HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցչուհի. «Արշավիրը երբեմն դասերին քնում էր, հոգնած էր լինում երեխան»

Արշավիրը Կողեսի հիմնական դպրոցի 5-րդ դասարանում է սովորում, 11 տարեկան է:

Նա իր ուսերին կրում է սոցիալապես անապահով իր ընտանիքի հոգսերի մի մասը:

Արշավիրը մեր զրույցի ընթացքում պատմեց, որ խնամում է փոքրիկ եղբորն ու քրոջը, իրենց 2000 մետր տնամերձն է մշակում, կարտոֆիլ է ցանում, հավաքում է բերքը, փայտ է ջարդում, տան համար ջուր է կրում: Ասաց` պապը դեռ խոտի կեսը չի հնձել: Հնձելուց հետո խոտը եղանով իրար վրա է դնելու, որ տուկ անեն:

Կողեսցի Սուսաննա Պողոսյանը 4 երեխա ունի: Ընտանիքը անապահով է, ապրում են 40 հազար դրամ նպաստով: Նպաստը չի հերիքում, հաճախ պարտքեր են անում: Ամուսինը՝ Արթուրը, 4 ամիս է` Ռուսաստան է գնացել աշխատելու, բայց, կնոջ ասելով, անգամ 10 դրամ չի աշխատել: Ընտանիքին գոյատևելու համար օգնում են Կողեսում բնակվող Սուսաննայի ծնողները: Երեխաներից մեծը՝ Անահիտը, 12 տարեկան է, փոխադրվել է 7-րդ դասարան: Այս պահին, Սուսաննայի ասելով, Անահիտը Վանաձորում սկեսուրի մոտ է ապրում: Մոր խոսքով` Արշավիրը սկզբում դպրոցում լավ է սովորել, հիմա թույլ է սովորում:

«Երևի երեխեքի պատճառով, շատը երեխեքով եղա, իրենով չկարողացա զբաղվել: Արշավիրը շատ օգնող է, շատ ընդունակ է, ուսումն էլ է անում, բայց դե երեխա է, էլի»,- բացատրեց մայրը:

Սուսաննան ասում է` Արշավիրը ամեն գործ էլ անում է, երբեք չի սպասում հանձնարարության. «էսօր ասացի` ոլոռը քաղելու եմ, մինչև լվացքը փռեցի, Արշավիրն արդեն քաղել էր»:

«Արշավիրը երբեմն դասերին քնում էր: Հոգնած էր լինում երեխան: Փայտ ջարդելիս մատն էր վնասել, լավ էր մատը չհեռացրին: Արշավիրը շատ ծանր պայմաններում է ապրում»,- ասում է Արշավիրի մայրենի լեզվի ուսուցչուհի և դասղեկ Աիդա Լազրևան:

Սուսաննան մեզ հետ զրույցում մի քանի անգամ խոստովանեց, որ իր հանձնարարությամբ իր 1 տարեկան աղջկան և 2 տարեկան տղային անչափահաս որդին է պահում:

Գյուղապետ Մենժիկ Ներսիսյանի խոսքով` Սուսաննան Արշավիրին և Անահիտին 1-ին ամուսնուց է ունեցել: Այժմ Անահիտը Վանաձորում ապրող հոր խնամակալությանն է հանձնված:

«Ընտանիքը սոցիալապես անապահով է: Սուսաննայի 2-րդ ամուսինը Տաշիրից է: Նա մեկնել է արտագնա աշխատանքի: Մենք սոցիալական բոլոր ծրագրերով օգնել ենք այս ընտանիքին»,- հայտնեց գյուղապետը:

Սուսաննան խոստովանեց, որ Արշավիրը Արենին է ավելի շատ պահել: «Արենին, կարելի է ասել, Արշավիրն է մեծացրել: Ես գնացել եմ կարտոշկա եմ հավաքել, Արշավիրը Արենին պահել է»,- ասում է Սուսանան:

Կարտոֆիլ հավաքելը սեզոնային աշխատանք է: Մորը կարտոֆիլ հավաքելու պատրվակով Արշավիրը կարող էր Արենին պահել ընդամենը աշնան բերքահավաքի 1-2 ամիսներին: Նախորդ տարվա կարտոֆիլի բերքահավաքից հետո Սուսաննան մինչև օրս չի աշխատում, սակայն Արշավիրը շարունակում է ստանձնել փոքրիկ քրոջ և եղբոր դայակի պարտականությունները: Կողեսում գյուղացիներից մեկը պատմեց, որ ընտանիքի ամբողջ հոգսը Արշավիրն է կրում: Սուսաննան արդարացավ, թե Արշավիրին հիմնականում երեխաներին պահելու գործն է հանձնարարում:

«Հա, երեխաներին պահում է, զբաղվում է, էլի: Բա դե մեր տունը, մեր երեխեքը, պտի օգնի», -ասաց նա: Արշավիրն էլ բացատրեց, որ մեկ տարեկան քրոջը և Արենին պահում է, որ մայրը տան գործն անի: Ինեսային քնացնելիս նրա համար երգում եմ, որ շուտ քնի»,- պատմում է  Արշավիրը:

«Քնացնում է, շորերն է փոխում, ամեն ինչ էլ անում է»,- որդուն գովեց մայրը: Արշավիրի հետ մտանք իրենց տնամերձը. «Հողի հետ աշխատելը էդքան էլ դժվար չէ: Հա, առավոտյան հովին եմ  հողում աշխատում: Այս տարի այգում ավելի շատ կարտոֆիլ ենք ցանել: Ես եմ ցանել, նաև ղազմա եմ տվել: Մայրիկս էլ է օգնել: Սա մեր ձմեռվա կարտոֆիլն է»,- ասաց Արշավիրը: Նկատեցի, որ այգին Արշավիրի հույսին է եղել, նա որքան կարողացել է, այնքան էլ մշակել է: Մոլախոտի մեջ սոխի թարմ տերևները հազիվ էին երևում: Լոբու թփերը փաթաթված էին մոլախոտին:

«Էս երեխեն աջ անց կենա, ձախ անց կենա, հարցնում է՝ տատիկ, ոնց ես: Տղես  անասնապահ է, իրիկունը ժամը 8-ին նոր տուն է գալիս: Թոռս էլ Երևանում է: Ինքն է ինձ ամեն ինչով օգնում, ասում եմ փայտ ու աթար կա, տար կրակի կուշտը: Ինչ ասում եմ, երեխեն  անում է»,- Արշավիրին գովեց հարևան 84-ամյա Արև Անդրեասյանը:

Արշավիրը խոստովանեց, որ աշխարհում ամենաշատը խաղալն է սիրում. «Ընկերներիս հետ մեր թաղում մեկ-մեկ ֆուտբոլ եմ խաղում, մեկ էլ զապաս»: Ասաց, որ իր ամենալավ ընկերները իրենց թաղի Գարիկն ու Արտուշն են: Ասում է, որ հաճախ Վանաձոր հոր մոտ է գնում: Վանաձորն ու Կողեսն էլ հավասար է սիրում:

Մայրն ասում է, որ Արշավիրը մայրենի լեզուն շատ է սիրում: Արշավիրը երազում է ուսուցիչ դառնալ: «Ամենահաճույքովը երգի դասերին եմ գնում: Հնարավոր է` երգի դասատու կամ մայրենի լեզվի դասատու դառնամ»,- ասում է Արշավիրը:

Դասղեկ Աիդա Լազրևայի խոսքով` Արշավիրը առաջին, երկրորդ դասարաններում ավելի լավ է սովորել: Երրորդ և չորրորդ դասարաններում երեխան սկսել է թուլանալ՝ կենցաղային վատ պայմանների պատճառով: «Եթե Արշավիրը զբաղվի, կարող է հայոց լեզվի ուսուցիչ դառնալ: Ընդունակ է, բայց տանը Արշավիրի գիտելիքների հարցով զբաղվող չկա: Արշավիրը շատ ծանր պայմաններում է ապրում»,- ասաց դասղեկը:

Մեկնաբանություններ (2)

Լարիսա Փարեմուզյան
tel.093 832374
Гарик
Как можно помочь семье?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter