
«Գողական օրենքը» խրախուսվում է բանտերի վարչակազմի կողմից
«Գողական» ենթամշակույթի կրողները լրագրողների հետ չեն շփվում, նրանց «արգելված» է հարցազրույցներ տալ, բանտերի առօրյայի մասին խոսել, առավել ևս բողոքել այս կամ այն արատավոր երևույթի մասին: Սա է, թերևս, պատճառը, որ այդ փակ «աշխարհի» մասին քիչ ինֆորմացիա է հասնում ճաղերից այս կողմ:
Այս ենթամշակույթն առաջացել է Սովետական Միությունում 1930-ականներին` Ստալինի կողմից: Նպատակը հանցավոր աշխարհի հեշտ կառավարումն էր: Նրանք, ի տարբերություն քաղաքական բանտարկյալների, շուտ էին ազատվում բանտերից: Նախորդ դարում գողականների հիմնական գաղափարը քաղաքականությունից դուրս մնալն էր, սեփականություն, ընտանիք, երեխաներ չունենալը: Սովետական Միությունն արդեն 26 տարի չկա, բայց գողական ենթամշակույթը գործում է:
Թեպետ որոշ հրապարակումներ, հետազոտություններ կան այս ենթամշակույթի մասին, այդուհանդերձ, այն քիչ է ուսումնասիրված: Մի քանի փորձ, իհարկե, քաղաքացիական հասարակության կողմից արվել է` բացելու այս փակ թեման: Առաջինը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն էր, որ 2013-ին նախաձեռնեց հարցազրույցների շարք արդեն իսկ ազատված քաղաքացիների հետ` վերնագրելով զեկույցը «Ազատազրկո՞ւմ, թե՞ տառապանք»:
Այս անգամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն է Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության հետ համատեղ հրապարակել բանտային ենթամշակույթի մասին հետազոտություն` «Ոչ ֆորմալ հարաբերությունները Հայաստանի ազատազրկման վայրերում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինակով» վերնագրով:
Հետազոտող Նինա Իսկանդարյանը նշեց, որ հարցազրույցներ են անցկացրել վերջին 5 տարվա ընթացքում տարբեր ժամկետով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված, ներկայումս ազատության մեջ գտնվող անձանց հետ։
Բանտի վարչակազմը խորհրդակցում է գողական հեղինակությունների հետ
Հետազոտողները ստացել են հետևյալ պատկերը` «Գողական օրենքը» և ոչ ֆորմալ հարաբերությունների հիերարխիկ համակարգը խրախուսվում է հայաստանյան բանտերի վարչակազմի կողմից և օգտագործվում սեփական աշխատանքը կազմակերպելու նպատակով: «Այն ազդում է ազատազրկվածների կյանքի վրա անվտանգության, առողջության, հոգեբանական վիճակի, սոցիալական կապերի, կենցաղային պայմանների, ֆինանսական ծախսերի և այլ տեսանկյուններից, հանգեցնում է ինստիտուցիոնալացված անհավասարության և խթանում է կոռուպցիոն դրսևորումները»,-կարդում ենք հետազոտության մեջ: Օրինակ, ըստ հարցվածների, բանտախցերով բաշխելիս ՔԿՀ վարչակազմը խորհրդակցում է գողական հեղինակությունների հետ: Կան բարձր և ցածր կարգավիճակ ունեցող խցեր, որոնք խիստ տարբեր են արտոնություններից օգտվելու, գերբնակեցվածության աստիճանի, կենցաղային պայմանների տեսանկյունից, տարբեր է վարչակազմի և գողական հեղինակությունների վերաբերմունքն այնտեղ պահվողների նկատմամբ:
«Նայողների» միջոցով է վերահսկվում կարգապահությունն ու մաքրության պահպանումը
Ըստ հետազոտության տվյալների` ՔԿՀ վարչակազմն աջակցում է ոչ ֆորմալ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, քանի որ այդ կերպ լուծում է մի շարք խնդիրներ. «նայողների» միջոցով վերահսկվում է կարգապահությունը և մաքրության պահպանումը, կազմակերպվում է դրամահավաք, լուծվում են խցերի վերանորոգման և պայմանների բարելավման հարցերը, և վարչակազմը կարիք չի ունենում այդ ամենի մասին հոգ տանելու: Հետազոտության համաձայն` սա փոխհատուցում է բանտում առկա անձնակազմի և ռեսուրսների սղությունը, թույլ է տալիս լուծել կենցաղային խնդիրներ և իրականացնել ռեսուրսների վերաբաշխում հարուստներից աղքատներին՝ սննդի, ծխախոտի, սուրճի և այլ բարիքների ավելցուկներն այլ խցեր փոխանցելու միջոցով: Մի կողմից, այս իրավիճակը խորացնում և ինստիտուցիոնալացնում է բանտարկյալների միջև անհավասարությունը՝ ստեղծելով բարձր և ցածր կարգավիճակ ունեցող, աղքատ և հարուստ բանտախցեր, մյուս կողմից՝ վարչակազմի ներգրավվածությունը ոչ ֆորմալ հարաբերություններում ստեղծում է կոռուպցիայի լայն հնարավորություններ:
Ոչ ֆորմալ հարաբերություններն ազդում են նաև բժշկական ծառայությունների հասանելիության վրա: Հիմնարկի ներսում ռեսուրսների սակավության պատճառով պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, իսկ դատապարտյալների հիվանդանոցից օգտվելը սովորական ազատազրկվածի համար գրեթե անհնար է: Դա հարուստների և գողականների «առողջարանն է», ուր հայտնվում են ծանոթության կամ փողի միջոցով, և առողջական վիճակն այդտեղ ոչ մի դեր չի խաղում:
Սնունդը, անկողնու սպիտակեղենը և հագուստը բերում են հիմնականում ընտանիքի անդամները: Հարցվողները նշել են, որ բանտային կերակուրն անորակ է և ուտելու համար` ոչ պիտանի: Գրեթե բոլորն ուտում են իրենց և խցակիցներին հանձնուքով բերած սնունդը:
«Պալաժենեցը» ապրում է հատուկ բանտախցում, կարող է ազատ շրջել բանտում
Նինա Իսկանդարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բանտերում կիրառվող հատուկ տերմինաբանությունը հիմնականում աղավաղված ռուսերեն բառեր և արտահայտություններ են, այլ կերպ ասած` խորհրդային ռեժիմի ժառանգություն:
Այսպես` գողական օրենքը կոչվում է «պռագոն»: Այն առավել խիստ է գործում նույնասեռականների (կամ ինչ-ինչ պատճառով այդպիսին համարվողների) և գողական օրենքը դիտավորյալ խախտած դատապարտյալների՝ «թռածների» նկատմամբ: Նրանք, ըստ հետազոտության, բանտային հիերարխիայի ամենաստորին շերտում են՝ մեկուսացված և ստորացված կարգավիճակում, պահվում են ամենավատ պայմաններն ունեցող և գերբնակեցված բանտախցերում, որտեղ չկա «նայող», հետևաբար` չկա կարգապահություն, և բանտարկյալների միջև հնարավոր է բռնություն:
Հիերարխիայի ամենավերին օղակը զբաղեցնում է հիմնարկի ամենաբարձր գողական հեղինակությունը՝ «պալաժենեցը»: Հետազոտության տվյալների համաձայն` նա ապրում է հատուկ բանտախցում, կարող է ազատ շրջել բանտում: Կարող է գողական օրենքի խախտման համար պատիժներ սահմանել, վեճեր և կոնֆլիկտներ լուծել, որոնք չեն կարողանում կարգավորել «նայողները», բանտախցերում ազատազրկվածների բաշխման վերաբերյալ որոշումներ կայացնել, դատապարտյալներից դրամահավաք՝ «գրեֆ» կազմակերպել և դրա վերաբաշխումն իրականացնել, ինչպես նաև՝ հիմնարկի վարչակազմի հետ հարցեր համաձայնեցնել:
Հետազոտության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածները փողով խաղում են տարբեր խաղեր (խաղաթղթեր, նարդի, շախմատ, շաշկի, դոմինո և այլն), ինչին նպաստում է պարապությունը և ձանձրույթը: Խաղալ կարելի է ինչպես կանխիկ փողով, այնպես էլ՝ պարտքով, ինչը ռիսկային է անփորձ և մոլի խաղացողների համար: Մոլախաղերում հաղթած գումարի մի մասն ուղարկվում է «պալաժենեցին», իսկ պարտված գումարների շրջանառությունը կարող է ամբողջությամբ իրականացվել բանտի պատերից դուրս և ընդհանրապես չվերահսկվել վարչակազմի կողմից:
Ըստ Նինա Իսկանդարյանի` իրենց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, թե ոչ ֆորմալ հարաբերություններն ինչպես են ազդում ազատազրկվածների կյանքի վրա: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն համոզված է` Հայաստանում քրեակատարողական համակարգում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները չեն կարող բերել ցանկալի արդյունքների, քանի դեռ բանտերի ներսում իշխում են գողական օրենքները և ոչ ֆորմալ հարաբերությունները:
Հետազոտությունն ամբողջությամբ` այստեղ
Լուսանկարում հետազոտող Նինա Իսկանդարյանն է
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել