
Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան
սկիզբը՝ Ճշմարտածնության էպիկենտրոնում
Մարդու, հասարակության եւ մոլորակային կյանքի ահռելի այս հյուսվածքում անցյալը այն հումքն է, որով ապագան ներկայի ձեռքով ասեղնագործում է իր հանքերի քարտեզը:
Հումքը դառնալով հիմք, զոհաբերելով իր էությունը` կորչում է ասեղնագործության ներկա հյուսվածքում' տեղ ազատելով ապագայից եկող հղիությանը: Ցանկացած հղիություն գալիս է ապագայից եւ իրագործվում է ներկայում, եթե անցյալի պոտենցիան, լոկալ ոչնչացում ապրելով, տեղ է ազատում ապագայից եկող ներհոսքի համար:
Ակտիվ պասսիվության եւ պասսիվ ակտիվության չափն այստեղ որոշիչ է ինքնահղիացման ակտի մեջ ստեղծագործաբար ներկան բացակա եւ բացական ներկա դարձնելիս:
Անցյալի ներկայությունն այժմ, այս պահին, բացակայություն դարձնելու միջոցով մենք մեր մեջ տեղ ենք ազատում ապագայի բացակայությունն այժմ ներկայության վերածելու համար: Անցյալի կուտակումները զոհաբերողն է իրական ներկայի ստեղծողը:
Այս զոհաբերությունն է ծնողը ազատության: Ազատությունը ծնվում է զոհաբերությունից, երբ զոհաբերությունն իր հերթին ծնվում է ազատության հղիությունից: Այս դիալեկտիկան մետամորֆոզի էությունն է եւ զարգացման իմաստը:
Զոհաբերությունը ժխտում չէ: Դա կուտակված հարստության որակական տրանսֆորմացիայի ակտ է, որում ինվոլյուցիան անցնում է էվոլյուցիայի, եւ հակառակը:
Ցանկացած հարստություն պետք է տրանսֆորմացիա ապրի: Ինքնանպատակ կուտակված հարստությունը տրանսֆորմացիա չապրելով' բերում է կործանման:
Սա տեղի է ունենում ինչպես նյութական, այնպես էլ հոգեւոր հարստության պարագայում, ինչպես անհատական, այնպես էլ ազգային, քաղաքակրթական մակարդակներում:
Կործանարար աղետները գալիս են հենց այդ նպատակով. կարծրացած կուտակումները քանդելով' տեղ ազատել ապագայից եկող ներհոսքին:
Հարստությունը ճիշտ չտնօրինողը ակամայից ենթակա է կուրացման: Ոչ թե ձեւավորվող եւ կայացող, այլ ձեւավորված եւ կայացած համակարգին գամված հայացքն է հղի կուրությամբ:
Տեսնելու ֆունկցիան ենթադրում է ներխուժում շարժման մեջ: Ենթադրում է էության բացահայտում: Տեսնելն արդեն իսկ ճանաչել է նշանակում: Տեսնել նշանակում է շփվել, դիպչել իմաստին:
Բայց արդեն ներսից, քանզի իմաստը բացվում է ներսից: Ստանալով ընկալում դրսից' մենք այն ներծծում ենք իմաստով' ներսից: Դրսի եւ ներսի հանդիպման այդ վայրում ծնվում է իրականություն: Մեր միջոցով իր իմաստը վերագտած աշխարհը դառնում է իրական:
Դրա համար է աշխարհը զգայարանների միջոցով արտացոլվում մեր մեջ: Արտացոլվելով մեր մեջ' նա իր իմաստն է ուզում վերագտնել մեզնում: Աշխարհը ձգտում է ճանաչման:
Ճանաչման են ձգտում բոլորը, որովհետեւ ճանաչվելով է, որ դառնում են իրական: Սրա բարձրակետն է ինքնաճանաչողությունը, որում անհատն ինքն է դարձնում իրեն իրական:
Նա իրականացնում է իրեն: Ճանաչողությունն ինքնին ստեղծագործական պրոցես է, որովհետեւ դրանում աշխարհը շարունակում է ստեղծագործվել: Ճանաչողությունը արարչագործության շարունակությունն է:
Ինքնաճանաչողությունը ինքնաարարման նախադրյալն է: Ինքնաարարման մեջ մարդն ավելի ու ավելի իրական է դառնում: Ինքնաարարման առանցքն է ճշմարտածնության կամքը: Այդ առանցքի վրա սուբյեկտիվը դառնում է սուբյեկտիվ: Դուալիզմը հանվում է: Աշխարհը դառնում է Ես, Ես-ը' աշխարհ:
Աշխարհն արտահայտություն է: Ամեն բան ուզում է արտահայտվել, դրսեւորվել, իրագործվել մեզնում եւ մեր կողմից:
Արտահայտվել նշանակում է ազատվել ինչ-որ բանից, տեղ ազատել նոր կուտակումների համար:
Մենախոսությունը գոյանում է վերապրված կուտակումներից ազատվելու, արտահայտվելու, իրագործվելու, կարծես սեփական գոյության մեջ համոզվելու նպատակով: Այն ծնվում է մենության անտանելիությունից եւ ձգտում է երկխոսության:
Ուրիշի մեջ արտացոլվելու, ուրիշի մեջ արտահայտվելու, ուրիշի մեջ պարպվելու եւ ինքնահաստատման ձգտելու պարագան բերում է երկխոսության:
Զրույցն իր խորքերում չափազանց ինտիմ, նույնիսկ էրոտիկ հաղորդակցություն է, որն անցնելով ամենատարբեր ելեւէջներով ու նրբերանգներով' կարող է հասնել անգամ բռնության եւ բռնաբարության:
Զրույցի էությունը նյութափոխանակությունն է: Արտահայտությունն այսպիսով բերում է հաղորդակցության, հաղորդակցությունն էլ' նյութափոխանակության: Նյութափոխանակության ամենագռեհիկ ձեւն առեւտուրն է:
Սակայն այս ստորին օղակում եւս ինչ-որ բան ձեռք բերելու համար անհրաժեշտ է ինչ-որ բան տալ, զոհաբերել, ինչ-որ բանից ազատվել: Մի պահ աղքատանալով' հարստացնել ուրիշին, հաջորդ պահին հարստանալու համար, եւ այսպես շարունակ: Կապիտալի էությունը անընդհատ զոհաբերվելու մեջ է:
Ապրանքափոխանակության մեջ այն կատարում է արյան դերը: Ինքնանպատակ կուտակումների դեպքում այն բերում է մահացու խցանումների, որից փրկվելու միակ թերապիան դրսից եկող կործանարար հարվածներն են: Խցանումներից ազատվելու մեջ է կործանումների իմաստը:
Տիեզերական ահռելի այս նյութափոխանակության օրգանիզմի ֆունկցիոնալ իմաստը հասկացողն ու այն անհատապես մարմնավորողն է օրգանիզմի իմունիտետն արարողը:
Ստեղծագործական նյութափոխանակության կուլտուրան հասարակության այն թթվածինն է, որն արտաշնչում է թոքերի դեր կատարող մտավորականությունը զանազան խցանումներից գոյացող ածխաթթու գազը ներշնչելուց հետո:
Նյութափոխանակության կուլտուրան օրգանների գործունեության հարց է: Ազգային օրգանիզմի ֆունկցիոնալությունը սոցիալական մարմնի ճիշտ նյութափոխանակությամբ է երաշխավորվում:
Ամեն ինչ առողջ օրգանների հարց է: Կործանումներն ընկալողներ են պետք: Աղետներն ըմբռնման կարիք ունեն: Ստեղծարար եւ կործանարար ուժերի դիալեկտիկան ոչ թե պասսիվորեն դրսից ընդունող, այլ ակտիվորեն ներսից իրագործող, այսինքն' հոգեւորի բուն էության' ստեղծագործական մետամորֆոզի մեջ ապրող մարդն է, որ արարելով իրական ազատությունը' աստիճանաբար ազատվում է ճակատագրի պատճառահետեւանքային կապանքներից, արտաքին դետերմինիզմից եւ մտնում ինքնորոշման, ինքնաարարման նոր հնարավորությունների ոլորտը:
Առողջ օրգանների առկայությունը մարդուն եւ հասարակությանը հնարավորություն են ընձեռում հոգեւոր օրենքների ըմբռնման, դրանց անհատական արարման եւ իրագործման համար, որի կիզակետն է ճշմարտածնության կարողությունը, մարդու վեհության միակ վկայությունը:
Սրանով են հաղթահարվում փակուղիները, շրջափակումները, խցանումներն ու մեկուսացումները: Սրանով են հաղթահարվում մենությունն ու անհայտությունը: Ծայրամասից մենք ընկնում ենք էպիկենտրոն: Ճշմարտածնության էպիկենտրոն: Ժամանակները հասունանում են այդտեղ:
շարունակելի
«Ռուբիկոն» ամսագիր, 1/11/2007
Մեկնաբանել