
Գրքույկի շնորհանդես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Գրքույկ` հատուկ զինվորների համար
Նախկին շարքային, 21 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Աշոտ Մանուկյանն անձամբ էր դիմավորում հյուրերին, որոնք հրավիրված էին իր հեղինակած «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» գրքույկի շնորհանդեսին:
Նա գրքույկն անվանեց «ապաշխարանք»: Պատմեց, որ վաղուց է մտահղացել գրքի ձևով երկխոսել, գրել է իր պատմությունն ավելի մեծ ծավալով: Հետո կրճատել է, քանի որ կարծում է՝ զինվորները միգուցե մեծ գործեր չկարդան, իսկ ինքը ցանկացել է ասելիքը անպայման տեղ հասցնել: Նպատակը զինվորական հանցագործությունների կանխումն է:
«Եթե իմ պատմությունը կարդալով՝ թեկուզ մի զինվոր հետ կմնա պատմության կրկնությունից, ուրեմն կիմանամ, որ իզուր չեմ գրել»,- ասում է երեք համածառայակիցների սպանության մեղադրանքով 1996-ին մահապատժի դատապարտված Աշոտ Մանուկյանը:
Գրքույկը տպագրվել է 1000 օրինակով: Աշոտ Մանուկյանը նշեց, որ պայմանավորվածություն կա՝ գրքույկները առաքվելու են զորամասերի գրադարաններ:
«Հետք»-ի հարցին պատասխանելով՝ Աշոտ Մանուկյանը նշեց, որ ժամանակը հիմնականում ընթերցանությամբ է անցկացնում, ստեղծագործելով: Այժմ էլ ցանկանում է ընդունվել բուհ, սովորել բանասիրության ֆակուլտետում:
«Ցմահ ազատազրկման դատապարտվածների թվում էլի կան մարդիկ, ովքեր սովորում են, աշխատում, ստեղծագործում»,-ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալը (բուհերում սովորում է 5 ցմահ դատապարտյալ):
«Հետք»-ի հարցին՝ արդյո՞ք խրախուսելի չէ դատապարտյալների նման վարքագիծը, հետևաբար արդյո՞ք Աշոտ Մանուկյանը կխրախուսվի, ինչպես գրված է քրեակատարողական օրենսգրքում, ԱՆ ՔԿՎ սոցիալ-հոգեբանական-իրավական բաժնի ղեկավար Ռոման Ալավերդյանը պատասխանեց՝ կքննարկեն հարցը: Նշենք, որ դատապարտյալներն առհասարակ հազվադեպ են ստանում խրախուսանքներ՝ տույժերի համեմատությամբ:
Աշոտ Մանուկյանը կրել է պայմանական ազատման ներկայացման 20 տարին, ինչպես ևս 25 ցմահ դատապարտյալ, սակայն ինչպես նա, այնպես էլ որևէ մեկը չի ներկայացվել պայմանական ազատման: Ասում է, որ շուտով ևս մեկ անգամ է ներկայացվելու: Հույս ունի, որ այս անգամ միգուցե չմերժեն:
Պայմանական ազատման հարցը բարձրացրեց նաև ցմահ դատապարտյալներին ամեն շաբաթ այցելող Տեր Գրիգորը՝ հորդորելով կիրառել օրենքով նախատեսված պայմանական ազատման ինստիտուտը: Հոգևորականը նաև նշեց, որ փոփոխությունները ոչ թե պիտի բանակից սկսել, այլ մանկապարտեզից ու դպրոցից, նաև ընտանիքից: Խոսելով Աշոտ Մանուկյանի մասին՝ ասաց. «Մեր առջև մարդասպան չի նստած, մարդասպան էր 22 տարի առաջ»:
21 տարի բանտում անցկացրած դատապարտյալը ուշադրություն հրավիրեց հանցագործության կատարման ժամանակ անձանց տարիքին. «18-20 տարեկան էրեխեք էինք»: Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում ցմահ ազատազրկման համար օրենսդրորեն ամրագրված է 21 տարեկանից բարձր շեմը: Որոշ երկրներում էլ, թեպետ նման օրենսդրական ամրագրում չկա, բայց ցմահ դատապարտյալները 25-ից բարձր տարիքի անձինք են: Հայաստանում 96 ցմահ դատապարտյալներից 17-ը արարքը կատարելու ժամանակ եղել են 18-21 տարեկան, որոնցից 14-ը դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարված հանցանքների համար:
Աշոտ Մանուկյանը շեշտեց նաև հրամանատարության դերը, խիստ կարգուկանոնի անհրաժեշտությունը, քանի որ բանակը պետական մարմին է: Իր գործում կոնկրետ զինվորները օրեր շարունակ մնացել են առանց հսկողության:
Աշոտ Մանուկյանը նպատակներ ունի՝ սպանված զինվորների ծնողներին աջակցել ազատություն վերադառնալով և նպաստել, որ ծնողները վերադառնան հայրենիք (արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան): Առաջինն, ինչ կանի ազատության մեջ՝ կայցելի երեք զինվորների շիրիմներին:
Շնորհանդեսին ներկա հայագետ, գրող Արծվի Բախչինյանը նշեց, որ պարբերաբար ռազմահայրենասիրական դասախոսություններ է կարդում զորամասերում: Պատրաստակամություն հայտնեց գրքույկները հասցնել զինվորներին:
Շնորհանդեսն ավարտվեց «Հայր մեր»-ով: Վերջում Աշոտ Մանուկյանը մակագրեց ու ստորագրեց հյուրերին նվիրած գրքույկները:
Մեկնաբանել