
«Զինված խմբի» անդամները չընդունեցին մեղադրանքները. Շիրխանյանը դրվագներից մեկն անգրագիտություն անվանեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական գործով մեղադրողներն այսօր վերջապես ավարտին հասցրին ամբաստանյալների վերաբերյալ մեղադրանքների ընթերցումը:
Դրանցից յուրաքանչյուրը շուրջ 30 րոպե էր տևում, և գրեթե ամբողջությամբ կրկնում նախորդին: Շուրջ 3 ժամվա ընթացքում 6 ամբաստանյալի վերաբերյալ մեղադրանքները լսելուց հետո դատարանը ճշտեց ամբաստանյալների դիրքորոշումները դրանց վերաբերյալ:
Հիշեցնենք, այս գործով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223, 235 և 35-300 հոդվածներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և իշխանությունը զավթելու նախապատրաստումը՝ բռնություն գործադրելու միջոցով կամ գործադրելու սպառնալիքով:
Արթուր Վարդանյանը, որը, ըստ մեղադրանքի, ստեղծել և ղեկավարել է խումբը, հայտարարեց, թե զենք-զինամթերքն իրենն է, բայց հանցավոր համագործակցություն չի եղել:
Ինչ վերաբերում է իշխանությունը զավթելու մեղադրանքին, Արթուր Վարդանյանը դա առհասարակ անտրամաբանական համարեց:
«Ես ինչո՞ւ պիտի զավթեմ իշխանությունը, եթե այն ինձ է պատկանում»,- ասաց Արթուր Վարդանյանը՝ նկատի ունենալով Սահմանադրության 2-րդ հոդվածը, որը շարադրված է այսպես. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Ամբաստանյալ Անտոն Դիկրան Թոթոնջյանը, որն ըստ մեղադրանքի` ֆինանսավորել է խմբին, ևս չընդունեց մեղադրանքը:
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի:
«Ես ոչ միայն մեղադրանքի հետ կապ չունեմ, այլ նաև ամաչեցի. ո՞նց կարելի է РПК-ով ( Ручной пулемёт Калашникова) ինքնաթիռ խոցել. անգրագիտությունը պետք է սահման ունենա»,- ասաց Վահան Շիրխանյանը:
Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է իր քաղաքական գործունեության համար, որն ուղղված է եղել կոռուպցիայի և այլ հանգամանքների դեմ:
«Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ և չեմ համարում, որ առհասարակ հանցավոր կա. ապշում և զարմանում եմ, թե ոնց են այս երիտասարդ երեխաներին բերել ու փաթաթել այս ծանր մեղադրանքները»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:
«Զվարճալի կլիներ, եթե ճակատագրական չլիներ»,- անդրադառնալով մեղադրանքներին՝ ասաց ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը:
Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ մեղադրանքն իրեն հասկանալի է, բայց ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:
«Այստեղ շատերը պատերազմի մասնակից են, պարո՛ն Բեկթաշյան, դուք էլ եք պատերազմի մասնակից: Այն ժամանակ մենք բոլորս գիտեինք՝ ինչի համար ենք գնում և ուր ենք գնում: Հիմա, երբ նայում եմ էս էրեխեքին, ուղղակի զարմանում եմ. ո՞նց են Ազգային անվտանգության մարմինները փչած գործ սարքել, իբր էս էրեխեքը պիտի գնային իշխանություն գրավեին»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ ինքը, 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի վրա զինված հարձակման ժամանակ հարազատ անձինք կորցրած լինելով, երբեք թույլ չէր տա, որ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացվի:
Նշենք, որ այսօր դատական նիստը շուրջ 30 րոպե ուշ սկսվեց, քանի որ Առաքելյանը գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վերջինս առողջական խնդիրներ ուներ: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա իրեն լավ է զգում:
Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանն, ըստ մեղադրանքի, առաջարկել է «Զվարթնոց» օդանավակայանի մոտ գտնվող իր տան տարածքից խոցել նախագահի ինքնաթիռը:
Վերջինս դատարանին հայտնեց, որ ոչ միայն մեղադրանքը չի ընդունում, այլ առհասարակ խմբի անդամներին դատարանում է տեսել:
«Չեմ ճանաչել այս խմբից ոչ մեկին. նրանց դատարանում եմ ճանաչել: Ես` որպես կռվող տղա, իմ ազգի համար եմ դուրս եկել, այլ ոչ թե ազգիս դեմ: Մենք երեք եղբայրներով կռվել ենք, երկուսս վիրավորվել ենք, մեկն՝ անհայտ կորել: Նույնիսկ իմ կինն է հղի վիճակում, զենքը ձեռքին իմ հետ կռվել: Եթե ինձ դրա համար են դատում, խնդրեմ»,- ասաց Արցախյան պատերազմի մասնակից Սարիբեկյանը:
Անդրադառնալով իր վերաբերյալ մեղադրանքի այն դրվագին, թե իբր ինքն առաջարկել է իր տան տարածքից խոցել նախագահի ինքնաթիռը՝ Սարիբեկյանը նշեց, որ իր տնից շատ հեռու է օդանավակայանի այն հատվածը, որտեղից իբր պիտի խոցվեր ինքնաթիռը:
«Ես այդքան հիմար չեմ, որ իմ տան մոտից խփեմ ինքնաթիռը, կամ ինչո՞ւ պիտի խոցեի, կամ, առհասարակ, որտե՞ղ է այն РПК-ն, որով պիտի խոցեի: Թող բերեն, ցույց տան»,- ասաց Սարիբեկյանը:
Ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը կարծիք հայտնեց, թե գործը պետք է վաղուց կարճված լիներ: Մենք խոսում ենք 200 հոգու, 300 հոգու մասին, բայց 20 հոգով այստեղ նստած ենք»,-ասաց Բոյաջյանը:
«Բա ի՞նչ ես էդքան գրել, ապո՛ւշ»,- տեղից արձագանքեց ամբաստանյալ Նելլի Մինասյանը, ով ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբաստանյալների մեղադրանքներն ամբողջությամբ հիմնված են Տիգրան Բոյաջյանի ցուցմունքների վրա:
Մեղադրանքը չընդունեցին նաև ամբաստանյալներ Ավետիս Բերբերյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Արա Պողոսյանը, Արկադի Մարդոյանը, Նելլի Մինասյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը:
Դատարանն այսօր սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի` նախ կլսեն այս գործից անջատված մասով ամբաստանյալներին, ապա վկաներին, հետո կապացուցվեն գործում առկա փաստաթղթերը, որից հետո դատարանը կլսի ամբաստանյալներին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել