HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարկել է շախմատիստների անհատական վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ նահանջ է գրանցել:

Արոնյանի ԷԼՈ-ի գործակիցը 10 միավորով նվազել է՝ 2809-ից դառնալով 2799, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը 4-րդ հորիզոնականից իջել է 5-րդ հորիզոնական: Աղյուսակում Արոնյանի հետընթացի պատճառը շվեյցարական Ժնև քաղաքում կայացած Գրան Պրի մրցաշարի երրորդ մրցափուլում ցուցադրած անհաջող ելույթներն են: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր՝ բաժանելով 10-14-րդ հորիզոնականները: Այնուամենայնիվ, 34-ամյա շախմատիտսը այս տարվա ընթացքում հաղթել է շախմատային երկու սուպերմրցաշարերում. ապրիլին` Բադեն-Բադենում կայացած «GRENKE Chess Classic»-ում, իսկ հունիսին՝ Ստավանգերի «Norway Chess» մրցաշարում:

Լավագույն հարյուրյակում, բացի Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս երկու գրոսմայստեր: Սերգեյ Մովսիսյանը 2677 վարկանիշային միավորով 69-րդ տեղում է, իսկ Վլադիմիր Հակոբյանը 2667 վարկանիշային միավորով հանգրվանել է 77-րդ հորիզոնականում: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը 2662 միավորով 86-րդն է: Շախմատի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Գաբրիել Սարգսյանը 2652 վարկանիշային միավորով 102-րդ տեղում է:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը արդեն մի քանի տարի է՝ անփոփոխ գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացին այս պահի դրությամբ իր անվան դիմաց ունի 2822 վարկանիշային միավոր: 2-րդ հորիզոնականում ամերիկացի Ուեսլի Սոն է (2810), իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2807):

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև ռուս Վլադիմիր Կրամնիկը (2803), ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը (2797), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2792), ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2789), ռուս Ալեքսանդր Գրիշչյուկը (2783) և հնդիկ Վիշվանաթան Անանդը (2783):

Լուսանկարը՝ Lennart Ootes-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter