HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանը ընտանիքի հետ տեսակցության է եկել նոր խցից

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Տոնածառի գործով» դատապարտված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ մեկամսյա դադարից հետո այսօր կարճատև տեսակցություն են ունեցել ընտանիքի անդամները՝ ծնողները և եղբայրը:

Գևորգ Սաֆարյանի եղբայրը՝ Արմո Սաֆարյանը, «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ Գևորգին արդեն իսկ տեղափոխել են նոր խուց. «Տեսակցության էր եկել նոր խցից, մտել էր ու անմիջապես դուրս էր եկել, խցի պայմաններին դեռ չէր հասցրել ծանոթանալ, բայց ասաց, որ խցակիցներից որոշներին ճանաչում է»:

Գևորգ Սաֆարյանին այլ խուց տեղափոխելու մասին ժամեր առաջ հաղորդագրություն էր տարածել նաև ՄԻ պաշտպանի գրասենյակը:

Գևորգը ընտանիքի անդամներին պատմել է պատժախցի պայմանների մասին՝ կիսանկուղային է եղել, խոնավություն, միջատներ: Թեպետ քնելու տեղ եղել է, բայց ներքնակը տարել են ցերեկները, երեկոյան բերել: Պատժախցում գտնվելու մեծ մասն անցկացրել է մենակ, ընթացքում երբեմն այլ կալանավորների են բերել ու տարել:

Արմո Սաֆարյանն ընդգծեց, որ հունիսի 30-ից իրենք ոչ միայն չեն կարողացել տեսակցել, այլև չեն կարողացել հանձնուք փոխանցել եղբորը. «Չի բողոքում ուտելիքից, կերել է բանտի սնունդը, բայց մի քիչ նիհարած էր»:

Ըստ Գևորգ Սաֆարյանի եղբոր, պատժախցից նրան տեղափոխելու անհրաժեշտության, պահման ոչ բավարար պայմանների մասին վերջին 20 օրերին բարձրաձայնվել է մի քանի աղբյուրներով՝ փաստաբաններ, լրագրողներ, պատգամավորներ, ՄԻՊ գրասենյակ, Վարդգես Գասպարիի պիկետները. «Այդ ամենը, կարծում եմ, ազդեց, որ այսօր նման որոշում կայացվեց վերջապես»,-ասաց Արմո Սաֆարյանը:

Մինչ Գևորգ Սաֆարյանը տեսակցում էր ՄԻՊ գրասենյաի ներկայացուցիչների, ապա ընտանիքի անդամների հետ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ՄԻՊ գրասենյակի մոտ էր: Պահանջում էր պաշտպան Թաթոյանից 24 ժամ անցկացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում, արձանագրել այնտեղի պահման պայմանները: Նա կոչ էր անում ՄԻ պաշտպանին լրագրողների հետ այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում քաղաքացիները պատժախցում: Ներկա լրագրողներս գրավոր դիմեցինք ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին միջնորդությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, արձանագրել այն պատժախցի պահման պայմանները, որտեղ գտնվել է Գևորգ Սաֆարյանը:    

ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գևորգ Սաֆարյանին ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները մի քանի անգամ են այցելել. «Այցելությունները կրել են չհայտարարված բնույթ, դա է պատճառը, որ լրատվամիջոցներն էլ չեն իմացել, քանի որ չենք կարող հայտարարել, որ չհայտարարված այց ենք կատարելու: Այցելությունները եղել են նաև ըստ անհրաժեշտության»:

Արմեն Մաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դրանց արդյունքներն ավարտելուն պես իրենք կհայտնեն հանրությանը ՄԻՊ դիրքորոշման մասին:

Վարդգես Գասպարին արձանագրեց, որ սա միայն Գևորգ Սաֆարյանի հարցը չէ. «Բոլոր կալանավորների մասին է խոսքը, բայց քաղբանտարկյալները իրավիճակի ինդիկատոր են, քանի որ երբ քաղբանտարկյալներն են հայտնվում բանտում, մենք տեղեկանում ենք իրավիճակին, բայց երբ շարքային քաղաքացին է հայտնվում, նրանք ահաբեկված են լինում, չեն բարձրաձայնում»:

Վարդգես Գասպարին նշեց, որ կալանավայրը գտնվում է քրեական աշխարհի հսկողության ներքո և ոչ թե արդարադատության նախարարության: Նրա կարծիքով, իշխանությունը ոչ միայն չի ընդդիմանում, այլև միահյուսված է քրեական աշխարհի հետ:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` հանրությանը հայտնի «Տոնածառի գործով»: Գևորգ Սաֆարյանին պատժախուց էին տեղափոխել հունիսի 30-ին այն բանից հետո, երբ հարց է բարձրացրել դատարանում «Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ, ինչից հետո ոստիկանության կողմից ՔԿՀ-ի ղեկավարությանը զեկուցվել է, թե Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter