HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գլխավոր դատախազն ԱԺ-ում ներկայացրեց Արթուր Սարգսյանի կալանավորման և մահվան հանգամանքները

Ազգային ժողովի այսօրվա նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորման և մահվան հանգամանքների վերաբերյալ հնչած գնահատականներին։ 

«Նախ՝ կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը։ Իսկ օրենքի տեսակետից թույլտարելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ փաստով քննում է քրեական գործ»,- հիմնավորեց նա: 

Դատախազն անդրադարձավ Արթուր Սարգսյանի կրկնակի կալանավորմանը: Ասաց, որ խափանման միջոցը փոխվել է ոչ թե միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության արդյունքներով, այլ բժշկական կարծիքի հիման վրա։ 

Գլխավոր դատախազ Դավթյանի փոխանցմամբ՝ այդ արդյունքները հնարավորություն են տվել իրենց եզրակացնելու, թե քիչ հավանական էր, որ նման առողջական վիճակով Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չդրսևորեր:    

Դրանից հետո, ընթացակարգերը պահպանելու համար, նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն։ «Ստացել ենք եզրակացությունը, որի պարզ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կա ներքին հակասություն, որ այդ եզրակացության հետևություններում համապատասխան հիվանդության նկարագրությունը լիարժեքորեն չէր համապաստախանում  կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիվանդությանը։ Բնականաբար, վարույթն իրականացնող մարմինը շատ իրավաչափ նշանակեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը: 

Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ այդ փորձաքննությունում հստակեցվել է նախորդ եզրակացության բացերը, ինչպես նաև առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ, չնայած Սարգսյանը տառապում էր այդ հիվանդություններով, բայց դրանք ամբողջապես չեն համապատասխանել կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդության նկարագրին։ 

«Բայց էստեղ ուզում եմ շեշտադրեմ ամենակարևորը. ոչ թե այս մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի կրկնակի՝ երկրորդ անգամ կալանավորմանը, այլ դատավարական օրենքի հստակ պահանջը»,- ասաց Արթուր Դավթյանը։ 

Գլխավոր դատախազը նաև շեշտեց, որ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները։ Մասնավորապես, պատշաճ ծանուցված լինելով՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին, խոչընդոտել էր ծանուցագիրը՝ օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին:

«Բացի այդ, գործով տվյալներ էինք ստացել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց գլխավոր դատախազը։ 

Արթուր Դավթյանը նաև անդրադարձավ պատգամավորների միջնորդություններին, մասնավորապես, ԱԺ 27 պատգամավորների՝ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու երաշխավորությանը։ Ասաց՝ հաշվի առնելով Արթուր Սարգսյանի ազատության մեջ մնալու բարձր ռիսկերը, հրավիրել է խմբակցությունների ներկայացուցիչներին, ներկայացրել դատավարական գործընթացը և նրա ազատության մեջ հայտնվելու ռիսկերը։

Դատախազը  պատգամավորներին առաջարկել է հանդիպել ՔԿՀ-ում գտնվող Սարգսյանին, նրանից ստանալ հավաստիացումներ, որ, ազատության մեջ գտնվելով, չի խախտի պայմանները կամ պատշաճ վարքագիծ կդրսևորի։ 

Պատգամավորները հանդիպել են Սարգսյանին, ստացել հավաստիացումը, որից հետո փոխվել է նրա խափանման միջոցը։ 

Արթուր Դավթյանի հաղորդմամբ՝ ազատ արձակվելուց հինգ օր անց Արթուր Սարգսյանը, առանց բժիշկների թույլտվության, դուրս է եկել հիվանդանոցից, որից հետո այլ հիվանդությամբ, որը, ըստ դատախազի, կալանքի ընտրության հետ որևէ կապ չի ունեցել,  ուղղակի ցուցումով ենթարկվել է վիրահատության։ Իսկ շարունակության մասին դատազախը չխոսեց՝ հաշվի առնելով հարուցված քրեական գործը։

Մեկնաբանություններ (1)

Իսկապես ափսոս
///Բացի այդ, գործով տվյալներ էինք ստացել նաև Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ/// - Հին հանցագործությունը սովի մատնվածներին հաց տանելն է եղել: Նշանակում է որ ,,բարձր հավանականությամբ նոր հանցագործությունը,, պետք է որ ուրիշ քաղցածների նույնպես հաց հասցնելու մտադրություն լիներ (քանի որ որեւէ այլ հանցանքի նախադեպ, ունակություն կամ փորձ այդ մարդու մոտ չի նկատվել): Իմ համեստ կարծիքով, այս գրագետ մարդու համար շատ ավելի արժանապատիվ կլիներ գլուխը կախեր ու պարզապես լռեր, քան արհեստավարժ, անբովանդակ ու անիմաստ դեմագոգիա հրամցներ, ինչպես ընդունված է: Ափսոս որ երիտասարդ է, կարող էր հույս առաջացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter