HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Նազիկ Արմենակյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանն է։

Նազիկ Արմենակյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Որ ասում եմ Արմենակյան ազգանունը, շատ բաներ են առաջ գալիս, բայց դրա մասին հետո կխոսենք։ Նազիկ Արմենակյանը շատ լարված, պատասխանատու, անհանգիստ մարդ է։ Վերջերս` նաեւ էմոցիոնալ։ Միջանկյալ մի տարիքի մեջ է, սկսել է վերանայել անցած ամեն բան․ միշտ մտածել է, որ ինքը լուսանկարիչ է, բայց հիմա սկսել է մտածել, որ կին է։ 

Անհետաքրքիր մարդ չի։ Ճանաչողները պետք է շատ լավ իմանան իրեն, որ ընդունեն, սիրեն. արտասահմանցու պես է։ Ինքնության խնդիր չունի։ Հետաքրքիր ազգանուն ունի, եւ մեծ պատմություն կա այդ ազգանվան հետ կապված. ինքը հպարտանում է դրանով՝ նոր է սկսել հասկանալ դրա կարեւորությունը։ Քառասուն տարեկանից հետո մտածեց իր մասին ինչ-որ բան նկարել, եւ այդ «ինչ-որ» բանը կամաց-կամաց հավաքվում է իր ընտանիքի պատմության շուրջը։

Բացահայտումների մեջ է՝ մարդիկ, երկիր։ Մի քիչ ավելի սառն է դարձել, ավելի հեշտ է մարդկանց հետ հաղորդակցվում, բայց չի նշանակում, թե թեթեւ է տանում հարաբերությունը։ Ինձ թվում է՝ մասնագիտությունն իրեն շատ է օգնել, որ որպես մարդ ինքն ինչ-որ ձեւով կայանա։ Կին, մայր, լուսանկարիչ, վավերագրող լուսանկարիչ, հիմա էլ մտածում է, որ ֆոտոժուռնալիստիկան իրեն չի հերիքում, ուզում է ուրիշ ձեւ նկարել։ Անընդհատ փնտրտուքների մեջ է, էլի, չի հանգստանում, Անուշ։

Աշխատող մեխանիզմ է։ Շատ ընկերներ չունի Նազիկը։ Մարդկանց սիրում է, բայց չի վստահում... Բայց սիրում է։ Էլ ի՞նչ ասեմ Նազիկի մասին․ ինտուիտիվ մարդ է էլի՝ իր մտածումներով, իր շարժումներով։ Չի անում էնպես, ոնց պետք է արվեր. սա դեռ վաղ տարիքից։ Ի՞նչ ասեմ էլ, Անուշ։ Տե՛ս է՝ ամաչկոտ աղջիկ եմ։ Առաջ ինքը շատ ուժեղ կարմրելու հատկություն ուներ, հիմա անցել է։

Ընտանիքի երկրորդ զավակն է՝ անցանկալի երկրորդ աղջիկը, բայց լավ հարաբերություններ է ունեցել ընտանիքի բոլոր անդամների հետ։ Անսպասելիորեն արվեստի ճյուղով զբաղվող, որ էդպես պիտի չլիներ։ Թվում է՝ շատ հավասարակշռված, հանգիստ, հանդարտ մարդ է, բայց անսպասելիությունը միշտ կա մեջը։ Եվ այդ անսպասելին միանգամից չի արտահայտվում, էլի լավ մտածված գործողություններ են։ Երբեմն շատ երկար է որոշումներ ընդունում, բայց գործում է։

Տասնինը տարեկանում սիրում էր Երեւանի կտուրներով ման գալ։ Ռոք երաժշտություն, իմպրեսիոնիզմ, էքզիստենցիալիզմ․ մի տեսակ ամեն ինչ վերջից է սկսել․ դասականի փոխարեն՝ ավանգարդ, Լեդ Զեփելինի փոխարեն՝ Նիրվանա, Լեոնարդո Դա Վինչիի փոխարեն՝ Վան Գոգ, Դյումայի փոխարեն՝ դպրոցում սկսեց Հեսսե ու Ռեմբո կարդալ։ Ու Նազիկի կյանքը շուռ եկավ։ Ծնողներն անհանգստանում էին, հետո հասկացան, որ ինչքան անհանգստությունը մեծանա, Նազիկն այնքան շատ բան կանի, դրա համար հանգիստ թողեցին իրեն․․․(փռշտոց, դադար):

Քո մասին դժվա՞ր ես խոսում։

Նայած՝ ով է հարց տվողը։ Եվ նաեւ միջավայրից է շատ բան կախված։ Կոնկրետ հիմա մտածում եմ սկսել մի նախագիծ, որը վերաբերում էի ինձ, իմ ընտանիքին։ Ինձ հարց տվեցի վերջերս՝ ինչի՞ց է, որ միշտ հեշտ է դուրս գալ տնից, գնալ ուրիշի տան դուռը ծեծել, խոսել, լուսանկարել, ստանալ այն, ինչ ուզում եմ, բայց երբեք դա չանել ինքդ քեզ հետ, քո վերաբերյալ։ Հիմա կա այդ պատմությունը, իմ պատմությունը։ Ու դա ինձ համար ամենադժվարն է թվում. ես՝ իմ մասին։ Երեւի հարցի պատասխանը չէր․․․

Ինչո՞ւ։ Կարծում եմ՝ հենց պատասխանն էր։

Ուղղակի պետք է հասունանաս, ստեղծագործողն անցնում է փուլերի միջով (երբեք այս բառն իմ մասին խոսելիս չեմ գործածում, չգիտեմ՝ ինչի ասեցի)։ Հիմա ես այն փուլում եմ, որ շատ մտածված պետք է անեմ ամեն բան։ Ոչ թե շատ նկարեմ ու դրանից ընտրեմ, ոչ թե շատ խոսեմ, հետո հասկանամ՝ ինչ էր, այլ հակառակը՝ վերջից գամ։ Հասկանամ՝ ինչին եմ ուզում անդրադառնալ, մտածեմ, հատիկ-հատիկ հավաքեմ ու անեմ։

Մինչեւ այս պահը, երբ նայում եմ անցածս ճանապարհը, հասկանում եմ՝ շատ ինտուիտիվ եմ գործել։ Շատ բաների եմ բախվել։ Երբ արդեն փորձառություն ունես, ինչ-որ բաների միջով անցել ես, մտածում ես այլ կերպ գործելու մասին։

Քեզ որպես վկա տեսնու՞մզգու՞մ ես։

Մեկ-մեկ ինձ զոհ էլ եմ զգում։ Կան բաներ, որոնց ազդեցությունը տրավմատիկ է։ Ես երկու տեսակի ազդեցություններն էլ՝ լավն էլ, վատն էլ, նույն կերպ եմ ընդունում։ Այսինքն` շատ ուժեղ հաջողությունների ժամանակ էլի ծանր եմ տանում, երկար է տեւում դրանից ազատվելու ընթացքը։ Վերջերս լուրջ մտածելու առիթ է սա տվել․ եթե նյութերը, մարդիկ խոցելի են, դու կրկնակի խոցելի ես դառնում, որովհետեւ նախ այդ ամենը պետք է ապրես իրենց հետ, հետո էլ առանց վնասելու պետք է վերարտադրես ուրիշի ապրումը, որ դու ապրեցիր իր հետ։

Դեպքեր կան, որ սարսափելի դժվար են։ Չեմ կարող ասել՝ արեցի, անցա առաջ, հիմա հաջորդը։ Երբ նայում եմ լուսանկարներ, որոնք արել եմ, զարմանում եմ, թե ոնց եմ մտել իրավիճակի մեջ։ Եվ քանի որ իմ նախագծերը երկարաժամկետ են («Վերապրածներ» նախագիծը տեւել է 10 տարի),ազդեցությունն էլ նույն կերպ երկար է տեւում։

Կա մի լուսանկար, որը պարբերաբար թարմացնում ես քո էջում. տանդ խոհանոցն ես նկարում հաճախ։

Իմ խոհանոցը միջանցքից դուրս եկող առաջին տեսարանն է։ Առավոտյան առաջին իմ պատկերը։ Կտավի պես է. պատուհանը շատ մեծ է, տեսարանը միշտ փոփոխվում է, թանգարանի էֆեկտ ունի։ Տարբեր ժամերի ուժեղ տրամադրություններ հաղորդող պատուհան է։

Մի ժամանակ շատ վաղ էի արթնանում ու հետեւում էի, թե լույսը տան մեջ ինչպես է շարժվում, ինչ ձայներ կան։ Սեղան կա խոհանոցում, սկսեցի այդտեղ աշխատել։ Դարձավ իմ տարածքը։ Ինքը փոփոխվող է. անձրեւը, կարկուտը, լվացքի փաթաթվելը, թռչունների տագնապալից պտույտները. մի հատված, որը տան հետ կապը հարազատացնում է։

Բայց տան իրերը, հատկապես մեր հայկական միջավայրում, շատ հաճախ փոխում են իրենց նշանակությունը. հաց ուտելու սեղանը կարող է վերափոխվել դիակը պահելու պատվանդանի։ Նման տրանսֆորմացիաները ինձ վրա կարող են լուրջ եւ երկարատեւ ազդեցություն ունենալ։

Ապրելու հարմարությունը․․․

Ապրելու՞․․․ Երեւի հավասարակշռության մասին պետք է խոսեմ։ Ինքդ քո, արտաքին միջավայրի հարաբերության եւ դրանից եկող հավասարակշռության մասին։

Հաճախ զարգացումներին զուգահեռ կա արտահայտությունը՝ մի քիչ թեթեւանամ ու կանեմ այսինչ բանը։ Երբեմն հեշտ է, երբեմն` ծայրահեղ ծանր։ Բաներ կան, որ շրջադարձային կերպով կարող են փոխել այդ ապրելը կամ ապրումը։ Եթե, օրինակ, հարազատ մեկը մահացել է, ապրելը փոխվում է։ Հիմա նաեւ հաղթահարումների ընթացք կարող եմ անվանել ապրելը։ Տղաս բանակում է. այս երկու տարվա փորձառությունն ինձ հեշտ չի տրվում, էնպես է, որ հասկանում ես՝ քեզնից մի մասնիկ շատ հեռու է, չգիտես՝ ինչ վիճակում։ 

Ես շատ տեղ եմ բացել իմ մեջ այլ մարդկանց պատմությունները պահելու ու մտածելու համար, ընտանիքների, մարդկանց պատմությունները, բայց երբ ամեն բան քեզ է վերաբերում, հասկանում ես, որ ոչինչ անել չես կարող, դու այդ նույն ընտանիքն ես՝ քո խնդիրներով, քո հոգեվիճակով։ Ու․․․Ինձ համար Հայաստանում ապրելը դժվարանում է։

Ինչու՞։

Այստեղ շատ խնդիրներ եմ տեսնում, որոնք անընդհատ են։ Տարիներ շարունակ մտածել եմ, որ կփոխվի, կփոխվի։ Բայց տեսնում եմ մարդկային նույն պատմությունները, նույն իրավիճակները, որոնք չեն փոխվում։ Տեսնում եմ, որ մարդիկ չեն «ապրում»։ Եթե պատերազմական գոտի է, ու ողջ ես մնում, դա՞ է ապրելը։

Անընդհատ նկատում եմ, որ լավ տրամադրություն չկա, փոփոխություններ չկան, նույնիսկ ժամանակն է սկսել հակառակ մեզ աշխատել, քամիներն են հակառակ փչում։ Ոնց որ ամեն բանի ուղղությունը փոխված լինի... Չգիտեմ։ Հայաստանն ինձ միշտ հետաքրքիր է եղել, ես չեմ մտածել, որ գնամ, օրինակ, Աֆրիկայում նկարեմ։ Վավերագրումն ինձ համար կարեւոր բան է, բայց հիմա զգում եմ, որ էլ չեմ կարողանում տեսնել մարդկանց դժվարությունները, խեղդվում եմ լսելու պահին։

Եվ հետո հասկանում եմ, որ երեք, չորս, տասը տարի առաջվա լուսանկարն արդեն լրիվ ուրիշ կերպ է ընկալվում։ Այն չունի նախնական զգացական մակարդակի հաղորդիչը. արդեն փաստ է, վավերագրություն։ Ինչքան էլ լուսանկարիչն իր անկյունն է մտցնում, իր կոմպոզիցան, բայց լուսանկարը հաղորդում է իրականությունը. որ ինչ-որ բան եղել է այս օրը, այս ժամին, այս տեղում։

Այդ տեղն ու իրականությունը հետո կարող են եւ  չլինել։

Գուցե տեղը չլինի, բայց լուսանկարն ասում է՝ եղել է։ Եվ նույնիսկ ասում է՝ լուսանկարիչն է այդ պահին եղել։ Դրա մեջ շատ մեծ ուժ կա։ Ու երբ վերանայում ես արխիվդ, որտեղից ես սկսել՝ սոցիալականը, մարդկանց իրավունքները, իրավիճակները... Մեկ էլ գնում ես նորից դրան, հասկանում ես, որ տասնամյակ է անցել, բայց բան չի փոխվել, նույն խնդիրները կան՝ ավելի սրված։

Ինձ հարցնում են՝ ինչու՞ «լավ», «ուրախ» բաներ չես նկարում։ Ես չգիտեմ։ Տխուր-ուրախ բան գոյություն չունի. ես նկարում եմ այն, ինչ ինձ հուզում է։ Հնարավոր է՝ սա էգոիստական մոտեցում է, բայց իսկապես չեմ կարող ուղղակի նկարել, ուղղակի ֆիքսել։

Անփոփոխ այդ տասնամյակը կամ իրավիճակային ազդեցությունները վախեր ձեւավորե՞լ են։

Վախե՞ր... Ես վախկոտ մարդ չեմ։ Չեմ վախենում, բայց հիմա, օրինակ, տղաս սահմանին է, մտածում եմ։ Զգում եմ, որ տագնապ կա մեջս, բայց փորձում եմ ցրել, որովհետեւ նման վախերն ուղղակի կարող են քայքայել, ոչնչի տանել։ Ես ռիսկի մարդ եմ։ Այն, ինչ անհաղթահարելի է թվում, սիրում եմ փորձել։

Ինչ-որ բան դժվարացնու՞մ ես քեզ համար։

Հա, կան այդպիսի բաներ։ Տարիներին զուգահեռ միանգամից փոխելը դժվար է դառնում՝ միջավայրը, երկիրը, հարաբերությունները։ Վերջերս շատ եմ սկսել գնահատել մարդկային հարաբերությունները, չնայած միշտ զգույշ եմ եղել, բայց հատակապես հիմա մի տեսակ ավելի շատ, որովհետեւ փխրուն են այդ հարաբերությունները։ Մարդիկ ասում են՝ կյանքը դժվարացել է, ուղղակի...Ինչի՞ մասին էինք խոսում։

Դժվարություններ ստեղծելու․․․

Հա՜, դժվարություններս իմ մեջ եմ սեղմում, չեմ ուզում ուրիշիներին տանջել դրանցով։ Շատ ժամանակ նման դեպքերում ծանր հետքեր եմ կրում։ Սադիստական բան կա դրա մեջ, բայց երբ քո ներսով ես առաջ գնում, վերադառնում ես սկզբիդ, շատ ավել բազմաշերտ ես լինում, ուժեղ, բայց մաքրված, շատ բաներ էլ արդեն արժեզրկված են ներկայանում։

Շատ տեսնելը խանգարու՞մ է։

Ես չգիտեմ՝ չտեսնելը ինչ է։ Մեկ-մեկ նույնիսկ ֆիլմեր նայելիս լուսանկարներ եմ տեսնում։ Անընդհատ է տեսնելը՝ լույսը, ձայնը։ Տեսնելը զգալու պահն է. միջավայրի ազդեցությունն արտաքին պատկերի վրա։

Երբ կադրը ֆիքսում ես, շարունակությունը մնում է մի այլ տեղ։

Պահեր կան, որ հիմա չեմ ֆիքսում. ուզում եմ ապրել։ Դա ինձ ավելի կարեւոր է թվում։ Հիմա չեմ մտածում՝ վա՜խ, ի՜նչ ֆոտո բաց թողեցի։ Երեւի երբեք չի էլ եղել այդպես։ Լուսանկարչության մեջ, իհարկե, կա պահի գործոնը․ երբ իրավիճակը փոխվում է, հասունանում է, գալիս է մի կետի, լավ է, որ զգոն ես լինում, շոշափում, բռնում ես այդ կետը։ Անընդհատ մտածում ես, փորձում ես հետեւել անընդհատ, նայել տարբեր անկյուններից։

Ի՞նչ ես գրում։

Մի ժամանակ` պոեզիա։ Հիմա՝ մեկ-մեկ։ Չեմ էլ կարող ասել՝ պոեզիա է։ Օգնող բան է։ Միշտ էլ կար գրելու մղումը, բայց երբեմն ստացվում է՝ կազմակերպված մտքեր են գալիս։

Լուսանկարչական տեքստի մասին էլ եմ շատ մտածում՝ զուտ ինֆորմացիոն տեքստ չի. ունի այդ կոմպոնենտը, բայց ավելի խորն է։

Արմենակյան ազգանվան մասին։

Արմենակյանն ազգանուն է, բայց անուն։ Մի ազգանուն, որը, ինչքան ես հիմա գիտեմ, հայրս է փոխել իր պապիկի անունով։ Հիմա դրա շուրջ եմ աշխատում։ Ասեցի, որ ուրիշների պատմություններն եմ միշտ նկարում, հիմա փորձում եմ իմ ազգանվան պատմությունը «նկարել»։

Արմենակն ապրում էր Իրանում. իմ հետաքրքրությունը դեպի այդ երկիր շատ մեծ է։ Այս տարի այնտեղ էի, գտա իր գերեզմանը։ Հատիկ-հատիկ բացում եմ այդ շղթան։ Հիմա մտածում եմ՝ ոնց կարող եմ հիշողությունը «նկարել»։ Ու գրում եմ դրա մասին՝ մտածելով՝ գուցե գրելն օգնի, որ հասկանամ՝ ոնց կարող եմ լուսանկարել։

Սա առաջվա իմ փորձին նման չի․ էստեղ հակառակ պրոցեսն է՝ նյութը լրիվ պետք է բացվի, որ հասկանամ` ինչ եմ նկարելու։

Ասում են՝ դու քեզ միշտ գցում ես դժվար իրավիճակների մեջ, հատու՞կ ես անում։ Չգիտեմ։ Ոչ թե հատուկ, այլ երեւի նրա համար, որ լուսանկարիչ լինել չի նշանակում անընդհատ լուսանկարել։ Էստեղ մտածելը շատ կարեւոր է․ ինչքան աճում եմ, զգում եմ, որ մտածումն ավելի շատ է, քան բուն գործողությունը՝ լուսանկարելը։

Եթե հանկարծ դադարես լուսանկարել։

Չեմ մտածել դրա մասին։ Եղել է, որ հիասթափություն ապրեմ, դժվար պահեր են եղել, բայց, որ դադարեմ... Չի լինի էդպիսի բան։ Կնկարեմ։

Ի նկատի ունեմ՝ շատ մտածես ու չնկարես։

Իրականում գրելու մասին էլ եմ մտածում՝ լուսանկարչության ազդեցության, մարդկանց հետ աշխատելու, փոխհարաբերությունների։ Ժամանակ կգա, որ կուզեմ դատարկվել։ Դրա պատճառով սկսեցի շատ կարդալ՝ Զոնթագ, Բարտ, Բենիամին։

Այսինքն, երբ դու ինտելեկտուալ լուսանկարչության շեմին ես, չես կարող լինել ուղղակի կատարող լուսանկարիչ։ Այն, ինչ ես անում էի տասնհինգ տարի առաջ, լուսանկար արտադրելն էր, ամեն օր ապարատն իմ անբաժանելի մասն էր, հիմա էդպես չի, հիմա չեմ ուզում։

Տեղ, որտեղ որ դու կաս եւ տեղ, որտեղ կուզեիր լինել։

Ես մեջտեղում եմ։ Այդ զգացողությունն ինձ հետ է միշտ. չեմ կարող բացատրել՝ դա ինչ տեղ է։ Երբեմն ինձ հոգնեցնում է այդ տեղում լինելը, ուզում եմ մի քիչ այս կողմ գնալ, կամ մի քիչ այն... Նույնիսկ ընտանիքի դեպքում՝ ես չեմ եղել առաջին երեխան եւ չեմ եղել սպասված տղան։ Այսինքն` եղել եմ առաջինի եւ սպասվածի մեջտեղում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter