HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆանտոմային գրեր (Էսսե)

Գիրը, առաջին հերթին, առասպել է: Թատրոնի` որպես արվեստի տեսակի առաջացումը հիմնավորվում է խոսող գրի շնորհիվ: Միֆական այն պատմությունը` կապված Էսքիլոսի էլևսիսյան միստերիոները (կրոնական գաղտնի արարողությունները) բացահայտելու հետ, անշուշտ, ունի իր ռացիոնալ բնորոշումը: Գիրը հայտնության նման բան է, որը, լույս աշխարհ գալով, հաճախ արկի պայթյուն է հիշեցնում: Թատրոնի գիրը երկու, երեք կամ հարյուր խոսող դերասանի միջոցով է ի հայտ գալիս, բայց, առաջին հերթին, կարևորվում է նրանց` այդ պահին խոսելու «հնարավորությամբ»:

Տարիներ առաջ ինձ հետ կատարվեց մի տարօրինակ դեպք: Շատ էի երիտասարդ և անփորձ, երբ ներկայացումներից մեկում ինձ դեր վստահեցին: Էպիզոդ էր, բայց խոսքով: Փորձերը, ինչպես և հատուկ է ներմուծումներին, կարճ էին և արագ: Բարեխղճորեն հուշեցին կերպարի էությունն ու նկարագրությունը, ինտոնացիաները, տրամադրությունը, ասելիքը` մոռանալով ամենակարևորի' խոսող գրի մասին: Ներկայացումը սկսվեց: Վախից ներսումս հազար զգացողություն մեռցնելով ու ապրեցնելով' խաղացի: Ամեն ինչ բարեհաջող անցավ: Բեմը' առաջին ներկայացման պաշտպանիչ թաղանթով, օգնեց ինձ' ինչ-որ տեղ հավատացնելով, որ տաղանդավոր եմ:

Անցավ մի որոշ ժամանակ: Երկրորդ ներկայացում: Ինքնավստահությունը արյանս մեջ' տեսարանը սկսեցի ու... Աքլորի տարօրինակ ծղրտոցներից բացի` ուրիշ ոչինչ չեմ հիշում: Չէ, հիշում եմ... ներսս համակած տարօրինակ զգացողությունը: Ինձ թվում էր, թե այդ պահին ինձնից ինչ-որ մի բան փախավ: Հիմա այս տողերը գրելիս հասկանում եմ, որ Գիրն էր, Ով, չտեղավորվելով իմ չմշակված ու անհասկանալի «կաղապարում», հրաժարվեց հնչել իմ բերանից:

Անցնենք բուն նյութին: Ի միջի այլոց, Գրի առասպելը, առավելապես բաց ու ըմբռնելի, (մոտ երեսունից քառասուն տոկոսով), առաջին հերթին, արտահայտվում է բեմի միջավայրում: Փորձեմ տարբերությունները պարզաբանել:

Գրողի երևակայությունը առավել կինեմատոգրաֆիստական է: Նրա առաջարկած պատկերները գրեթե նույնությամբ արտատպվում են ընթերցողի ուղեղում: Բնականաբար, գաղափարափիլիսոփայական մոտեցումները, որոնք պատկերաշարի չեն վերափոխվում, ամենադժվարամարսն են: Պատկերային շարժերի պատճառով է Գիրը համարվում, այսպես կոչված, տեսալսողական արվեստի հիմքը: Փաստորեն, թատերական գիրն առաջին հերթին պատկեր է:

Պատկերը մեր ուղեղում առավելապես հիշվում է էմոցիոնալ բարձր լիցքի շնորհիվ: Իրականության մեջ, երբ ծայրահեղ սրված միջադեպը զգայական երանգ է ստանում, արդյունքում այդ «միջադեպային» պատկերը դառնում է բացառիկ: Ասածիս իրեղեն ապացույցը մանուկ հասակում յուրաքանչյուրիս ներսում տպված պատկերային հատվածներն են, որոնք երկար, շատ երկար ժամանակ, նույնիսկ մինչև մեր օրերի ավարտը ուղեկցում են մեզ:

Երաժշտության մեջ, նույնիսկ կերպարվեստում առկա պատկերները, ի տարբերություն թատերականի, առավել սուբյեկտիվ են: Մարդն իր ներսի ինտելեկտուալ կադրով է տվյալ ստեղծագործությունների պատկերային շարքը կազմում: Իսկ թատերարվեստում, ուզես թե չուզես, պատկերը հիմնականում կազմվում է դերասանի շարժման միջոցով: Այդ իսկ պատճառով թատերային պատկերը որքան էլ սուբյեկտիվ լինի, արդյունքում առավել ընկալելի է:

Կարծում եմ' ավելորդ է նշել, որ արվեստագետի համար հասկանալի չլինելը հաճախ մեծ ողբերգությունների տեղիք է տալիս: Պատկերի օբյեկտիվությունը թատերարվեստի մարդուն պաշտպանում է խելագարվելու կամ ներփակվելու ծանր վիճակից: Այս երևույթի բացատրությունը, թերևս, այն է, որ թատերական պատկերը դերասանի շնորհիվ կազմվում և դերասանի բացակայության դեպքում անէանում է: Սա է բեմում պատկերի հետ կապված ամենամեծ պարադոքսը. վիզուալությունը օգնում է առավել օբյեկտիվ լինել և միաժամանակ հաստատում թատերարվեստի անցողության ցավալի փաստը...

Այժմ ևս երկու խոսք թատերական գրի մասին: Թատերարվեստի որոշ տեսակներում, ասենք' մնջախաղում, «գրի խոսակցականությունը» արտահայտվում է գրական հիմքից եկող զգացողությունների միջոցով: Բացատրեմ միտքս: Վերցնենք մի գրական ստեղծագործություն, որի մեջ Ա. մարդը սիրում է Բ. կնոջը և սպանում նրա ամուսնուն:

Քանի որ թատրոնի գիրը, այլ կերպ ասած` նրա մի ճյուղավորումը` Խոսքը, մնջախաղում ի վիճակի չէ արտահայտել զգացմունքների այս տիեզերքը, ապա առավել սրվում են տվյալ ստեղծագործությունը համակարգող Գրային զգացողությունները: Եթե վերը նշված պատմությանը, օգտվելով այն հանգամանքից, որ գործողությունն է (և ոչ խոսքը) ապահովում զգացմունքների ընթացքը, սոսնձես մեկ այլ պատմության Գրից եկող զգացողություններ, ապա ներկայացումը, ներքին իմաստով էկլեկտիկ երանգավորումներ ստանալով, կձևափոխվի: Փաստորեն, ֆաբուլայի զգայականությունը հետևյալ երանգավորումը կստանա. Բ. կինը, սիրահարվելով իր իսկ ամուսնուն, չգիտես ինչու սպանում է Ա. մարդուն' հանդիսատեսին գցելով սարսափելի ողբերգական մի դրության մեջ, որի անունը տաղտուկ է...

Ի դեպ, թատերարվեստի այս, արտաքուստ «չխոսող» տեսակը, թերևս, առաջինն է փաստում Գրի առասպելականության մասին:

Բացի դրանից' թատերական գիրը մի կարևոր առանձնահատկություն ևս ունի: Փաստ է, որ խաղացած դերից դերասանի մեջ ինչ-որ բան անպայմանորեն մնում է: Կերպարի բոլոր ազդակները սնվում են տեքստի պատառիկներից: Հետագայում, երբ դերասանը վերհիշում է իր խաղացած դերը, նրա մտապատկերում արթնանում են ոչ թե կերպարի մեկնաբանության փիլիսոփայագեղագիտական շերտերը կամ արդեն մաշված զգացողությունները, այլ հիմնականում թատերական տեքստի պատառիկները: Հենց այդ պատառիկներն են նախկինում եղել կերպարի բանալին:

Փաստորեն, հանրամատչելի, սակայն մասնագիտական տեսանկյունից տխմար' «կերպարի մեջ մտնել» արտահայտության հիմքում թատերական գրի պատառիկներն են: Այս կարևոր տարբերությունն էլ առանձնացնում է դրամատուրգիան թատերական գրից: Պարզաբանեմ միտքս: Պիեսի (դրամատուրգիական գործի) ու բեմադրված պիեսի (թատերական գրի) միջև սար ու ձորերի տարբերություն կա: Չբեմադրված պիեսը դեռ թատերական գիր չէ: Թատերական գիրը, բացի դրամատուրգի տեքստից, ամփոփում է բեմադրիչի, դերասանի, նկարչի, նույնիսկ բուտաֆորի և լուսային ձևավորողի զգացողությունները:

Այս պահին հիշեցի տրագիկոմիկական մի պատմություն: Մի տաղանդավոր դերասան, ով չգիտեր իր մահացու հիվանդության մասին, հոսպիտալացվում է: Առավոտյան նրան տանում են ներքին օրգանները «ռենտգենով» նկարելու: Բժիշկներից մեկը պատահաբար հնչեցնում է «նկարահանում» բառը: Ռենտգեն ապարատի մոտ կանգնած մահամերձ դերասանի ներսում տարօրինակ ռեֆլեքս է աշխատում: Նրան թվում է, թե ինքը տեսախցիկի առաջ է, և սկսում է բժիշկների և հատկապես բուժքույրերի հետ կատակներ անել` մեջբերելով Թատերական գրի տարբեր պատառիկներ:

Այդ պահին նա, թերևս, նմանվել է մի տարօրինակ հրաշագործի, ով իր ձեռքի բանալիներով զանազան-միստիկ դռներ է բացում: Կերպարների բանալի հանդիսացող թատերական գրի պատառիկները շաղելուց հետո, երբ, այսպես կոչված, նկարահանումը ձգձգվում է, դերասանը միայն դերասանին հատուկ մի «ֆրազ» է արտաբերում: Այս նախադասությունը հասու կլինի անտրոպոլոգիական միանգամայն այլ ծագում ունեցող այն մարդկանց, որոնց անունը դերասան է: Մի խոսքով, դերասանը նկարահանումը դադարեցնում է' ասելով.

-Վերջացրեք, ես ներկայացումից ուշանում եմ...

Այսպիսով, թատերական գիրը զգայական տեսանկյունով կարելի է նույնացնել մետաֆորային-ուրվականային վիճակի հետ: Կերպարի բանալին հանդիսացող տեքստային պատառիկներն են, որ, այսօր' այս պահին, ամբողջանալով, ստեղծում են մի միջավայր, որի անունը ներկայացումն է: Ներկայացումը ապրում կամ չի ապրում, երբեմն վաղաժամ մահանում է, բայց դերասանների ներսում մնացած կերպարային պատառիկները կուլիսային մետաֆորների պես շրջում ու փաստում են մի տարօրինակ ու անբուժելի հիվանդության մասին, որի ախտորոշումը կայանում է միմիայն Ֆանտոմային գրերի միջոցով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter