HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ֆիրդուսի» շուկայի տաղավարների ապամոնտաժումը շարունակվում է (տեսանյութ)

«Ֆիրդուսի» շուկայի տաղավարները վաղ առավոտից ապամոնտաժվում են։ Վաճառականների փոխանցմամբ՝ տաղավարների ապամոտնաժումը սկսվել է այսօր 06։00-ից, առանց իրենց զգուշացնելու։

Այս պահին շուկայում հսկողություն են իրականացնում քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանները, իսկ նրանց հսկողությամբ աշխատում է շինմոնտաժող տեխնիկան։ Վաճառականներն ասում են, որ առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել էին թույլատրել առևտուր անել տաղավարների ներսում, միայն հավաքել դրանց դիմաց դրված սեղանները, ապա ժամեր անց հայտնել, որ պետք է հավաքվի ողջ ապրանքը, քանի որ շուկան ամբողջովին է ապամոնտաժվում։

Գայանե Կիրակոսյանը, արդեն 15 տարի է, «Ֆիրդուսի» շուկայում առևտրով է զբաղվում։ Ասում է՝ մեկ ամիս առաջ տեղեկացրել են, որ պետք է տարածքն ազատեն, բայց իրենք դիմել էին Տարոն Մարգարյանին՝ ժամանակ խնդրելով՝ ունեցած ապրանքը սպառելու համար. «Սենց բան չեն անում։ Գողեգող գան, մտնեն պալատկեքը, կտրե՞ն, քանդե՞ն, թափե՞ն։ Էս ի՞նչ ա»։

Ընդվզող առևտրականներին ամենից շատ մտահոգում է ունեցած վարկերը։ Ասում են՝ այս օրերին չեն աշխատելու, ունեն կուտակած վարկեր, որոնք մարելու այլ աղբյուր չունեն։ Քաղաքապետից մինչ սեպտեմբեր կամ տարվա վերջ ժամանակ էին խնդրել՝ ունեցած ապրանքը վաճառելու համար, սակայն այսօր առավոտյան, առանց իրենց տեղեկացնելու, քաղաքապետարանի աշխատակիցները սկսվել են ապամոնտաժման աշխատանքները։

Շուկայի վաճառականները այլ առևտրի կենտրոն տեղափոխվել չեն ցանկանում։ Ինչպես նրանցից ոմանք պարզաբանեցին՝ այս շուկայի պայմանները հարմար են, տեղի վճարը մատչելի, խիստ պայմաններ սահմանված չեն։

Ասում են՝ քաղաքապետարանից առաջարկել են այլ տոնավաճառներ տեղափոխվել, սակայն չեն համաձայնել, քանի որ վարձավճարները բարձր են, և աշխատանքային պայմանները ոչ ցանկալի։ «Յոթ տարի է՝ էստեղ աշխատում էի, օրվա հացի փող վաստակում։ Սենց բան կարելի ա։ Հե՞չ չնստեն ժողովրդի հետ խոսեն։ Առավոտ ասեցին՝ երկու ժամից նորից կանգնելու եք, բայց տեսաք՝ ինչ արեցին։ Գաղտնի որոշեցին, էտ ա՝ ինչ ուզեցին, արեցին։ Փողոցային առևտուր ա, վերջ առևտրին։ Բա՞ էսքան մարդիկ, անգործ մնա՞ն, օրվա հացի փող չստանա՞ն, ոն՞ց պիտի լինի, մտածե՞լ են»,- հարցնում է Սվետլաննա Սուլթանյանը։

Վաճառականը չգիտի՝ վաղն ինչ է անելու, ոնց է վաճառելու ունեցած այդքան ապրանքը, աշխատելու է, թե ոչ։

Հավաքված առևտրականները քննարկում էին վաղվա անելիքները։ Ոմանք ասում էին, որ պետք է գնան նախագահի մոտ, ոմանք առաջարկում էին վարչապետի հետ հանդիպում պահանջել, ոմանք էլ քաղաքապետին մեղադրում էին՝ իրենցից ձայներ ստանալու, սակայն հիասթափեցնելու մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter