HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վազգեն Խաչիկյանի գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով դատախազությունը դիմել է դատարան

Գլխավոր դատախազությունն ընդդեմ Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Վազգեն Խաչիկյանի, մայիսի 24-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատախազությունը պահանջում է Վազգեն Խաչիկյանի ունեցած գույքի վրա տարածել բռնագանձում, ընդհանուր սեփականության իրավունքում նրա բաժնեմասն առանձնացնել, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառել:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը: Նա 2014թ. դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 2006-2010 թվականներին կազմակերպված խմբով մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների թոշակների ավելի քան 260 միլիոն դրամ գումարը յուրացնելու համար:

Ինչպես «Հետք»-ին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, Վազգեն Խաչիկյանի կողմից պետությանը վնաս պատճառելու հանգամանքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. ապրիլի 1-ի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, որով որոշվել է Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 29.000.000 դրամ, որպես վերջինիս կողմից պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ համապարտության կարգով՝ 97.620.888 դրամ և 27.532.736 դրամ:

Գործի բուն դատաքննության ժամանակ դատախազությունը մեղադրյալների դեմ ներկայացրել էր 267.583.336 դրամի քաղաքացիական հայց, որը բավարարվել էր մասնակիորեն` 201.186.157 դրամի չափով:

Դատախազության պնդմամբ՝ նշված որոշման կատարումն ապահովելու համար տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների ընթացքում պարզվել է, որ Վազգեն Խաչիկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Լոռու մարզի Ախթալա համայնքի Սպանդարյան 23/2 բնակարանը: Հենց նշված բնակարանում Վ.Խաչիկյանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով էլ հայց է հարուցվել դատարան:

Նշենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարմար մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը: Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա: Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

Հենց այդ հիմնավորմամբ էլ դատախազությունը վերլուծել է, որ բռնագանձման ենթակա է Վազգեն Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը, այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, որի վրա թույլատրվում է բռնագանձում տարածել:

Դատական առաջին նիստը նշանակվել է հուլիսի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter