
Հայտարարություն
Ապրիլի 13-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում ՀՀ ոստիկանության աշխատակիցները, հարձակվելով Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցի մասնակիցների վրա, դարձյալ թիրախ են դարձրել լրագրողներին: Ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցներ Հայկ Գեւորգյանը եւ Ավետիս Բաբաջանյանը: Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանն անձամբ Հայկ Գեւորգյանի ձեռքից վերցրել է լուսանկարչական ապարատը: Հայկ Գեւորգյանը գտնվում է հիվանդանոցում: Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել նաեւ ռուսական «ԿՀՁ» հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանին` ջարդելով նրա տեսախցիկը: Այս ամենը թույլ են տալիս մեզ հայտարարել, որ իրավապահ մարմինները միտումնավոր խոչընդոտում են լրագրողների աշխատանքին` կիրառելով ֆիզիկական բռնության մեթոդներ:
Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ոտնձգությունները լրագրողների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել ինչպես ապրիլի 12-ի, այնպես էլ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների մասնագիտական պարտքը կատարելուն խոչընդոտողներին եւ վերականգնել լրատվամիջոցներին պատճառված նյութական վնասը:
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն
Մեկնաբանել