իրականությունում կատարված ցանկացած դեպք իր ռեալ իրականության պայմաններում փոխում է իր երանգավորումը: Օրինակ' ծառը հանկարծակի կարող է դառնալ մանուշակագույն:
Բացի դրանից` նույն այդ բազմաչարչար ծառի տերեւները, հնարավոր է, պոլիէթիլենից լինեն: Փաստորեն, արվեստը ոչ թե կյանքի հայելին, այլ հակահայելին է: Թեեւ որեւէ մեկը չի կարող ժխտել, որ ռեալ իրականության պայմաններում եւ ծառ կա, եւ պոլիէթիլեն, սակայն չի էլ կարող հաստատել, որ սովորական «կյանքային» ծառին կարող են պոլիէթիլենե թռչուններ թառել: Միայն ասելիքի ու գաղափարական ընդհանրացումների հարցում, թերեւս, արվեստը կարող է ռեալ իրականության հայելային տարրեր պահպանել:
Հայկական սերիալներում, ընդ որում՝ խոսքը բոլոր հայկական սերիալներին է վերաբերում, անվան իսպառ բացակայություն է նկատվում: Կարեւոր չէ՝ Պողո՞սն է սցենարը գրում կամ նովելը նկարահանում, Պետրո՞սն է գրում-նկարում, թե՞ Մարտիրոսը: Ոչ մի տարբերություն: Ընդ որում՝ Պողոսի գործը նույն «հաջողությամբ» կարող էին անել նաեւ Փիլիպոսը եւ Փարսադանը: Անվան բացակայությունը խոսում է իրականության բացակայության մասին: Նույն կերպով աշխարհին նայելու միտումը հայկական բոլոր հեռուստաալիքների սերիալներին է վերաբերում: Մարդիկ ապրում, զգում, մտածում են տարբեր ձեւով, հայկական հեռուստաընկերությունները' միանման:
Տառաճանաչության տարրական դասարանները անգույն դիպլոմով ավարտած սցենարիստները տիպիկ «հայելային» սյուժեներ են գրում: Մի բացառությամբ միայն, որ բոլոր հերոսները միագիծ եւ, բնավորության իմաստով, նույնիսկ միասեռ են: Հայկական սցենարական «դպրոցի» միակ տարբերությունը կյանքի վակուումն է: Գրամոլների անհագ թղթակերության հետ հեռակա աղերսներ ունեցող այս տնաբույս սցենարիստներն ի վիճակի են միայն հայելու մի մասը ներկայացնել: Սա է, թերեւս, պատճառը, որ հայկական սերիալներում հոգեւոր շերտն իսպառ բացակայում է: Հերոսները կիլոմետրերով հեռու են քաղաքակրթություն կոչվածից, իսկ մշակույթի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է:
Անցնենք մյուս սերիալաստեղծ մասնագիտություններին: Հայկական սերիալները նայելիս հասկանում ես, որ բոլոր օպերատորները նույն աչքն ու տեսանկյունն ունեն, մոնտաժողները' ռիթմի նույն զգացողությունը, ռեժիսորները՝ երեւակայությունից զուրկ նույն վիճակը: Մի խոսքով, սերիալներ ներխուժած հայ «արվեստագետները» զրկված են բոլոր ներքին եւ արտաքին զգայարաններից:
Ի դեպ, հայկական սերիալները նայելիս մեր ներսում այնպիսի զգացողություն է արթնանում, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին, մեզ հետ ինչ-որ ժամանակ կատարվել է: Բայց այս զգացողությունը միայն մի շերտով է կապվում վերը նշված վիճակի հետ: Եթե անվանյալ «չիրագործված իրականությունը» ստեղծվում էր մեր մարմնի ոչ նյութական շերտի գերիշխումով նյութականի վրա, ապա հայկական սերիալներում հակառակ գործընթացն է տեղի ունենում:
Նյութականի ազդեցությունը հաճախ այնքան է ուժեղանում, որ թվում է, թե հարեւան բակի միագիծ, միայն ջարդելու-մորթելու մասնագետ, մարդկային ոչինչ, նույնիսկ' քիթ-բերան-ականջ, էլ չեմ ասում' հոգի չունեցող խուլիգանները, հերոսի կարգավիճակով հայտնվել են քո տանը: Եթե մի խոսքով արտահայտելու լինենք, ապա հայկական սերիալներում իշխողը ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՉԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, որը որեւէ, թեկուզ աննշան կապ չունի արվեստի, մշակույթի (նաեւ' սերիալային) եւ առհասարակ մարդու հոգեւոր ոլորտում կատարվող խմորումների հետ:
Այժմ կցանկանայի խոսել դերասանների մասին: Ինձ բացառապես հետաքրքրում են հայկական սերիալներում նկարահանվող այն դերասանները, որոնք խաղում են թատրոնում: Թատրոնի իրական հանդիսականը թեեւ շատ չէ, բայց ավելի «խորքային» է: Նա դերասանին ճանաչում է Անուն-Ազգանունով: Հայկական սերիալները հակամշակութային եւ հակադերասանական են առաջին հերթին անվան ոչնչացումով:
Դերասանը զրկվում է անունից եւ դառնում միայն հայելային տիպար: Նրան ճանաչում են ոչ թե որպես անհատականություն, այլ որպես այսինչ սերիալում նկարահանվող դեմք: Ճանաչողության նման տեսակը նույնանում է ապրանքանիշի ընկալման հետ: Սովորաբար այս կերպով ճանաչում են օճառի, հեռախոսի, մեքենայի այս կամ այն ֆիրմայի լոգոն կամ անունը:
Քանի որ Գիր կոչվածը հայկական սերիալներում իսպառ վերացած է, կինեմատոգրաֆիական տեսքը' նույնպես, ապա հայ դերասանները գրեթե միշտ արտահայտվում են չբացահայտված ու անհիմն էմոցիաներով: Անարմատ ու անիմաստ բառերով համեմված գոռոցը, ողբ ու կոծը հայկական սերիալներում փոխարինել են գրական հենքին: Խոստովանենք, որ սա Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու արժանի փաստ է, քանի որ երբեւէ ստեղծված տեսալսողական բոլոր արվեստների հիմքը Գիրն է:
Այս ամենի հետ մեկտեղ, հաճախ մեկ այլ սարսափելի իրողության ենք հանդիպում, երբ դերասանին սոսնձում են սերիալում խաղացած կերպարի անունը: Սա արվեստում պաթոլոգիկ առեւտրի ամենավառ բնորոշումն է: Բացատրեմ միտքս: Դերասան-կերպար. բարդ ու հակասական հարաբերություններ. Ես-Նա, Նա-Ես... «Եվ» տառն այս պարագայում բացակայում է: Հայկական սերիալներում դերասանի փչացման եւ, թող ներող լինեն, մահվան միտումն արտահայտվում է «Ես եւ Նա» առուծախային հարաբերություններով:
Մի անգամ պատահաբար կարդացի մեր սերիալային գերաստղերից մեկի հարցազրույցը, որտեղ վերնագիր էր դարձված նրա հետեւյալ դարակազմիկ արտահայտությունը. «Ես եւ Այսինչը (կերպարի անունը). մեր սահմաններն արդեն փոշիացված են»: Բնականաբար, իմաստ չունի եւս մեկ անգամ կրկնել, որ նման մտածելակերպի «դերասանն» առաջին հերթին, որպես մասնագետ, փոշիացնում է ինքն իրեն:
Վերջին շրջանում մի տարօրինակ զգացողություն էր ինձ համակել: Ապրելով թատրոնում՝ ես հանկարծ հասկացա, որ թատրոնները սառում են: Երկար մտածելուց հետո եկա հետեւյալ եզրահանգումներին: Հայկական սերիալներում նկարահանվող թատրոնի դերասանների ներսում անհասկանալի երկփեղկվածություն է առաջանում:
Ես հասկանում եւ ընկալում եմ դերասանի՝ սովամահ չլինելու եւ ճանաչված լինելու ցանկությունը, բայց հայկական սերիալներում նկարահանվող իմ սիրելի ընկերները ճանաչվածությունը շփոթում են մատնացույց լինելու, տաղանդավոր լինելը' կադրում լաց ու կոծով էժանագին ուշադրություն վաստակելու, բնավորություն եւ կերպար ստեղծելը՝ մուննաթով խոսելու հետ:
Հայկական սերիալները վտանգավոր են հիմքի բացակայությամբ: Ամեն ինչ խարսխվում է այս պահին ծնված «հանճարեղ» մտահղացումների վրա, որոնք չես կարող նույնիսկ իմպրովիզ համարել: Փաստորեն, հայկական սերիալները որդեգրել են թատրոնային «այս պահի» գաղափարը, սակայն բոլորովին ուրիշ ֆորմատով: Թատրոնում իրադարձությունները տեղի են ունենում «այս պահին», բայց թատրոնային «այս պահը» բազում այլ պահերի ապրած կենսագրություն է պարունակում:
Իսկ հայկական սերիալներում ամեն ինչ կարծես ծնվում է այս պահին, ասել է թե' պահի ազդեցության տակ: Նման անհիմք վիճակը սարսափելի հետեւանքներ կարող է ունենալ դերասանի համար, ով իր հետագա գործունեությունը, այլ կերպ ասած' կարիերան տեսնում է շարունակականության մեջ: Սերիալների անարմարտ լինելը որեւէ առաջընթաց կամ շարունակականություն չի պարունակում, ինչը դերասանին, որոշ ժամանակ անց, ուղղակի սարսափի է մատնում: Հատկապես նրանց, ովքեր սերիալներում մատնացույց լինելու պատճառով փորձում են մտնել շոու-բիզնեսային, վատ իմաստով' գլամուրային աշխարհ եւ հաստատվել այնտեղ:
Սերիալն ավարտվում է՝ ավարտելով նաեւ դերասանի կարիերան: Հաջորդ սերիալում նա պարտադիր պետք է տառացիորեն նույն լացուկոծն անի ու մուննաթը գա, ինչը մեկ-երկու տարի հետո անհետաքրքիր է դառնում: Չէ՞ որ էկրանին հայտնվում են մուննաթավոր ու ողբացող մի քիչ ավելի նոր ու թարմ դեմքեր: Ի՞նչ է մնում անել: Վերադառնա՞լ թատրոն: Բայց թատրոնը հայկական սերիալներում նկարահանվող դերասանների պատճառով արդեն սառել է: Մարդկային հարաբերությունները ձեւական բնույթ են ստացել, ոչ մի տաք բան: Ըստ էության, հայկական սերիալները քանդում են թատրոնի մարդկանց հարազատության զգացումը՝ բերելով մի սարսափելի սառնություն, որի անունը ստեղծագործական ապատիա է:
Այսպիսով, հայկական սերիալները նմանվում են յուրօրինակ հոգեկանչության: Հովանավոր-փայատեր «մեդիումների» կողմից կանչվող ուժերը գրեթե միշտ սեւ են եւ, սովորաբար, կոչված են եթե ոչ սպանելու, ապա հաստատ փողոցային աղբ ու ճենճով լցնելու այն, ինչը, ըստ էության, անմահ է: Փաստորեն, հայկական սերիալների շնորհիվ մեր հասարակությունը միայն մի շերտով կինտեգրվի հնդկական մշակույթին՝ որդեգրելով նույն այդ մշակույթի մեջ առկա «Աթմա-հա» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգեսպան...
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել