HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակվել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը՝ հուլիս ամսվա դրությամբ: Հայաստանի հավաքականը առաջադիմել է մեկ հորիզոնականով և 73-րդից բարձրացել է 72-րդ հորիզոնական: Արթուր Պետրոսյանի թիմը, ինչպես և նախորդ ամիս, իր հաշվին ունի 480 վարկանիշային միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարը փոխվել է: Բրազիլիայի հավաքականը շրջանցել է նախորդ ամսվա առաջատար Գերմանային, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինայի ազգային հավաքականը: Նշված թիմերին լավագույն տասնյակում հաջորդում են Շվեյցարիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Չիլին, Կոլումբիան, Բելգիան և Ֆրանսիան:

Մեր հարևան երկրների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը գտնվում է 24-րդ հորիզոնականում: Թուրքիան 33-րդն է, իսկ Ադրբեջանը և Վրաստանը աղյուսակում զիջում են Հայաստանին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 79-րդ և 112-րդ հորիզոնականները:

Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի E խմբում Հայաստանի հավաքականի հետ ընդգգրկված թիմերից լավագույն արդյունքն ունի Լեհաստանը, որը, ինչպես արդեն նշվեց, հանգրվանել է 5-րդ հորիզոնականում, ինչը լավագույն արդյունքն է լեհական ֆուտբոլի համար: Մեր խմբի մյուս հավաքականներից Ռումինիան զբաղեցնում է 42-րդ, Դանիան` 46-րդ, Մոնտենեգրոն` 52-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանն ունի վատագույն ցուցանիշը՝ իր 105-րդ տեղով:

Ազգային հավաքականներից ամենամեծ ցատկը կատարել է Նամիբիան, որը 156-րդ հորիզոնականից բարձրացել է 136-րդ հորիզոնական, իսկ հակառակ դեպքում՝ ամենամեծ անկումն արձանագրվել է Կյուրասաոյի հավաքականի մոտ, որը 68-րդ տեղից իջել է 86-րդ տեղ:

ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 14-ին: